Alternativ.am-ը գրում է.

Ապրիլի 19-ին տեղի ունեցավ CONIFA Sportsbet.io ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2019-ի մամուլի ասուլիսը, որտեղ կազմակերպչական հանձնաժողովի փոխնախագահ, Արցախի Հանրապետության Կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը եւ կազմակերպչական հանձնաժողովի անդամ, Արցախի Հանրապետության Կրթության, գիտության եւ սպորտի նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանը ներկայացրեցին Արցախում կայանալիք միջոցառման վերաբերյալ տեղեկություններ։

«Սա աննախադեպ իրադարձություն է Արցախի համար թե՛ որպես սպորտային, թե՛ որպես
միջազգային միջոցառում։ Արցախի Հանրապետությունը, լինելով ազգային եւ համամարդկային արժեքների կրող, կարեւորելով եւ ողջունելով ֆուտբոլի միջոցով բոլորին միավորելու եւ տարբեր ազգությունների միջեւ կամուրջներ ձգելու ԿՈՆԻՖԱ-ի նախաձեռնությունը, իր պատրաստակամությունն է հայտնել կազմակերպելու 2019-ի Եվրոպայի առաջնությունը»,- իր բացման խոսքում ասաց տիկին Աղաբալյանը։

Միջոցառումը նախադեպային է նաեւ ԿՈՆԻՖԱ-ի համար։ Առաջին անգամ կոնֆեդերացիայի առաջնությունների պատմության մեջ մրցաշարն անցկացվելու է 4՝ Ստեփանակերտի, Մարտունու, Մարտակերտի եւ Ասկերանի մարզադաշտերում։

«Սա կարեւոր է նաեւ նրանով, որ բոլոր գործողությունները միայն մայրաքաղաքում չենք
կենտրոնացրել, եւ սա մեզ համար բացառիկ հնարավորություն է ներկայացնելու Արցախը այնպիսին, ինչպիսին կա՝ իր պատմամշակութային ժառանգությամբ, բնությամբ եւ իհարկե ժողովրդով, որը միշտ բաց է բոլորի առաջ, ովքեր գալիս են բարի կամքով»,- հավելել է տկն Աղաբալյանը։

Այս ամենն իր մարմնավորումն է գտել CONIFA Sportsbet.io ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2019-ի միջոցառումների կոնցեպցիայում, որտեղ հանրահայտ «Տատիկ-պապիկ»-ի կողքին ներկայացված է «թոռնիկը», որը խորհրդանշում է այսօրվա Արցախը՝ ազատ, առանց կարծրատիպերի մտածող ու արարող եւ աշխարհին իր մասին պատմող Արցախը։ Միջոցառումն ացկացվում է «Բաց դռներ, ամուր դարպասներ»
կարգախոսի ներքո։

Անդրադառնալով Արցախի ֆուտբոլի հավաքականի մարզավիճակին՝ պրն Դանիելյանն ասաց, որ թիմը համալրված է միայն արցախցիներով։

«Արցախի հավաքականը սկսել է մարզումները, անցկացվում են ուսումնամարզական հավաքներ։ Արդեն ունեցել է 4 ընկերական հանդիպում Հայաստանի հավաքականի հետ։ Սպասելիքները շատ են, հույս ունենք, որ մեր հավաքականին կտեսնենք գոնե կիսաեզրափակիչում»,- ասաց պրն Դանիելյանը՝ հավելելով, որ առաջիկայում հավաքականը կհրավիրի մամուլի ասուլիս, որտեղ էլ կներկայացվի
հանդերձանքը, թիմի կազմը, մարզչին։

Միջոցառման կազմակերպմանն աջակցում են մի շարք անհատներ եւ կազմակերպություններ։ Նրանց աջակցությամբ մարզադաշտերը հարմարեցվում են ԿՈՆԻՖԱ-ի պահանջներին։ 

Առաջիկա երկու շաբաթների ընթացքում շինարարական աշխատանքները ավարտին կհասցվեն, եւ մայիսին Արցախ ժամանող մասնակից թիմերը կկարողանան մարզվել այնտեղ։

«Սպորտը չպետք է կապ ունենա քաղաքականության հետ, մենք պարզապես ուզում ենք լավ տոն պարգեւել մարզասերներին։ Մենք ուզում ենք, որ մարդիկ գան, ճանաչեն Արցախը։ Արցախը բաց է բոլորի համար, ովքեր կգան ֆուտբոլը վայելելու»,- ասուլիսն ամփոփելով ասաց տկն Աղաբալյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել