Տորենտ կայքերում հայտնվել է Photoshop CC ֆոտոխմբագրի անօրինական տարբերակը՝ հաղորդում է Fstoppers-ը: Ծրագիրը կոտրելու համար ցանցահեններից պահանջվել է երկու օր. Photoshop CC-ն թողարկվել էր հունիսի 17-ին, իսկ դրա անօրինական պատճենը հրապարակվել էր հունիսի 19-ին:
Photoshop CC ապօրինի ներբեռնած օգտատերերը նշել են, որ ծրագիրն աշխատում է: Չի հաղորդվում, թե նրանց ինչպես է հաջողվել խաբել ծրագրում ներկառուցված պաշտպանության մեխանիզմը:
Հայտնի է, որ Photoshop CC ներդնելու համար անհրաժեշտ է միացնել համացանցը՝ արտոնագիրը ստուգելու համար: Այն բանից հետո, երբ ստուգումն իրականացվում է, ծրագիրը կարելի է օգտագործել offline ռեժիմով: 30 օր անց, սակայն, պետք է կրկին հասանելի լինել համացանցին՝ ստուգելու համար:
Photoshop CC-ն Adobe «ամպային» ծառայության՝ Creative Cloud-ի մի մասն է: Creative Cloud փաթեթի ծրագրերը «մեկանգամյա օգտագործման համար չեն», ինչպես նախկինում էր, այլ բաժանորդագրմամբ: 2012թ. թողարկված Photoshop CS6-ի համար օգտատերը կարող էր 699 դոլարով գնել մշտական արտոնագիր, իսկ Photoshop CC-ն ամսական արժե 20 դոլար:



