«Կադրերն են որոշում ամեն ինչ»․ Ի. Ստալին
Հեղափոխության առաջին օրերից սկսած՝ շատ-շատերը մեր Նիկոլին հորդորում էին կադրերի ընտրության հարցում լինել չափազանց ուշադիր: Եվ խոսքը ոչ այնքան երկրի կառավարման բարձրագույն պաշտոններին նշանակվելիք կադրերին էր վերաբերում: Այստեղ ամեն բան պարզ էր, քանզի պիտի նշանակվեին միայն Նիկոլի հետ «քայլած ու քայլող» ամենավստահելիները («Հեղափոխությո՜ւն, Շուռա՛»,- կասեր Միխաիլ Սամուիլովիչը): Կադրերի ընտրության հորդորն ավելի շատ միջին և ցածր օղակներում՝ վարչություններում ու տեսչություններում, մարզպետարաններում, քաղաքապետարաններում, թաղապետարաններում և նման այլևայլ կառույցներում ղեկավար պաշտոնների նշանակվելիք և Նիկոլի կամ նրա մերձավոր շրջապատի հետ «նկար քաշված» ու ազնիվ ու անբասիր աշխատելու երդում տվածներին էր վերաբերում:
«Քայլածների և նկարվածների» մեջ, ինչ խոսք, կան մարդիկ, ովքեր իրենց տեղերում են, գործ են անում, և ժողովուրդը դա տեսնում և գնահատում է: Սակայն, ցավոք, շատ-շատ են այնպիսիները, ովքեր իրենց պաշտոնեական գործառույթներից խաբար չեն, կոմպետենտ կամ մտահասու չեն: Սրանք մարդիկ են, ովքեր, ձեռքներին ունենալով պաշտոն զբաղեցնելու անհրաժեշտ բոլոր ատրիբուտները՝ կրթական լավ-լավ վկայականներ, քավորասանիկային բարձր հովանի, հարգված քեռիներ կամ պապա և այլ անհրաժեշտություններ, անգամ նախկինների օրոք որևէ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ պաշտոնի չեն նշանակվել… Ինչ-ինչ, բայց Սերժի կադրային քաղաքականությունում մտահասությունը գոնե որոշակի նշանակություն ուներ:
Այսօր դրությունն այլ է, և կադրային քաղաքականությունն էլ վարվում է «ցանկացած խոհարարուհի կարող է պետություն ղեկավարել» բոլշևիկյան կործանարար տրամաբանությամբ: Բարմենն ու մատուցողը, դիջեյը, շոումենն ու ծաղրածուն վատ մասնագիտություններ չեն, սակայն երբ ծաղրածուի, մետրդոտելի կամ խոհարարուհու մտածելակերպի, առավել ևս՝ հոգեբանության տեր մարդիկ թեկուզ միջին կամ ցածր դասի ղեկավար պաշտոնների են նշանակվում, մենք ունենում ենք ԱՂԵՏ: Սրանցից յուրաքանչյուրը, իր մեջ ունենալով «հայի դրախտի» իր հասկացած պատկերը, մեծ ճիգերով ու նվիրումով, կյանքի գնով ամեն բան անելու է այն իրականություն դարձնելու համար: Ցավոք, «հայի դրախտի» սրանց երազները մեծ մասամբ զվարճանքների ու զբոսանքների, ժամանակակից, «ցիվիլ» երաժշտության ու գլամուրի, հյուրանոցային ու ռեստորանային բիզնեսների, համեղ ուտեստների ու դրանց մատուցման ձևերի, տոնածառների, զարդարանքների, կարճ ասած՝ նյութի, ձևի ու ձևականությունների աշխարհներին են վերաբերում և որևէ առնչություն չունեն հայի, անգամ մարդու ապագայի հետ:
Այս պատկերը գնալով ավելի ու ավելի է ընդգծվելու, ու վերահաս աղետն էլ շուտով ավելի շոշափելի է դառնալու: