Յուրաքանչյուրս մեր շրջապատում հանդիպում ենք մարդկանց, ովքեր ունեն մականուններ, ում կոչում են ոչ թե անձնագրային անվամբ, այլ նրան բնութագրող բառով, երբեմն էլ` բառակապակցությամբ: Կան մարդիկ, ովքեր այդ մականունը կրում են մանուկ հասակից, իսկ ոմանք էլ «կնքվում են» իրենց լսարանի, հանդիսատեսի, ընկերների կամ գործընկերների կողմից:
ArmStar.am-ը այսօր անդրադառնում է հայկական շոու բիզնեսի այն աստղերին, ովքեր ունեն մականուններ և բեմական անուններ:
Երբ երգչուհի Շպռոտը իր համարձակությամբ, արտիստիզմով ու գեղեցիկ ձայնով հայտնվեց մեր էկրաններին, մենք մեզ հարց տվեցինք. «Բայց ինչո՞ւ Շպռոտ»: Երգչուհու անձնագրային անուն-ազգանունն է Անի Թովմասյան: Իսկապես, ինչո՞վ է պայմանավորված երգչուհու նման մականունը կամ, այսպես ասած, բեմական անունը: Երգչուհին հարցազրույցներից մեկի ժամանակ պարզաբանել էր. «Ես այդ անունը վերցրի, որպեսզի հերթական Անին չլինեմ բեմում։ Եվ չսխալվեցի. անունս իմ փոխարեն հսկայական գործ արեց։ Իսկ պատճառն այն է, որ կյանքում շպրոտ չեմ կերել, ինձ դուր չէր գալիս դրա հոտը։ Իսկ այն ժամանակ, երբ մտորում էի կեղծանվանս շուրջ, հանկարծ սկսեցի շատ ուտել ձկան այդ տեսակը»։

Հետաքրքիր և իրեն բնորոշող մականուն ունի Արսեն Գրիգորյանը: Ի դեպ, բոլոր Արսեն Գրիգորյաններն էլ ունեն մականուններ, ինչը, թերևս, նրանց տարբերելու համար է: Շատ հաճախ Արսեն Գրիգորյան անունը հարց էր առաջացնում` ո՞ր Արսենը: Պատասխանը պետք է կոնկրետ լինի` խուճուճը, Ասոն, Մրոն, թե ռոմանտիկ Արսենը:
Ի դեպ, «խուճուճ» մականունը ստանալուն հավակնում էր նաև Հովհաննես Ազոյանը, սակայն շոումեն-դերասանը «աչքի ընկավ» իր մեկ այլ հատկությամբ: Նրան շատերը կոչում են «կոլոտ» Հովո: Թեև «Yere1» նախագծից հետո ոմանք նրան ճիշտ հակառակ անունը կպցրին` «Բոյով», ինչպես դերասանի կերպարին անվանում էին հումորային ծրագրում:

ՈՒՀԱ «Նոր հայեր» թիմի անդամ, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի համար իր անվան կրճատ տարբերակը դարձավ մականուն: Նրան քչերն են այսօր դիմում անունով, պարզապես անվանում են Մենչ:

Երաժիշտ, գործիքավորող Արա Թորոսյանը քչերին է հայտնի իր անուն ազգանունով: Նրան բոլորը ճանաչում են որպես Մուրզո կամ Մուրզիկ: Ի դեպ, նրան այդպես կոչել են այն բանի համար, որ փոքր տարիքում եղել է մանկական «Mурзилка» ամսագրի մեծ սիրահարը և մշտական ընթերցողը:

Շատերը շոու բիզնես մուտք գործելիս երկար մտորում են իրենց կեղծանվան և բեմական անվան մասին, որոշ դեպքերում այդ անունը ինքնաբերաբար է գալիս, ինչը եղավ նաև հաղորդավար, շոումեն Հրաչ Մուրադյանի հետ: Նա իր մականունը, հետագայում նաև բեմական անունը ստացել է ռուս իր ընկերներից: Քանի որ ռուսները այբուբենում չունեն Հ տառը և չէին կարողացել արտաբերել Հրաչի անունը, նրան անվանել էին Արչի:

Շարունակությունը՝ այստեղ



