Badoo կայքի հիմնադիրը, ռուսաստանաբնակ հայկական արմատներով Անդրեյ Անդրեևը (Անդրեյ Վագների Օհանջանյանց), ընկերության եկամուտների մի մասը կտրամադրի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը։ Անդրեևն այդ մասին հայտնել է Instagram-ում։

«Աստվածամոր տաճարի սարսափելի ողբերգությունից հետո ես զգալի նվիրատվություն եմ հատկացնում կառույցի վերականգնման համար։ Խոստանում եմ փոխանցել եկամուտների 100 տոկոսը, որը Badoo-ն կստանա ապրիլին Ֆրանսիայի 22 միլիոն օգտատերերից։ Իմ սիրտը Ֆրանսիայի ժողովրդի հետ է»,- գրել է նա։

«Ես, ինչպես և ամբողջ աշխարհը, չէի կարող նույնիսկ պատկերացնել, որ տաճարի հետ կարող է ինչ-որ բան պատահել։ Դա Ֆրանսիայի անքակտելի խորհրդանիշն է, որն անցել է պատերազմների ու հեղափոխությունների միջով։ Եվ միշտ գտնվել են մարդիկ, որոնք օգնել են վերականգնել տաճարը ցանկացած աղետից հետո»,- ասել է Անդրեևը։

Նա ողբերգության մասին տեղեկացել է սոցցանցերից։ Գործարարը չի պարզաբանել, թե կոնկրետ որքան գումար կհատկացնի տաճարի վերականգնման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել