Շնորհավորում եմ «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրինությանը և ողջ անձնակազմին կատարված բացառիկ վիրահատության կապակցությամբ: Օրգանների փոխպատվաստումն առողջապահության կարևոր ուղղություն է, որը պետք է զարգանա մեր երկրում, սակայն այս ուղղությունը պետք է հստակ իրավական կարգավորումներ ունենա, որպեսզի Հայաստանը չվերածվի օրգանների սև շուկայի, ուստի ես կտրականապես դեմ եմ, որ բոլոր մահացածների օրգաններն օգտագործվեն փոխպատվաստումների համար, քանի որ առկա է «պատահական» մահերի թվի աճի և հիվանդների «հարազատների պնդմամբ» էֆթանազիայի կիրառման մեծ ռիսկ:
Անհասկանալի է այս հարցի շուրջ նախարարի բազմոցը զբաղեցնող անձի հապճեպ և դիլետանտական դիրքորոշումը, ինչպես նաև ակնառու է միջազգային փորձի ուսումնասիրման պակասը:
Ցանկացած մարդ, ով համաձայն է, որ իր օրգաններն օգտագործվեն փոխպատվաստման համար (միանշանակ, ողջունելի է), պետք է հատուկ ձևաթուղթ լրացնի և համալրի դոնորների ազգային ռեեստրը, որը նույնպես անհրաժեշտ է ստեղծել և պահպանել բազմակողմանի հսկողության ներքո:
Չմոռանանք, որ մենք պատերազմող երկիր ենք, իսկ օրգանների վաճառքի բիզնեսը նման երկրներում շատ հեշտ է ծաղկում: