2019 թ․-ի փետրվարի 1-ից ապրիլի 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ուշադրության կենտրոնում է եղել իրավական թեմաների լուսաբանումն առցանց մամուլում։ Մշտադիտարկվել է 34 առաջատար կայք։ Դրանք ընտրվել են միջազգային անալիտիկ ծրագրերի միջոցով։
Նյութերի համար ընտրվել է 3 կատեգորիա՝ լուր, վերլուծություն, կարծիք։
Բացի այդ՝ նյութերը սեգմենտավորվել են նաև որպես բացասական, դրական, չեզոք։
Բացասական են այն հոդվածները, որոնք չեն պարունակում իրավական հիմնավորումներ և բազմակողմանի լուսաբանված չեն, դրական են իրավական հիմնավորում պարունակող նյութերը, չեզոք են բազմակողմանի լուսաբանվածները, ինֆորմացիոն լուր պարունակող և որևէ կողմին նախապատվություն չտվող հոդվածները։
Ուշադրություն է դարձվել այն թեմաներին, որոնք ունեցել են հասարակական հնչեղություն կամ քաղաքական գործընթացների մաս են կազմել։
Նշված ժամանակահատվածում մշտադիտարկվել է 29518 հոդված։ Գրաֆիկով (տե՛ս Գր. 1) ներկայացված է ընտրված կատեգորիաների և սեգմենտների արդյունքների համադրմամբ ստացված պատկերը։ Գրաֆիկը ներկայացնում է X և Y կոորդինատային առանցք, որտեղ հորիզոնական կոորդինատը սեգմենտն է (դրական/ բացասական/չեզոք), իսկ ուղղահայացը՝ կատեգորիան (լուր/վերլուծություն/ կարծիք)։ Հաշվարկների ընթացքում դրական և վերլուծություն տարբերակիչները նշվել են «+» նշանով, բացասականը և կարծիքը «-» նշանով, չեզոքն ու լուրը` 0 թվանշանով։
Մշտադիտարկման արդյունքներից կարելի է եզրակացնել, որ այս եռամսյակում աղմկահարույց և հասարակական քննարկման առարկա դարձած քրեական և քաղաքացիական գործերը հիմնականում փոխկապակցված են քաղաքականության ու քաղաքական դեմքերի հետ։ Նախկին իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ երկրորդ նախագահի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում, և Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ են համարում։ Ռոբերտ Քոչարյանի տղայի դեմ էլ կա ներկայացված դատական հայց, իր հերթին Սեդրակ Քոչարյանն էլ է հայց ներկայացրել ԱԱԾ-ի դեմ։ Ստացվում է, որ պատասխան են տալիս երկու կողմերն էլ։
Բավականին հետաքրքրական իրավիճակ է ստեղծել Մանվել Գրիգորյանի գործով։ Ըստ լրատվականների՝ Մանվել Գրիգորյանին ստորագրությամբ բաց թողնելուց հետո Նիկոլ Փաշինյանը տեղի տվեց հասարակական ճնշմանը, և Մանվել Գրիգորյանը կրկին հայտնվեց ՔԿՀ-ում։ Մասնագետները և ընտանիքի անդամները պնդում են, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծանր է, բայց դատարանը պարբերաբար մերժում է խափանման միջոցը փոխելու փաստաբանների հայցերը, բայց այդ նույն ընթացքում տարբեր գործերով քննության տակ գտնվող անձինք ազատ են արձակվում։ Այս ամենը չի վրիպում լրատվամիջոցների ուշադրությունից՝ առաջացնելո
Վերջին շրջանում ակտիվացել են քննարկումները գեներալներ Միքայել Հարությունյանի և Միհրան Պողոսյանի շուրջ։ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է և այդքանով իսկ ապահովագրված է, իսկ Միհրան Պողոսյանը ձերբակալված է, և քննարկումներ են ընթանում նրան Հայաստան տեղափոխելու հարցով։ Միհրան Պողոսյանի ձերբակալությանը զուգահեռ Ֆեյսբուքում սկսեցին հիշել Արթուր Վանեցյանի հեռախոսացրույցները ՀՔԾ պետ Սասուն Խաչատյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանց մեղադրում են դատավորների նկատմամբ ճնշում կիրառելու մեջ։
Եթե վերը նշված դեպքերը կապված են նախկին իշխանությունների հետ, ապա ներկայացվելիք մնացած գործերը ներկա իշխանության ներքին խնդիրների մասին են խոսում։ Կոռուպցիան արմատախիլ անելու խոստումներով իշխանության եկած քաղաքական ուժն այս պահին կոռուպցիոն սկանդալների կիզակետում է։ Նախարար Թորոսյանը դիմում էր ներկայացրել ընդդեմ ՊՎԾ-ի։ Այդ դիմումի համաձայն՝ ձերբակալվել էր (ՊՎԾ) գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը։ Այնուհետև այս գործի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավվեց նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ով չի ընդունում մեղքը։ Ըստ լրատվականների՝ Սամվել Ադյանն ազատ է արձակվել հենց Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տալու համար։
Կոռուպցիոն սկանդալը թևակոխեց նաև առողջապահության նախարարություն և ձերբակալվեց փոխնախարար Արսեն Դավթյանը։ Նա ևս մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կոռուպցիոն մեխանիզմների իրականացնելու մեջ։ Մամուլում տարօրինակ են համարում, որ նախարար Արսեն Թորոսյանն այդ կոռուպցիոն մեխանիզմից տեղյակ չի եղել։
Գրաֆիկից երևում է, որ իրավական թեմաների լուսաբանումն անմխիթար վիճակում է, և դեռևս դրական տեղաշարժ չկա։ Չնայած պետք է փաստել, որ մշտադիտարկման առաջին ամսվա և երրորդ ամսվա միջև կա մեծ տարբերություն, և լրատվականներն ավելի շատ են հղում տալիս օրենքին և փաստարկված հոդվածներ են ներկայացնում։
Ստացվում է, որ նախկին և ներկա իշխանություններն այս պահին կոռուպցիոն սկանդալների և քրեական գործերի կիզակետում են։ Այս քրեական գործերի շրջանակում չեն կարող բոլոր կողմերը ճիշտ լինել, եթե կա յուրացման մասին հաղորդում, ապա կա՛մ յուրացնող է եղել, կա՛մ սուտ մատնություն։
ՀԳ. «Մեդիա Պաշտպան»-ը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել իրադարձությունները, մասնավորապես, խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն ու կողմնակալ մոտեցումներ կարժանանան կոշտ գնահատականի։