Այսօր հանրապետության տարածքում ձևավորված 19 քննակենտրոններում 2457 դիմորդ քննություն է հանձնում ՛՛հայոց պատմություն՛՛ և 1302 դիմորդ ՛՛քիմիա՛՛ առարկաներից: Սա միասնական քննությունների առաջին փուլի վերջին քննական օրն է: Երևանի թիվ 170 ավագ դպրոցում ձևավորված քննակենտրոնում ՛՛հայոց պատմության՛՛ քննությանը ներկայացել է 235 դիմորդներից 211-ը, 24-ը բացակայում են:
Ռեինա Գևորգյանը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիմորդ է, ՛՛հայոց լեզվից և գրականությունից՛՛ 18,25 է ստացել, ՛՛անգլերենից՛՛`19,5: Ասում է, որ քննությունների ընթացքից գոհ է և նմանատիպ գնահատական էլ այսօրվա քննությունից է ակնկալում: Ռեինան նշում է, որ թեստերը դժվար չեն, եթե շտեմարանները լավ սերտել ես: Մարիամ Վարդանյանն էլ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դիմորդ է: Քննությունների ընթացքից գոհ է, նախորդ երկու քննություններից`՛՛հայոց լեզվից և գրականությունից՛՛ 19,5, իսկ ՛՛անգլերենից՛՛`20 է ստացել: Չնայած բարձր գնահատականներին`ասում է, որ կրկնուսույցի մոտ ընդամենը 6 ամիս է պարապել: ՛՛Ինձ թվում է, որ այսօրվա քննությունը հեշտ կլինի: Նախորդ երկու քննություններն էլ ավելի հեշտ էին, քան մտածում էինք՛՛,- ասում է նա: Քննակենտրոն էր այցելել նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով նախ հարցուփորձ արեց դիմորդներին, թե գոհ են արդյոք քննությունների ընթացքից, ապա պատասխանեց նաև ծնողների հարցերին(մանրամասները տեսանյութում): Աշոտյանն ասում է, որ միասնական քննությունների առաջին փուլն ավարտում ենք հաջողությամբ: ՛՛Հաջողությունը պայմանավորում եմ այս գործընթացի դրական և բարձր հանրային ընկալումներով, բացասական լրահոսի, խոսակցությունների չնչին տոկոսով և մեր երեխաների ցուցաբերած բարձր առաջադիմությամբ,- ասում է Աշոտյանը:- Իհարկե, այս մեդալը երկրորդ երես էլ ունի, որովհետև շատ են բարձր գնահատականները, հատկապես հումանիտար առարկաներից ունենք չափից շատ բարձր գնահատականներ, դա նշանակում է, որ մրցույթը մի շարք մասնագիտություններով թեժ է լինելու և անցողիկ միավորները բարձրանալու են, հատկապես անվճար ուսուցման համար՛՛: Աշոտյանի խոսքով`թեստերի հեղինակները հիմա էլ այլ ծայրահեղության մեջ են ընկել և քննական առաջադրանքների զգալի մասը ավելի հեշտ են, քան կարող էին լինել, մինչդեռ չափից ավելի բարդ և չափից ավելի հեշտ թեստերը խոչընդոտում են գործընթացը: ԿԳ նախարարը նշեց,ո ր հաջորդ տարվա համար ԳԹԿ հետ աշխատելու են շտեմարանների բազան ավելացնելու ուղղությամբ. ՛՛Առաջադրանքների քանակը պետք է ավելանա, որպեսզի անգիր անելու հավանականությունն նվազի, երկրորդը`թեստերի կառուցվածքում կլինեն փոփոխություններ, որոնք կդժվարացնեն առանց հասկանալու ճիշտ պատասխանը որոնելու և գտնելու հնարավորությունը՛՛: Հուլիսի 15-ին բուհերը կամփոփեն արդյունենքերը և կփակցնեն ընդունվածների ցուցակները: Նախորդ տարվա պես որևէ տեղ չընդունված, բայց դրական միավորներ ստացած դիմորդները կկարողանան լրացուցիչ դիմել առկա թափուր տեղերի համար: ՛՛Այս հնարավորությունը վերաբերելու է բացառապես թափուր տեղերի առկայությամբ մասնագիտություններին և ֆակուլտետներին: Այսինքն, եթե թափուր տեղի խնդիր չլինի և մրցույթն ավարտված լինի, լրացուցիչ տեղեր չեն հատկացվի՛՛,- ասում է Աշոտյանը`հավելելով, որ արդեն իսկ ակնհայտ է, որ նման մասնագիտություններ են լինելու, օրինակ, իրավագիտությունը, միջազգային հարաբերությունները, տնտեսագիտական ողջ բլոկը ԵՊՀ-ում և ԵՊՏՀ-ում, ԵՊԲՀ բոլոր մասնագիտությունները: Աշոտյանի խոսքով`ոչ թե բոլոր դիմորդները կընդունվեն, այլ բոլոր դրական գնահատական ստացած դիմորդները ընդունվելու հնարավորություն կունենան: