Իրանական FARS գործակալությունն անդրադարձել է Հայաստան գազի արտահանման հարցին:
Վկայակոչելով Իրանի Ազգային գազի ընկերության զեկույցը՝ գործակալությունը գրում է. «2007-2012 թվականների ընթացքում իրանական գազի արտահանումը Հայաստան գերազանցել է 1.5 մլրդ խորանարդ մետրը»: Ավելի կոնկրետ՝ գազատարի շահագործման 6 տարիների ընթացքում, ըստ իրանական ընկերության, Հայաստան է առաքվել 1 միլիարդ 558 միլիոն խ/մ գազ: Դրա դիմաց, հիշեցնենք, Հայայստանը վճարում է էլեկտրաէներգիայով՝ 1խ/մ-ի դիմաց 3կՎ/ժամ արժեքով:
Բայց ամենից ուշագրավը իրանական գործակալության հաղորդագրության մեջ այն է, որ, ըստ Հայաստանին գազ մատակարարող իրանական ընկերության զեկույցի, 2012թ-ին Իրանը մեր երկիր 481 մլն խ/մ գազ է արտահանել:
Հիշեցնենք, հունիսի 8-ին, գազի սակագնի վերանայման շուրջ ՀԾԿՀ-ի նիստում հրապարկվեց, որ Հայաստանն Իրանից 350 մլն. խ/մ գազ է ստացել: Այսինքն, իրանական եւ տեղական աղբյուրների տվյալներում շուրջ 130 մլն խ/մ-ի տարբերություն կա:
Իրանական աղբյուրը նաեւ հիշեցնում է, որ Հայայստանի կառավարության հետ դեռեւս 2004թ-ին ստորագրված պայմանագրի համաձայն, 2007-2027թթ-ին Իրանը Հայաստան պետք է առաքի 36 մլն խ/մ գազ: Սահմանված ժամկետի 1/3-ն արդեն անցել է, բայց Հայաստանն այդ ընթացքում նախատեսված ծավալի միայն մի չնչին մասն է ներմուծել:
Մինչդեռ, պայմանագրով նախատեսված է նաեւ մատակարարման ժամկետի երկարաձգում եւս 5 տարով, պայմանով, որ գազի ներմուծման ծավալները այդ դեպքում 36 մլն խ/մ-ից կհասցվեն մինչեւ 47 մլրդ -ի: