Pastinfo.am-ը գրում է.

Գագիկ Ծառուկյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունը շահարկելով ևս մեկ անգամ սեփական չգոյության մասին հիշեցնելու բոլոր նման փորձերը անհաջողության են դատապարտված։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության դիմումին։

Հիշեցնենք, որ ՔՈ-ն ՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ներկայացրած իր դիմումում պահանջում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին զրկել մանդատից եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցել՝ հաշվի առնելով պատգամավորների ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը:
Տոնոյանը ՔՈ-ի հայտարարությունը որակեց հիմնազուրկ և ասաց, որ սա պարզապես սեփական գոյության մասին հիշենելու անհաջող փորձ է։
Նա նշեց, որ անգամ թեմային անդրադառնալու կարիք չկա, քանի որ Ծառուկյանը վաղուց ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում։
«Հատուկ ընկալունակության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար ևս մեկ անգամ հստակեցնեմ, որ 2002թ․-ից հավատարմագրային կառավարման են հանձնված բիզնեսները»,-ասաց Տոնոյանը։

ԲՀԿ պատգամավորից փորձեցինք ճշտել նաև, թե իրավապահ մարմինների կողմից «Առինջ մոլ»-ում և «Մուլտի գազ»-ում տեղի ունեցած ստուգումների արդյունքների մասին որևէ ինֆորմացիա ստացե՞լ են, նա հայտնեց, որ տեղեկատվության չի տիրապետում, բայց կարծում է, որ խախտումներ լինելու դեպքում համապատասխան մարմինները րոպե առաջ տեղեկատվություն կտրամադրեի լրատվամիջոցներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել