Azatutyun.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի ընտրյալ նախագահ Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին վերադարձնել ուկրաինական անձնագիրը:

«Արդարացի կլիներ, եթե ուկրաինական անձնագիրը վերադարձվեր մի մարդու, որը նախկինում վրացի էր, իսկ այժմ իրեն ուկրաինացի է համարում: Նկատի ունեմ Միխեիլ Սաակաշվիլիին», - Պուտինի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Սաակաշվիլին անօրինական կերպով է զրկվել ուկրաինական քաղաքացիությունից և անօրինականորեն է վտարվել Ուկրաինայի տարածքից», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

«Նրան հարկավոր է վերադարձնել և վերականգնել նրա խախտված իրավունքները: Դա վերաբերում է նաև Ուկրաինայի մի շարք այլ քաղաքացիներին, որոնք ստիպված էին լքել երկրի տարածքը և հեռանալ ավետյաց երկրներ` փրկվելով գործող ուկրաինական վարչակազմի հետապնդումներից», - ասել է Վլադիմիր Պուտինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել