Ավագ Երեքշաբթի ավետարանական ընթերցանությամբ հիշատակվում է «Տասը կույսերի» առակը (Մատթ. 25:1-13), որը հորդորում է նմանվել իմաստուն կույսերին և պատրաստ լինել Տիրոջ հրաշափառ Գալստյանը: Այս առակը փեսայի գալստյանը պատրաստ չլինելու ողբերգությունն է ներկայացնում:
Քրիստոսի երկրային կյանքի տարիների ժամանակ պաղեստինյան հարսանիքները հենց այսպես էին տեղի ունենում: Նախ՝ հարսի ընտանիքը չգիտեր, թե փեսան երբ կգա: Փեսան կարող էր նույնիսկ գիշերով գալ, ուստի հարսն իր 10 ընկերուհիների հետ պետք է պատրաստ լապտերներ ունենար փեսային դիմավորելու համար: Եվ եթե լիներ այնպես, որ փեսան գար գիշերը, ու ընկերուհիներից ոմանց լապտերները պատրաստ չլինեին, ապա չէին կարող մասնակցել հարսանեկան խրախճանքին:
Նույն այս պատմությունն է նաև առակում, որը իրական կյանքի օրնակից է վերցված: 10 կույսերից 5-ը հիմար գտնվեցին, քանի որ չունեին պահուստային ձեթ, և նրանց կանթեղները մնացին հանգած: Դիմեցին մյուս 5-ին, որպեսզի պարտքով ձեթ վերցնեն, սակայն վերջիններս առարկեցին, թե գուցե բոլորին չբավարարի: Ու այն ժամանակ, երբ գնացին խանութից ձեթ գնելու, փեսան եկավ և իմաստուն կույսերի հետ մտավ հարսանեկան սրահ:
Առակի հիմնական պատգամն այն է, որ կան բաներ, որոնք հնարավոր չէ անել վերջին պահին: Հնարավոր չէ պատրաստվել քննությանը, երբ այն արդեն սկսվել է: Հոգևոր կյանքում էլ այդպես է, կան հոգևոր իրողություններ, որոնց պետք է նախապատրաստվել, չթողնել վերջին պահի համար: Մյուս կարևոր պատգամն այն է, որ կան բաներ, որոնք պարտքով չի կարելի վերցնել, պետք է քոնն ունենաս: Աստծո հետ հարաբերությունը չի կարելի պարտքով վերցնել․ բնավորությունը, սերը, արժեքները պետք է քոնը լինեն:
Ե՛վ իմաստուն, և՛ հիմար կույսերի լապտերները նույնն էին, այսինքն՝ մարդկանց մեջ տարբերություն չկա: Աստված սիրում է բոլորին նույն կերպ, խնդիրն այն է, որ մենք Աստծուն չենք կարող սիրել ուրիշի սիրով, այն մերը պիտի լինի:
Իսկ Աստծուն սիրելու ամենակարևոր պայմանը պատրաստ լինելն է Նրան դիմավորելու, մեր կյանքում ընդունելու: Պարզապես հիշենք, որ Աստծո պարգևած շնորհները չպետք է սպառենք, այն սիրով պիտի գործադրենք, որպեսզի բազմապատկվեն ու մեր կյանքը զարդարեն: