Գրքերը, ինչպես նախկինում, այսօր ևս հայտնի են երիտասարդների շրջանում: Ընթերցելիս յուրաքանչյուրը որոշ ժամանակով կարծես կտրվում է իրականությունից և լիցքաթափվում: Ձեզ ենք ներկայացնում այն 10 հրատարակությունները, որոնք պատմության ընթացքում ամենաշատն են վաճառվել: Ցանկի մեջ ընդգրկված չէ կրոնական գրականությունը, քանի որ այն, բնականաբար, գրեթե բոլոր երկրներում ամենաբարձր վարկանիշն ունի:

«Գրի՛ր, կրճատի՛ր. ինչպես ստեղծել ուժեղ տեքստ»

Այս գրքի հեղինակները նկարագրում են, թե ինչպես է հարկավոր ստեղծել տարատեսակ տեքստեր՝ օգտվելով տարբեր աղբյուրներից, ինչպես այնպիսի նամակներ գրել, որոնց անպայման մյուս կողմը կպատասխանի:

«Ուզում եմ և կանեմ. ընդունել ինքդ քեզ, սիրել կյանքը և երջանիկ լինել»

Հոգեբան Միխայիլ Լաբկովսկին վստահ է, որ մարդիկ կարող են և իրավունք ունեն երջանիկ լինելու ու անելու այն ամենը, ինչ ցանկանում են: Նրա գիրքն այն մասին է, թե ինչպես կարելի է հասկանալ ինքդ քեզ, ներդաշնակություն ստեղծել և սովորել ուրախանալ կյանքով:

Դա Վինչիի ծածկագիրը

2003 թ. ապրիլին Doubleday Group հրատարակչությունում հրատարակվեց ամերիկացի գրող Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» վեպը, և հեղինակի հասցեին անհամար քննադատություններ սկսեցին հնչել կաթոլիկ համայնքի կողմից: Գիրքը գրված է միստիկ դետեկտիվ ոճում և վերաբերում է Լուվրում կատարված հրեշային հանցագործությանը: Գործող կերպարները չէին էլ պատկերացնում, թե ուր կարող էր տանել քննությունը: Գիրքը կարողացավ մեծ հետաքրքրություն առաջացնել Սուրբ գավաթի լեգենդը և Մարիա Մադգաղենացու՝ քրիստոնեության մեջ դերի նկատմամբ:

Առյուծը, կախարդը և պահարանը

Քլայվ Լյուիսը կարողացել է ֆանտաստիկ վեպ գրել, որը նրա «Նարնիայի ժամանակագրությունների» առաջին գիրքը դարձավ: Գրքում պատմվում է 4 երեխայի մասին, որոնք հին ու բարի Անգլիայից հայտնվել են մի ծայրամասում, որը բնակեցված է խոսող գազաններով և առասպելական արարածներով:

Երազը կարմիր ապարանքում

Ցաո Սյուեցինը միակ չինացին էր, որը համաշխարհային հռչակ է ձեռք բերել որպես ամենաընթերցվող հեղինակներից մեկը: Նրա վեպը Ցին դինաստիայի չինական հասարակ ընտանիքի մասին է: Վեպը չինական չորս դասական վեպերից ամենամեծ ժողովրդականություն վայելողն է: Բացի դրանից՝ այն համարվում է ամենախրթին գրքերից մեկը, քանի որ դրանում նկարագրվում է ավելի քան 40 գլխավոր հերոսի և 500 երկրորդական կերպարի ճակատագիր:

Տասը փոքրիկ սևամորթները

Բրիտանացի հանրաճանաչ գրողի, դետեկտիվ ժանրի հիմնաքարը դնողի՝ Ագաթա Քրիստիի այս վեպը մեծ հռչակ ունի: Լույս է տեսել 1939-ին: Հետաքրքրական է, որ ԱՄՆ-ում քաղաքական հայացքների ազդեցության պատճառով վեպը լույս է տեսել «Եվ ոչ ոք չմնաց» վերնագրով (And Then There Were None), իսկ բոլոր «սևամորթ» բառերը փոխարինվել են «հնդիկ» բառով:

Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը

Անխոս, ամենահայտնի ստեղծագործությունների մեջ հարկավոր է ներառել Ջոան Ռոուլինգի բոլոր գրքերը՝ Հարրի Փոթերի մասին: Վեպը պատմում է, թե ինչպես է Հարրին իմանում, որ կախարդ է, հանդիպում է իր մտերիմ ընկերների հետ և «Հոգվարթս» մոգության և հմայության դպրոցի թշնամիներին, ինչպես նաև իր ընկերների հետ հանդիպում է չարագործ Լորդ Վոլդեմորթին, ով սպանել էր Հարրիի ծնողներին: Հարրի Փոթերի մասին յոթ գրքերից առաջինը լույս է տեսել 1997 թ.:

Փոքրիկ իշխանը

Ֆրանսերենով գրված գրքերից ամենաշատ կարդացվողը և թարգմանվածը՝ «Փոքրիկ իշխանը», լույս է տեսել 1943-ին: Հեղինակը ֆրանսիացի ազնվական գրող Անտուան դե Սենտ-Էքզյուպերին է: Գիրքն այնքան մեծ տարածում ունի, որ թարգմանվել է 250 լեզուներով: Դրանում պատմվում է երիտասարդ ու միայնակ արքայազնի մասին, որը ճամփորդում է տիեզերքում: Չնայած այն հանգամանքին, որ գիրքը գրված է երեխաների համար, դրանում արարծվում են իրապես արդիական և փիլիսոփայական հարցեր:

Մատանիների տիրակալը

Ջոն Թոլքինի այս ստեղծագործությունն ի սկզբանե մեկ գրքի տեսքով է եղել, սակայն հրատարակչությունները նախընտրել են այն երեք մասի բաժանել՝ «Մատանու եղբայրություն», «Երկու ամրոց» և «Թագավորի վերադարձը»: Քանի որ ստեղծագործությունը մեծ հայտնիություն ձեռք բերեց, այն սկսեցին համարել Անգլիայի ազգային արժեքներից մեկը:

Պատմություն երկու քաղաքների մասին

Չարլզ Դիքենզի ամենահայտնի աշխատանքն անգլախոս երկրներում անգամ դասագիրք է դարձել: 200 միլիոն օրինակով գրողի ստեղծագործությունը ոչ միայն առավել հայտնի է անգլալեզու երկրներում, այլև անգլալեզու գրականության մեջ զբաղեցնում է անփոխարինելի տեղ։ Հեղինակը փորձել է վեր հանել դասային անհավասարության և դրան հետևող Ֆրանսիական բուրժուական հեղափոխության պատճառները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել