Երբ մեկ տարի առաջ ձերբակալության կամ առավել վատ սցենարի էի սպասում, հավատ ունեի, որ ամեն բան լավ է լինելու: Հետդարձի ճանապարհ չկար, դրա կամուրջները վաղուց էի այրել: Եվ այրել էի գիտակցաբար ու հիմնահատակ:
Մնում էր մամուլում, սուցցանցերում և, իհարկե, փողոցում շարունակել պայքարը մինչև վերջ:
Միակ բանը, որ այդ օրերին դժվար էր պատկերացնել, այն էր, որ հաղթանակից հետո ժողովրդական հզոր և աննախադեպ ալիքի տված լիազորությունները մսխվելու էին, իսկական հեղափոխության հնարավորությունը վերածվելու էր ընդամենը մասնակի իշխանափոխության, իսկ գործադիր և օրենսդիր էին գալու հավակնոտ, հաճախ գեղեցկահունչ դիպլոմներով, բայց հիմնականում կիսագրագետ երիտասարդներ:
Որ մեկ տարի անց հետ նայելով ոչ թե զղջալու, այլ ափսոսելու էի ստացված արդյունքների համար` անհնար էր պատկերացնելը:
Հիմա նշում են Քաղաքացու օր, երբ քաղաքացին հիմնականում հիասթափված է, իսկ նրա արած գործը` հիմնականում ապականված:
Հեղափոխությունը, որ հսկա փոթորիկ էր և բացառիկ հնարավորություն` կտրուկ և վճռական հարվածներով երկիրը խելքի բերելու, ամլություն և անփոփոխություն ծնեց:
Լեռը մուկ ծնեց, և այս մեկ տարվա ամենաողբերգական բնորոշումը դա է: