«Դիմեք տիկին Շողիկին»,- այսպես պատասխանեց Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հարցին, թե ինչո՞ւ է որոշել «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում «Երևան Սիթի» սուպերմարկետ բացել: Ալեքսանյանն ասաց, որ այդ հարցով զբաղվում է իր կինը` «տիկին Շողիկը», ու ինքն այդ մասին ոչինչ չի կարող ասել:
Այնուհետև, Ալեքսանյանը դժգոհեց կնոջից, թե սկսել է իրեն քիչ ֆինանսավորել: «Էս վերջերս չի ֆինանսավորում, էնքան խոսացիք», -հավելեց Ալեքսանյանը, որը հայտնի է որպես «Լֆիկ Սամո», իսկ նրա անվան հետ քանի՜ բիզնես է կապվում:
Նրա ընկերությունն է, որ քանդել է պատմամշակութային հուշարձան համարվող Փակ շուկան: Այդ մասին հարցին, ի պատասխան, Ալեքսանյանն ասաց. «Էդ որ Փակ շուկան կռիսանոց էր, խի՞ մի օր չէիր էթում շուկայի դեմը, շուկայից խոսում: Որ սաղ կրիշը չռում էր, խի՞ մի օր չէիր էթում, խոսում»:
Պատասխանելով Երկրապահ կամավորականներին կարգավիճակ տալու մասին օրենքի մասին հարցին, ԵԿՄ անդամ ԱԺ պատգամավորն ասաց, որ 90-ական թվականներից սկսած ինքն իր համայնքի երկրապահներին ամեն ամիս օգնում է: Մյուս հարցերին ի պատասխան ասաց. «Գնացեք, գեներալին հարցրեք, ինձ խի՞ եք հարցեր տալիս»:
Ալեքսանյանը ԱԺ արտահերթ նիստին մասնակցում էր, որովհետև քվեարկությունների համար պահանջվել էր նրա ներկայությունը: Մի քանի րոպե էր մնացել մինչև քվեարկությունը, և նա ժամանակը ծախսեց միջանցքում, լրագրողների հետ շփվելու համար, թեպետ պարբերաբար կրկնում էր, որ հարցերի չի պատասխանի: «Հիրիք ա, լավ ֆսյո, ասեցի վերջ տվեք: Չե՞ք ուզում նստեմ ձեր կողքը, թողեմ եթա՞մ»,- ամեն հարցից հետո ասում էր նա:



