Շատերն են օդանավակայանում նախատեսվածից շատ ժամանակ անցկացրել։ Ոմանց մոտ հետաձգվել է թռիչքը, ոմանք էլ ուղղակի ուշացել են իրենց ինքնաթիռից և ստիպված սպասել են հաջորդին, սակայն կան մարդիկ, ում հանդեպ ճակատագիրը չար խաղ է խաղացել. նրանք ստիպված օդանավակայանում են մնացել ամիսներ կամ անգամ տասնամյակներ, իսկ ոմանք էլ մինչև հիմա շարունակում են ապրել այնտեղ։

Ձեզ ենք ներկայացնում մի քանի մարդկանց իրական պատմություններ, ովքեր Թոմ Հենքսի հերոսի նման բանտարկված են մնացել օդանավակայանում։

Մեհրան Նասսերի

Մեհրան Նասսերիի պատմությունը հիմք է հանդիսացել Սփիլբերգի «Տերմինալ» ֆիլմի համար։ Նասսերին Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում մնացել է 18 տարի՝ 1988 թվականի օգոստոսի 26-ից մինչև 2006 թվականի հուլիսը։

Մեհրանի իրական պատմությունը տարբերվում է հոլիվուդյան ֆիլմից։ 1977 թվականին կառավարության դեմ ընթացող ցույցերին մասնակցելու համար նրան արտաքսում են Իրանից։ Նասսերին սկսում է քաղաքական ապաստան խնդրել եվրոպական երկրներից։ Նրան ապաստան է տրամադրում Բելգիան, սակայն քանի որ Մեհրանի մայրը բրիտանացի էր, նա որոշում է տեղափոխվել Գլազգո։ Ճանապարհին նա կորցնում է իր բոլոր փաստաթղթերը և արդեն լոնդոնյան Հիթրոու օդանավակայանում անձնագրային վերահսկողությունն անցնելու ժամանակ նրան ուղարկում են հետ՝ Շառլ դը Գոլ օդանավակայան։

Ե՛վ Ֆրանսիան, և՛ Բելգիան Նասսերիին քաղաքացիություն են առաջարկում, սակայն նա հրաժարվում է ստորագրել փաստաթղթերը, քանի որ նրանց մեջ նշված էր, որ նա իրանցի է (նա ցանկանում էր, որպեսզի իրեն բրիտանացի ճանաչեն)։ 2006 թվականի հուլիսին հիվանդանոց տեղափոխելու համար 18 տարվա մեջ առաջին անգամ Նասսերիին հանեցին օդանավակայանից։ Հիվանդանոցից դուրս գալուց հետո նրան առաջարկեցին ապրել փախստականների համար նախատեսված փարիզյան հանրակացարանում։ Նա համաձայնվեց առաջարկին և մինչև հիմա ապրում է այնտեղ։

Դենիս Լուիս դե Սոուզա. օդանավակայան է մտել 16 տարեկանում և արդեն 19 տարի է՝ ապրում է այնտեղ

Շուրջ 20 տարի է՝ Դենիս Լուիս դե Սոուզան դուրս չի գալիս Սան Պաուլուի միջազգային օդանավակայանից, որտեղ նա ստիպված հայտնվել էր խորթ մոր հետ վիճելու պատճառով։ Նա երբեք չի ցանկացել հեռանալ Բրազիլիայից և իր «բնակավայրում» իրեն շատ լավ է զգում։ Ներկայումս Դենիսը 35 տարեկան է և դեռ շարունակում է ապրել օդանավակայանում։

Հասան ալ-Կոնտարը պատերազմելու փոխարեն նախընտրել է ապրել օդանավակայանում

Հասան ալ-Կոնտարն աշխատում էր Դուբայում, երբ 2011 թվականին Սիրիայում պատերազմ սկսվեց։ Իմանալով, որ եթե վերադառնա հայրենիք, պետք է մասնակցի պատերազմին, Կոնտարը մնում է ԱՄԷ-ում, սակայն 2018 թվականի մարտին նրան արտաքսում են Մալայզիա։ Կամբոջիայից, Մալայզիայից, Թուրքիայից և Էկվադորից մուտքի թույլտվություն չստանալով՝ նա հայտնվում է Կուալա-Լումպուրի օդանավակայանի տրանզիտային հատվածում։ 208 օրվա ընթացքում նա քնում էր աստիճանների տակ, լոգանք էր ընդունում հաշմանդամների համար նախատեսված զուգարանում և սնվում էր այլ ուղևորների նվիրատվությունների հաշվին։

Սիրիացու պատմությունը մեծ ուշադրության արժանացավ լրագրողների կողմից։ Հասանի վերաբնակեցումը կազմակերպել է կանադական Ուիսթլեր քաղաքի բնակչուհի Լորի Կուպերը։ Վերջինիս ջանքերի շնորհիվ Կոնտարը տեղափոխվել է Կանադա և ներկայումս ապրում է այնտեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել