Թերթն իր խմբագրականում գրում է.

««Ներողություն, սիրելի վարչապետ և կառավարություն, դուք բյուջեի փողերը խիստ արդյունավետ եք օգտագործում, ոչ մի չարաշահում և ոչ մի «ատկատ» Հայաստանում չկա և չի կարող լինել, և Սատանան գիտի, թե որտեղից եմ ես իմ հրապարակւսծ փաստերը վերցրել՝ պարզապես ուղեղի մթագնում էր»,– այդպիսի բաց նամակով է դիմելու Իշխան Զաքարյանը Տիգրան Սարգսյանին։ «Ներեցեք մեզ, Հայաստանի հարգարժան հարկատուներ, որ 123 միլիոն դրամ եմ ծախսել երկու բիոզուգարանների վրա՝ դա անիմաստ շռայլություն էր, որը որևէ ձետվ արդարացված չէ մի երկրում, որտեղ 35 տոկոս աղքատություն կա։ Կներեր ինձ նաև, որ հինգ տարի Ձեզ գլուխ եմ տանում անիրատեսական ծրագրերով, մասնավորապես՝ Գյումրիի տեխնոպւսրկով»,– այդպիսի ուղերձով է դիմելու վարչապետը Հայաստանի քաղաքացիներին։ «Հավատավոր հայ ժողովուրդ, կներես ինձ, որ քավոր եմ դարձել Աշոտ Սուքիասյանի նման սրիկայի, որը չարաշահելով մեր մտերմությունը՝ ինձ վարկաբեկելու համար իմ անունով օֆշորում հաշիվ է բացել, կներես ինձ նաև, որ այդ հանցագործից թանկարժեք նվեր եմ վերցրել, ես այն պատրաստվում եմ վաճառել և այդ գումարով բարեգործական ճաշարան հիմնել»,– այդպես է դիմելու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հայ հավատացյալներին։

Հավատո՞ւմ եք, որ նման բան հնարավոր է։ Ես էլ չեմ հավատում։ Որովհետև մենք ընդհանրապես չենք հավատում ապաշխարանքի հզոր ուժին, վստահ ենք, որ թե մասնավոր կյանքում և թե աշխատանքում այնքան անթերի ենք գործում, որ բոլորը պետք է մեր ոտներն ընկնեն և շնորհակալություն հայտնեն։

«Բա դու գիտե՞ս, ես էս ժողովրդի համար ինչե՞ր եմ արել»՝ դա է մեր պաշտոնյաների, գործարարների և քաղաքական գործիչների մշտական կեցվածքը։ Այսինքն՝ այն «հերոսությունները», որոնք նրանք արել են, փոխհատուցում են իրենց «փոքրիկ չարաճճիություններ», որոնք նրանք բացատրում են միանգամայն ներելի մարդկային թուլություններով։ Ի դեպ, հենց այդ՝ «ազգի առաջ անգնահատելի ծառայություններով» են անգրագետ մարդիկ արդարացնում իրենց ներկայությունը խորհրդարանում։ Այնտեղ էլ են նրանք, պարզվում է, ազգիս համար տանջվում։

Բայց եկեք ավարտենք լավատեսական եղանակով։ Հանրապետական Աշոտ Պապայանը, որը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հարձակվել էր լրագրող Հակոբ Կարապետյանի վրա, երեկ վերջինից հրապարակավ ներողություն է խնդրել։ Չգիտեմ, վերջնական գնահատականը, կարծում եմ, պետք է Հակոբը տա, բայց ես կարծում եմ, որ դա բոլոր դեպքերում Պապայանի կողմից նորմալ, տղամարդկային և խրախուսելի արարք է՝ մարդը չի ուզում, որ իր վրա խուլիգանի խարան մնա։ Հերթը պատգամավոր Վարդան Այվազյանինն է, որը, անշուշտ, պետք է ներողություն խնդրի Գոհար Վեզիրյանից։ Բայց, ենթադրում եմ, դա երբեք չի անի, որովհետև խուլիգանի խարանը նրան չի վախեցնում։ Ըստ երևույթին, բազմաթիվ այլ խարաններ ունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել