Իրավական պետությունն այն է, երբ իրավապահ մարմինները հաղորդագրություններ տարածելիս զերծ են մնում գնահատականներ տալուց դեռևս չապացուցված արարքին, երբ նախաքննության փուլում մեղադրական կողմը չի առաջնորդվում այն վարկածով, որ մեղադրյալն անպայման պետք է կատարած լինի իրեն մեղասագրվող արարքը՝ դրանով ստեղծելով հասարակական բացասական վերաբերմունք տվյալ անձի մասին:
Իրավական պետության քաղաքացիները նույնպես զերծ են մնում մարդուն պարտադիր կերպով հանցագործ համարելուց այն պահից սկսած, երբ դեռ նոր նախաքննություն է սկսվում:
Սա շատ վատ և արատավոր պրակտիկա է՝ անկախ նրանից, թե ով է հայտնվել մեղադրյալի աթոռին՝ մա՞րդ, ում սիրում ենք, թե՞ մարդ, ում ատում ենք: Կարծում եմ՝ բոլորիս նպատակը գոնե արդարադատության ոլորտի մասով մեկն է՝ արդարություն և օբյեկտիվություն: Այստեղ պետք է բացառվի էմոցիոնալ մոտեցումը․ սիրում ենք, թե զզվում այդ մարդուց, պետք է նայել փաստերին, ոչ թե մեր զգացմունքներին:
Հաշվի առնելով այն, որ ես բոլոր քրեական գործերում ներգրավված բոլոր մեղադրյալների դեպքում առաջնորդվում եմ բացառապես փաստերին նայելու սկզբունքով, այլ ոչ թե անձերի ով լինելով՝ Դավիթ Սանասարյանի դեպքում էլ կոչ եմ անում նախաքննության փուլում, երբ դեռ պարզ չէ մարդու մեղավորությունը, պարտադիր կերպով նրան չվերագրել այն, ինչում մեղադրվում է: Կատարել է տվյալ արարքը, թե ոչ՝ կպարզի նախաքննությունը, դատաքննության ժամանակ էլ հնարավորություն կունենանք ծանոթանալու փաստերին, իսկ այս պահին ճիշտ չեմ համարում անմեղության կանխավարկածը խախտելն ու մարդուն, գուցե անմեղ, հանցագործի պիտակ կպցնելը: