Սադաֆ Հադեմը, որն օրերս Ֆրանսիայում կայացած բռնցքամարտի մրցաշարում հաղթանակ էր տոնել ֆրանսուհի Աննա Շովենի նկատմամբ, հայրենիքում բուռն քննադատության է արժանացել: Իրանցի առաջին կին բռնցքամարտիկին սպասվում է ձերբակալություն: Այս մասին հայտնում է Woman.ru-ն:
Սադաֆը հայտնել է, որ մարզչի հետ մտադիր էր վերադառնալ հայրենիք, սակայն լսել է, որ այնտեղ իրեն ձերբակալություն է սպասվում: Իրանի օրենսդրության համաձայն՝ 9 տարեկանից մեծ կանայք հասարակության առջև պետք է հայտնվեն գլխաշորով, հակառակ դեպքում նրանց սպառնում է կալանք կամ տուգանք: Մարզիկները բացառություն չեն:
Հադեմն իր երկրի օրենքին չի ենթարկվել և ռինգ է դուրս եկել սովորական մարզահագուստով և հիմա ստիպված է մնալ Ֆրանսիայում: Նա նշել է, որ գիտակցում է իր արարքի պատասխանատվությունը: Գլխաշորի բացակայությունից բացի՝ նա նաև մարզվում է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, ինչը ևս անընդունելի է իր երկրում: