«Գեներալների հեղինակած օրինագծի պատճառով երկու ամբողջական օր խորհրդարանում անցկացրած, հալումաշ եղած Սամվել Ալեքսանյանը նախորդ օրը հուշիկ եկավ-նստեց լրագրողների կողքին՝ բազմոցի ծայրին ու համեստորեն լռեց։ Դեմքի այնպիսի արտահայտություն ուներ, իբր ինքն ինքը չէ, լրագրողներից մեկն է, մենակ թողնեն հանգիստ նստի։ Քիչ հետո որտեղից-որտեղ մի նեթբուք գտավ, դրեց գիրկը, իբր ինքն էլ է աշխատում, ու նույն անհաղորդ-աղաչական դեմքով՝ մենակ հարց չտաք, դահլիճում շոգ– անհետաքրքիր է, թողեք ձեր կողքը նստեմ։ Խիստ օպերատիվ հարցերին անցանք, ինքը լուռ՝ մնաց տխուր նստած»,– գրում է թերթը և ներկայացնում պատգամավորի հետ ծավալված հարցուպատասխանը։ Ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Փակ շուկան ապամոնտաժելու առիթո՞վ եք այդպես թախծոտ դարձել։ Էլի պաս պահո՞ւմ եք։ Արտակ Ալեքսանյանին ե՞րբ են նշանակելու թաղապետ,

Ապարանից որ ընտրվեք, էլ ապարանցիները չե՞ն գալու Բանգլադեշում քվեարկեն։ Ոչ մի հարցի չի պատասխանում։ Քանի՞ երեխա ունեք։ Էս հարցի վրա աշխուժացավ. «Յոթը, երեքն էլ ունենալու եմ»։ Բա պահելը դժվար չէ՞, հազիվ էիք յոթին պահում, հետո էլ էդքան պաշտոն Բանգլադեշում չկա, որ ձեր տասին, քրոջ, եղբոր երեխաներին տեղավորեք։ Էն Խաչիկ Մանուկյանն էլ ձու չի՞ ուղարկում էրեխեքի համար, մի ժամանակ օգնում էր, կարողանում էիք յոլա գնալ։ «Հիմա մեկն ըլնի՝ Խաչիկին ձու ուղարկի»,– հրճվանքով ասաց։ Մի ուրախացեք, ինքն էլ երևի ուրախացել է Ձեր՝ շուկայի ապամոնտաժման վրա, բիզնեսի կանոնն է այդպիսին։ Քիչ-քիչ ավելի աշխուժացավ, բացվեց, սկսեց բողոքել Շողերինայից՝ կնոջից. «Փող չի տալիս, լավ չի նայում ինձ»։

Ասում են՝ շատ խիստ «բիզնես– վումըն» է. աշխատողները վախենում են աչքերին նայեն, դողում են։ «Ես էլ եմ դողում»։

 Բա ո՞նց եք էլի երեք երեխա ունենալու։ «Վախենալով»։ Անցած տարի խոստացաք ժողովրդին Քոբուլեթի տանեք՝ չտարաք, Շողերի՞ց վախեցաք. էս տարի՞ ինչ եք անելու։ «Վախեցա, բայց տարա. Սևան տարա, էս տարի էլ եմ Սևան տանելու»։ Ճի՞շտ է, որ Արտակը դեռ քսանհինգտարեկան չկա, բայց թաղապետ եք ուզում դարձնեք։ «Ես կապ չունեմ էդ գործի հետ, Գրիշին գնա հարցրու, իր փեսան է»։ Իսկ ճի՞շտ է, որ Դուք եք Արտակին ու հարսնացուին համոզել, որ համաձայնեն՝ Գրիշը գա հարսանիքի. հարսնացուն՝ Գրիշի դուստրը, այնքան էլ չի ցանկացել, որ գա՝ հոր հետ էն չեն։ «Սաղ գիտես, խի՞ չես զագսում աշխատում»։ Բայց դե Արտակը շատ փոքր է թաղապետ դառնալու համար, թաղում էլ հոգսերը շատ–շատ են։ «Ինչի՞ ա փոքր, ես տասնհինգ տարեկանում պահեստապետ եմ աշխատել, ո՞նց էր, որ փոքր չէի»։ Ինչպիսի՞ դաժան մանկություն. հիմա էլ եք պահեստապետ, բայց արդեն Հայաստանի ու Երևանի, էն Օհանյան Դավիթին էլ լավ տեղավորեցիք առևտրի, սպասարկման, առողջապահության, զորակոչի՝ «լյավիկ» ոլորտներ է համակարգելու քաղաքապետարանում։ «Ես ոչ մեկի հետ ոչ մի կապ չունեմ, ես ոչ մեկին չեմ համակարգում. էսօր կարևոր, երկրապահի հարցով եմ եկել»,– ասաց ու իր հետևից եկած գեներալ Մանվելի օգնական Մեսրոպի հետ գնաց քվեարկության. գեներալները տեսել էին դահլիճում չէ, մարդ էին ուղարկել հետևից»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել