Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի նախկին տեղակալ Անդրեյ Վտյուրինը ձերբակալվել է ԱԴԾ-ի և Ռուսաստանի պահպանության դաշնության ծառայության հետ համագործակցելու համար: Այդ մասին հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով բելառուսական ուժային կառույցների աղբյուրը:
«Անդրեյ Վտյուրինը ձերբակալվել է ռուսական ԱԴԾ-ին և ՊԴԾ-ին ինֆորմացիայի բազմաթիվ արտահոսքի համար: Նա սովորական իմաստով լրտես չէ, նա կապերը ժառանգել է «անցյալից»: Նա ռուսաստանցի է, սովորել է, աշխատել և ընկերություն արել ռուսական հատուկ ծառայությունների գործընկերների հետ:
Մի իրավիճակում, երբ Մոսկվայի և Մինսկի միջև մեծ կոնֆլիկտ է հասունանում, Լուկաշենկոյի մոտ շրջապատի մարդու համար նման վարքագիծն անընդունելի է: Այս պատճառով էլ նա հեռացվել է »,- պատմել է Բելառուսի ուժային կառույցների աղբյուրը: Մեկ այլ աղբյուրի հավաստմամբ՝ վերջին 25 տարիների ընթացքում Վտյուրինը եղել է Լուկաշենկոյի ամենամտերիմ շրջապատից և մուտք է ունեցել Բելառուսի առաջնորդի ընտանիք: Մայիսի 1-ին Մինսկը հրապարակել է Լուկաշենկոյի ապրիլի 24-ի հրամանագիրը, որով նա Վյուրինին ազատել է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից` «զինծառայողի կոչումը վարկաբեկող գործողություններ կատարելու» համար:
Նշվում է, որ Վտյուրինը բելառուսական լրագրողների կողմից բազմիցս ընդգրկվել է Բելառուսի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում: Մինչև 2014 թ.-ին Անվտանգության խորհուրդ անցնելը նա 7 տարի ղեկավարել է հանրապետության նախագահի Անվտանգության ծառայությունը, որտեղ նա հայտնվել է 1995-ին, այսինքն՝ Լուկաշենկոյի նախագահության սկզբից մեկ տարի անց: