Ափիոնային դեղամիջոցները տարեցտարի ավելի ու ավելի տարածված են դառնում՝ չնայած այն փաստին, որ դրանք կարող են կախվածություն առաջացնել և անգամ հանգեցնել մահվան: Այս դեղերի շարքին են դասվում մի շարք տարածված դեղամիջոցներ, որոնց ճնշող մեծամասնությունը ցավազրկող միջոցներ են:
Ափիոնային դեղամիջոցները, որոնք պարունակում են այնպիսի նյութեր, ինչպիսին են մորֆինը, կոդեինը, մեթադոնն ու սինթետիկ թմրանյութերը, կիրառվում են ծանր հիվանդների խնամքի ու սաստիկ ցավը մեղմելու համար: Սովորաբար դրանք նշանակվում են այն դեպքերում, երբ այլ դեղամիջոցները չեն մեղմում ցավը (օրինակ՝ վիրահատություններից հետո): Բացի այդ, մեթադոն ու բուպրենորֆին պարունակող ափիոնային դեղամիջոցները կիրառվում են նաև էլ ավելի լուրջ կախվածությունների բուժման համար (մասնավորապես՝ հերոինային կախվածության):
Այս շարքի բոլոր դեղամիջոցներին օրգանիզմը շուտով սովորում է: Ընդ որում, դրանց ընդունումն ուղեկցվում է հաճելի զգացողություններով, ինչը կարող է նաև հոգեբանական կախվածություն առաջացնել թմրանույթերից: Այս դեղամիջոցների չափաբաժնի ավելացումը կարող է հանգեցնել սրտի զարկերի ու շնչառության դադաղման, ինչը կարող է մահացու լինել: Բացի այդ, լուրջ հետևանքների կարող է հանգեցնել նաև դրանց համատեղումն ալկոհոլի կամ հանգստացնող այլ միջոցների հետ:
Վիճակագրությունը ցույց է տվել, որ տարեցտարի մարդիկ ավելի ու ավելի շատ են սկսում կիրառել ափիոնային դեղամիջոցներ քրոնիկ ցավերից ազատվելու համար, սակայն դրանք առաջացնում են լուրջ կախվածություն, ինչը վնասում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությանը: Միայն Մեծ Բրիտանիայում վերջին 10 տարում ափիոնային դեղամիջոցների կիրառման համար դուրս գրված դեղատոմսերի թիվն աճել է 60 տոկոսով՝ 14 միլոնից դառնալով 23 միլիոն, սակայն ամենավատ իրավիճակն ԱՄՆ-ում է, որտեղ այս նյութերից կախվածություն ունեցողների թիվը չորս անգամ գերազանցում է Մեծ Բրիտանիայի ցուցանիշները:
Լուրջ խնդիրներ է առաջացնում նաև այն փաստը, որ ափիոնային որոշ դեղամիջոցների ազդեցությունը բավական թույլ է և դրանք կարելի է գնել առանց դեղատոմսի, ինչի հետևանքով տասնամյակի ընթացքում դրանց ընդունման հետևանքով մահվան դեպքերի թիվը կրկնակի աճել է:
Նյութի աղբյուրը՝ med2.ru



