Operativ.am-ը գրում է․

ԱՄՆ-ն`որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, լուրջ է վերաբերվում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում իր պատասխանատվությանը և հավատարիմ է խաղաղ ճանապարհով խնդրի լուծման հարցում կողմերին աջակցելու ձգտմանը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջորջ Քենթը:

«ԱՄՆ-ն լուրջ է վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր պատասխանատվությանը: Մենք ուրախ ենք, որ հանդիպումներ են կայացել առաջնորդների և ԱԳ նախարարների մակարդակով: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շփման գծում լարվածության թուլացման մասին: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպմանը Մոսկվայում բավարար համաձայնություններ են ձեռք բերվել», - լրագրողներին ասել է Քենթը:

Անդրադառնալով արտգործնախարարների հաջորդ հանդիպման անցկացմանն ԱՄՆ-ում՝ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է. «Ինչ վերաբերում է հաջորդ հանդիպմանը, չեմ կարող ասել, որ տեղը որոշել ենք: Սակայն վստահ եղեք, որ ԱՄՆ-ն լուրջ է վերաբերվում իր պարտականություններին: Մենք ցանկանում ենք աջակցել գործընթացին, որը կբերի հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ուիլյամ Գիլը հայտնել էր, որ ԱՄՆ-ն կարող է ապագայում ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Վաշինգտոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել