Գերմանիայում 27 տարի կոմայի մեջ մնացած կինը դուրս է եկել կոմայից։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

ԱՄԷ-ի բնակչուհի Մունիրա Աբդուլլան 1991 թվականին տեղի ունեցած պատահարի հետևանքով գանգ-ուղեղային վնասվածք էր ստացել։

Պատահարից հետո Մունիրային տեղափոխել էին հիվանդանոց, այնուհետև՝ Լոնդոն, որպեսզի որոշեն վնասվածքի վտանգավորության աստիճանը։ Բժիշկները նշել էին, որ կինը գտնվում է մինիմալ գիտակցության մեջ, որը շատ նման է կոմայի, որի պարագայում ցավի զգայարանները շարունակում են գործել։ Ավելի ուշ նրան վերադարձրել են ԱՄԷ, որտեղ մի քանի տարի նրան կերակրել են հատուկ սարքերի օգնությամբ և իրականացրել են ֆիզիոթերապիա։

2017 թվականին Աբու-Դաբիի արքայազն Մոհամմեդ բեն Զաիդը, իմանալով Աբդուլայի ընտանիքի մասին, որոշում է վճարել Գերմանիայում Մունիրայի բուժման ողջ գումարը։ Մեկ տարի անց Մունիրան սկսում է որոշ ձայներ հանել, իսկ մի քանի օր անց էլ արթնանում է և տալիս իր որդու անունը։

Ներկայումս կինը վերադարձել է Աբու-Դաբի և շարունակում է վերականգնվել։ Մկանների ապաճումը բուժելու համար նրան հարկավոր է ֆիզիոթերապիա։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել