Պողոս էր թե՞ Պետրոս այն երիտասարդի անունը, որ ռոմատիկ հույսերով մեկնեց Չիբուխլու: Բարկացավ ու փնովեց, մատը թափ տվեց ու ճառ ասեց, մեղադրեց ու գամեց սյունին:
Դե բա ինքը՝ կիրթն ու լայնախոհը, էլ ի՞նչ աներ: Վարժապետը վարժապետ չէր, քահանան քահանա չէր, գյուղացին՝ անշնորհք ու վայրի, \"սառած ու քարացած\"..
Ծովագյուղցիներն էլ, ի դեպ, Մուրացանի արձանը դրել են գյուղի հենց մեջտեղում: Համ համեստ են ու խելոք, համ էլ խռովկան չեն: Շատ էլ Մուրացանն այդքան խիստ գույներով է նկարագրել Չիբուխլուն:

Ասածս ինչ է.. Սիրելիներս: Հարգելիներս: Սիրուններս: Խիզախներս:
Վար իջեք, վար:

Մեր հայրերն ու մայրերը, քույրերն ու եղբայրները, տատիկներն ու պապիկները... ընտրակաշառք են վերցնելու, քվեարկելու են հօգուտ ում որ ասեն, կաշառք առաջարկողի քիթ բերանին չեն հասցնելու, հարյուրամյակներով պնդացած մտայնությամբ հույսը դնելու են իրենց աշխատավոր կուզի, տանջված ձեռքերի, խոպանների ու խնամի ծանոթ բարեկամի վրա: Մնացած հապավումներն էլ՝ ջրի բերած, ջրի տարած: Հայ շինականի մեջքը սովոր է: Իր տարածի համեմատ սրանք ի՛նչ... ժամանակավոր ու մանր պարազիտներ են...

Մենք այն ենք, ինչ ենք: Ոչ մի գրամ ավել կամ պակաս: Շունչ քաշեք, արտաշնչեք ու զինվեք համբերությամբ: Երկիր կառուցելը, հարյուրամյա մոլախոտերը արմատախիլ անելը հեշտ բան չէ: Մեր մեջ անընդունելի ու խանգարող հատկությունները շատ են, երբեմն՝ հանցավոր շատ: Բայց մի մոռացեք, որ հայի տեսակի գոյությունը այս երկրի վրա ինքնին հրաշք է և մեծապես հետևանքն է այդ կորացած մեջքով ու տարաբնույթ փանջունիներից զզված ու իր հողից կառչած շինականի համբերության:

Շինականին վերևից մի նայեք: Մի անպատվեք: Նա մեղավոր չէ, որ ձեր ստացած կրթությունը չունի... որ ձեր դավանած գաղափարներին անհաղորդ է... որ... որ... որ...:

Հ.Գ. Երեկ հիվանդանոցում գործ ունեի, սպասում էի ու շուրջ բոլորս նայում: Հոգնած, տանջված, հալ ու մաշ եղած, աղքատիկ հագուստով ու մոլորված աչքերով պապիկը, ագահաբար ամենաէժան ծխախոտը վրա-վրա կուլ տվող ջահելը, գնացուցակի մոտ մի պահ պապանձված տարեց կինը... Բախտի քմահաճույքին մատնված: Լքված: Անտեր: Այն աստիճանի անտեր, որ \"իրենց փայ ընտրակաշառքն\" ու խոստումներին կհավատա.. . Հետո եկա տուն ու հա՛յ-հա՛յ... \"անգրագետ ժողովուրդ\", \"պլեբեյներ\" ու ... Ու մտքումս անընդհատ պտտվում է. մեզանից քանի՞սն են Պետրոսի (թե՞ Պողոսի) պես գնում, մատ թափ տալիս ու փախչում  թիֆլիսներն ու պետերբուրգները... Ու քանի՞սն են մնում՝ տեղում \"ամագ լինելով\":

Սիրով օգնենք, եթե օգնելու ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել