
Ամառ, ծով, լողափ և ոչ մի աշխատանք: Մի՞թե այդ մասին չենք երազում՝ սպասելով, թե երբ է գալու այդքան սիրելի արձակուրդը: Առաջարկում ենք ձեզ ոչ միայն երազել, այլև ընտրել: Ավազե դղյակներ կառուցել ընտանիքի անդամների հետ, առանձնանալ սիրելիի հետ ամայի ծովափում, հիանալ ստորջրյա հարուստ աշխարհով կամ համադրել հանգիստը հետաքրքիր արշավներով: Մեր ցուցակում դուք հաստատ կգտնեք այն, ինչ հենց ձեզ է անհրաժեշտ:
1. Թուրքիա
Եթե տուրիստական բիզնեսում գոյություն ունեն ժամանակին և սնդուսափայլ ամսագրերին չենթարկվող հավերժական արժեքներ, ապա դրա վառ ապացույցն է Թուրքիան: Այս երկիրն արդեն երկար ժամանակ է՝ չի զիջում իր դիրքերը տուրիստական ամենահայտնի ուղղությունների թոփերում և չի էլ պատրաստվում: Հանգստացողներին գրավում է գին-որակ հարաբերակցությունը և արդեն սովորական դարձած հյուրասիրությունը. հաճելի է հանգստանալ այնտեղ, որտեղ ուրախ են մեզ տեսնել:
Ի՞նչ արժե
Նորմալ հանգստի համար միջինը 200.000 ՀՀ դրամը բավարար է: Թեժ առաջարկների դեպքում կարող եք պատվիրել տուր մինչև 150.000 ՀՀ դրամով: Հինգաստղանի հյուրանոցում մեկշաբաթյա հանգիստը կարժենա սկսած 300.000 ՀՀ դրամից:
Հ.Գ. Մեզ՝ հայերիս համար Թուրքիայում հանգիստը բավականին վիճելի հարց է, և ամեն մեկը չի պատրաստ իր հանգիստն անցկացնել թշնամու երկրում: Ամեն դեպքում ամեն մեկն ինքն է որոշում, թե ինչն է իր համար առավել կարևոր՝ հանգի՞ստը, թե՞ սկզբունքը:
2. Եգիպտոս
Եգիպտոսն իսկական մեքքա է հնագույն քաղաքակրթությունների պատմության և հիանալի դայվինգի սիրահարների համար: Սակայն ամռան թեժ ամիսներին (չնայած մատչելի գներին) Աֆրիկա գնալը բավականին համարձակ գաղափար է: Տուրի մատչելիությունը բնավ չի խոստանում հաճելի հանգիստ բուրգերի երկրում: Հուլիսին և օգոստոսին օդի ջերմաստիճանն անցնում է 50°С-ը, դրան հավելեք տաք քամին, այրող ավազն ու տեղումների իսպառ բացակայությունը: Զբոսաշրջիկները հաճախ օրերով նստում են հյուրանոցի համարներում և դուրս են գալիս միայն մայրամուտից հետո:
Ի՞նչ արժե
Հուրգադայի երկաստղանի հյուրանոցում մեկ շաբաթը սկսում է 80.000 ՀՀ դրամից, իսկ Սաֆագայի չորսաստղանի հյուրանոցում՝ 123.000-ից: Հինգաստղանի հյուրանոցների գները գրեթե նույնն են ամբողջ երկրում՝ մոտավորապես 400.000 ՀՀ դրամ մեկ շաբաթվա համար:
3. Իսպանիա
Իսպանիան այն սակավաթիվ երկրներից է, որտեղ զբոսաշրջիկները սիրում են վերադառնալ: Երկու շաբաթ Թայլանդում անցկացնելն իսկական տանջանք է՝ սկսած չորրորդ օրվանից: Իսկ ահա Իսպանիայում անցկացված երկու շաբաթը հիանալի առիթ է միջերկրական խոհանոցի բոլոր ֆիրմային ուտելիքները փորձելու, ֆուտբոլային խաղի ներկա գտնվելու և Եվրոպայի ամենադրախտային վայրում հանգիստ վայելելու համար:
Ի՞նչ արժե
Տուրերի արժեքը միջինը սկսում է 210.000 ՀՀ դրամից, իսկ Կանարյան կղզիներում մեկշաբաթյա հանգիստը սկսում է 500.000 ՀՀ դրամից:
4. Իտալիա
Այս երկրում արևային օրերն ավելի շատ են, քան մոլորակի ցանկացած այլ մասում, այստեղ աշխարհի ամենագեղատեսիլ ծովափերից մեկն է, երկիրը ողովում է հինգ ծովերով: Չմոռանանք, որ այստեղ են գտնվում նաև Հնագույն կայսրության ավերակները: Զարմանալի չէ, որ զբոսաշրջիկը բախվում է միակ դժվարությանը. ընտրել բազմապիսի էքսկուրսիոն տուրեր Իտալիայի տարբեր շրջաններով, թե՞ ողջ ժամանակը տրամադրել ծովափնյա հանգստին:
Ի՞նչ արժե
