Գյուղի միջով մարդիկ էին գնում: Նրանք հարևան շրջանից փախչում էին ժանտախտի համաճարակից: Շատերը հյուծված էին և ողորմություն էին խնդրում, բայց գյուղի բնակիչները ծխահարում էին իրենց տներն ու ամուր փակում էին դարպասներն ու փեղկերը: Միայն մի գյուղացի չդիմացավ: Նա իր ամբարից մի քանի պարկ ալյուր բերեց և կնոջը հրամայեց.
-Հաց թխիր: Չեմ կարողանում հանգիստ նայել այս դժբախտությանը, գոնե ինչ-որ մի բանով օգնեմ: Կինն սկսեց հաց թխել, իսկ գյուղացին տաք բոքոնները ձեռքին դուրս էր գալիս ու բաժանում էր սովյալներին: Մի ծերունի դրա դիմաց մի փոքրիկ պարկ տվեց նրան և ասաց.
-Վերցրու՛, բարի՛ մարդ: Ես տնից ինձ հետ վերցրել եմ այս պարկը, բայց իմ ընտանիքը զոհվել է, և սա ինձ այլևս պետք չէ:
Ծերունին վերցրեց հացը, լաց եղավ ու շարունակեց իր ճանապարհը: Գյուղացին վախենում էր վարակվելուց և պարկը շպրտեց ցախանոցի անկյունը:
Փախստականների հոսքը հսկայական էր, և շուտով գյուղացու ալյուրը վերջացավ: Այդ ժամանակ նա գնաց ջրաղաց և աղաց իր պահուստավորած ալյուրը, որը պահել էր ցանելու համար որպես սերմացու:
- Դու խելագարվել ես, բա հետո ինչպե՞ս ես ապրելու,- ասում էին նրան հարևանները:
- Ես տուն ունեմ և իմ ընտանիքը, իսկ այս դժբախտները ոչինչ չունեն: Կաղոթենք Աստծուն՝ նա մեզ ուտելիք և օգնություն կուղարկի, - պատասխանում էր գյուղացին: Բայց նա ձմռանը հաց թխելիս ստիպված էր լինում կեսը խոտ լցնել:
Մի անգամ նրա կինը ցախատանը հավաքելիս անկյունում ինչ-որ փոքրիկ պարկ գտավ:
- Նայիր,- ամուսնուն ցույց տալով, բացականչեց նա,- սրա մեջ ինչ-որ քարեր են:
- Սա ինձ մի ծերունի տվեց հացի դիմաց: Ախր սրանք թանկարժեք քարեր են,- բացականչեց գյուղացին:
Գյուղացին ցորեն գնեց, նոր ձի և գյուղի բոլոր աղքատներին օգնեց:
Այն հարցին, թե նրանց որտեղից հարստություն բաժին ընկավ, գյուղացու կինը պատասխանում էր.
- Բարի մարդուն երկինքն էլ է օգնում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/smbatsarkavag/posts/497235493678259
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել