Այս գեղեցիկ և առեղծվածային երկիրը, որը գտնվում է Հնդկաստանի և Չինաստանի միջև, մինչ 1974 թվականը փակ է եղել զբոսաշրջիկների համար։ Այսօր Բութան կարող է այցելել ցանկացած մարդ, սակայն անհրաժեշտ է անցնել մի շարք ձևականություններ և ունենալ բավարար քանակությամբ գումար։ Չնայած երկրի սահմանները բաց են, այնուամենայնիվ, թագավորն անում է ամեն ինչ, որպեսզի երկիրը պաշտպանի զբոսաշրջիկների հոսքից։
Համացանցի և հեռուստատեսության բացակայություն
Մինչ 1999 թվականը Բութանում պաշտոնապես արգելված էին հեռուստատեսությունը և համացանցը։ Ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությունից երկրի մեկուսացումը դառնում էր անհնար, այդ պատճառով Բութանի արքան բնակիչներին թույլ տվեց օգտվել այդ բարիքներից։
Երջանկության նախարարություն
2008 թվականին երկրում ստեղծվել է Ազգային երջանկության ընդհանուր հանձնաժողով, որի նպատակն է յուրաքանչյուր բնակչի հոգևոր աշխարհի մասին հոգ տանելը։ Անգամ մարդահամարի ժամանակ հատուկ ուսումնասիրություն է կատարվում, որպեսզի պարզվի, թե որքան են երջանիկ երկրի բնակիչները։
Սակայն սա դեռ ամենը չէ։ Այստեղ գործում է նաև երջանկության նախարարություն, իսկ երջանկություն հասկացությունը ազգային քաղաքականության գլխավոր բաղադրիչներից մեկն է։
Անտուններ չկան
Բութանում փողոցում ապրող մարդիկ չկան։ Եթե մարդը զրկվել է իր բնակարանից, ապա ուղղակի հարկավոր է դիմել արքային, որն էլ նրան կտրամադրի հող՝ բնակարան կառուցելու և գյուղատնտեսությամբ զբաղվելու համար։
Անվճար առողջապահություն
Երկրի բնակիչներն անվճար բժշկական սպասարկման իրավունք ունեն։ Հետաքրքիր է, որ Բութանում գործում է ինչպես ավանդական, այնպես էլ դասական բժշկություն և հիվանդն ինքնուրույն կարող է ընտրել իր բուժման միջոցը։
Ծխելն արգելվում է
Բութանի արքան օրենք է ընդունել, որի համաձայն՝ երկրի տարածքում արգելվում է ծխախոտի մշակումը, հավաքումն ու տարածումը։ Ծխախոտ գնել այստեղ հնարավոր չէ։ Այն զբոսաշրջիկները, ովքեր կարողանում են ստանալ Բութան այցելելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, իրենց հետ ծխախոտ վերցնելու համար պետք է մեծ գումար վճարեն։
Հոգատար վերաբերմունք կենդանիների և բնության հանդեպ
Երկրում հոգ են տանում էկոլոգիայի և բնության մասին։ Մեծ ուշադրություն են դարձնում հատկապես ծառատունկին։ Իմիջիայլոց, 2015 թվականին Բութանում համաշխարհային ռեկորդ է սահմանվել․ մեկ ժամվա ընթացքում բնակիչները տնկել են 50 հազար ծառ։
Բարդ զբոսաշրջություն
Թեև թագավորը սահմանները բացել է զբոսաշրջիկների համար, այնուամենայնիվ, թույլ չի տալիս երկիրը լցնել նրանցով։ Բութան հնարավոր է գնալ միայն զբոսաշրջիկների խմբով։ Բոլոր փաստաթղթերով և վիզաներով զբաղվում է ընդամենը մեկ կազմակերպություն, որը նշանակված է պետության կողմից։ Երկիր մուտք գործելու թույլտվություն ստանալու համար հարկավոր է նախօրոք վճարել բոլոր ծախսերը (թռիչք, հյուրանոց, տուրօպերատորի ծառայություններ, գիդ, վիզա, ապահովագրություն և այլն):
Երկրում տեղափոխությունները հնարավոր են միայն տրանսֆերների միջոցով, որոնք կազմակերպում է տուրօպերատորը։ Երկրում չի թույլատրվում ինքնուրույն դուրս գալ և քայլել։ Բութանում մեկ օր անցկացնելու արժեքը սկսում է 250 դոլարից։