Ծովափնյա հանգստի մեկ շաբաթը երկաստղանի հյուրանոցում կարժենա մոտ 200.000 ՀՀ դրամ, իսկ հինգաստղանի հյուրանոցում՝ մոտ 800.000 ՀՀ դրամ: Շոփինգ-տուրի արժեքը սկսվում է 160.000 ՀՀ դրամից, իսկ էքսկուրսիոն տուրերինը՝ 200.000-ից:
5. Հունաստան
Հունաստանի հայտնի լինելը հեշտորեն բացատրվում է հին ասացվածքով. «Հունաստանում ամեն ինչ կա»: Ե՛վ ոսկե ավազ, և՛ մրգաշատ այգիներ, և՛ զով քարանձավներ… Հաճելին օգտակարի հետ համադրել կարելի է շոփինգ-տուրերի օգնությամբ: Որպես կանոն դրանք չափազանց մատչելի են և կազմակերպվում են մեծածախ վաճառողների հետ:
Ի՞նչ արժե
Տուրերի միջին գինը 160.000-800.000 ՀՀ դրամ է: Ամենաթանկ տուրերը ներառում են հանգիստ Կիպրոսի հինգաստղանի հյուրանոցներում և չափազանց հագեցած էքսկուրսիոն ծրագիր:
6. Ֆրանսիա
Ֆրանսիա այցելելու լավագույն ժամանակը գարնան կեսն ու ամռան վերջն է: Օգոստոսին Նիցցան և Սան-Տրոպեն դեռ լի են հանգստացողներով, թեև ֆրանսիական օդն արդեն անսխալ հուշում է մոտալուտ աշնան գալուստը: Ամեն դեպքում չարժե սահմանափակվել միայն ծովափնյա հանգստով: Առավել հայտնի են ծովափնյա հանգիստ և Փարիզում մի քանի օր մնալու հնարավորություն տվող տուրերը՝ հագեցած էքսկուրսիոն ծրագրով:
Ի՞նչ արժե
Ֆրանսիայում մեկշաբաթյա հանգիստն ամենաքիչն արժե 200.000 ՀՀ դրամ, իսկ ահա առավելագույն գումարը չեն համարձակվում նշել անգամ ֆրանսիացիները: Հինգաստղանի հյուրանոցում մեկ շաբաթը կարժենա 800.000 ՀՀ դրամից մինչև 1.5 միլիոն ՀՀ դրամ: Էքսկուրսիոն տուրերի արժեքը սկսում է 300.000 ՀՀ դրամից:
7. Բուլղարիա
Բուլղարիան հիանալի վայր է երեխաների հետ հանգստի մեկնող մարդկանց համար: Բուլղարիայի կլիման ավելի մեղմ է, քան Թուրքիայում, և երեխաները շատ հարմարավետ կզգան, հատկապես եթե գնաք օգոստոսի վերջին: Բուլղարիայում, ի դեպ, գոյություն ունի հիանալի հանգստավայր Ալբենա անունով, որտեղ 7-8 տարեկան երեխաների համար իսկական հրաշքների աշխարհ է:
Ի՞նչ արժե
Բուլղարիայում հանգստի միջին արժեքը սկսվում է 200.000 ՀՀ դրամից:
8. Շրի-Լանկա
Ամեն տարի Շրի-Լանկայում հանգստացող մարդկանց թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Դա բացատրվում է հիանալի բնությամբ, տեսարժան վայրերով և իհարկե որակի դիմաց ցածր գներով: Բացի այդ չի կարելի չնշել նաև բնակչության հյուրասիրությունը:
Ի՞նչ արժե
Շրի-Լանկայում ամառային հանգստի միջին արժեքը կազմում է 500.000-ից 1 միլիոն ՀՀ դրամ:
9. Խորվաթիա
Զբոսաշրջիկները Խորվաթիան համարում են եվրոպական երկրների ամենահարմար երկրներից մեկը, և տարօրինակ չէ, որ հանգստից վերադառնալուց հետո մտածում են Խորվաթիայում հողատարածք գնելու մասին: Սա բացատրվում է հիանալի կլիմայով, անմիջական բնակչությամբ և շատ հարմար գներով:
Ի՞նչ արժե
Մեկ շաբաթվա հանգստի արժեքը կազմում է 160.000-ից 350.000 ՀՀ դրամ:
10. Վրաստան
Հայերի սիրած հանգստավայրերը գտնվում են Վրաստանում: Հարուստ բնություն, մաքրամաքուր լեռնային օդ, թեժ արև և մեղմ ծով: Վրաստանի հանգստավայրերը բաց են նրանց համար, ովքեր ցանկանում են ոչ միայն լիարժեք հանգստանալ, այլև ծանոթանալ ճարտարապետական, մշակութային, պատմական հետաքրքիր հուշարձաններին և խորասուզվել այս հարուստ հողի մթնոլորտում:
Ի՞նչ արժե
Վրաստանում հանգստի գները սկսվում են միջինը 100.000 ՀՀ դրամից:
Մաղթում ենք բոլորին լիարժեք հանգիստ և թեժ ամառ՝ անկախ ընտրած հանգստավայրից: Եվ հիշեք, որ մարդ կարող է հանգստանալ նաև սեփական քաղաքում՝ կազմակերպելով ակտիվ կամ պասիվ հանգիստ և ժամանակը լցնելով հետաքրքիր բացահայտումներով և տպավորություններով: