168.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ լրագրողների հետ զրույցում արձագանքելով «Սուտ Նիկոլ» արշավին, որով ակցիայի կազմակերպիչները ցանկանում են ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանն իր խոստումներ չի իրականացրել, առաջարկել է, որպեսզի իշխանության գալուց առաջ իր տված բոլոր խոստումները գույքագրեն և նշեն, թե դրանցից որն է կատարվել, որը՝ ոչ։

168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադառնալով վարչապետի առաջարկին՝ նկատեց՝ հարցը չպետք է այսպես պարզունակ դարձվի, քանի որ առաջին դասարանի թվաբանություն չէ, որպեսզի մարդիկ թվարկեն, թե խոստումներից երկուսը կատարվել է, երեքը՝ ոչ։

«Խնդիրն այն չէ, թե վարչապետը կոնկրետ այս կամ այն խոստումը կատարե՞լ է, թե՞ ոչ, այլ՝ այն զարգացումը, որ հասարակությունն ուներ հեղափոխությունից հետո և սպասում էր, որ արմատականորեն փոխվելու էր թե՛ կառավարման, թե՛ տնտեսական, սոցիալական, առողջապահական և այլ համակարգերը, և ամբողջովին պետք է բարեփոխման ենթարկվեր և երկիրը դառնար ժամանակակից պետություն, դա տեղի չի ունեցել, խնդիրը սա է։ Չի կարելի վերցնել վարչապետի տված մի խոստումը և ասել, թե այն որևէ բնագավառում կատարել է, և լավ է, կամ չի կատարել, շատ վատ է։ Խնդիրը չպետք է այդքան պարզեցնել»,- ասաց քաղտեխնոլոգը։

Նրա խոսքով՝ վարչապետը չի կատարել ամենակարևոր խոստումը՝ երկրի արտաքին և ներքին քաղաքական ոլորտները չեն ենթարկվել արմատական բարեփոխումների։

«Եթե ուզում է՝ առանձին խոստում դիտարկենք, ապա դա վերաբերում է սուպերվարչապետական համակարգին, հեղափոխությունից առաջ խոսում էին, որ այդ համակարգը պետք է վերացվի, բայց այդպես չեղավ, խոստանում էին, որ կոռուպցիայի դեմ պայքարից հետո բյուջեն 100 մլն-ով կավելանա՝ չի ավելացել, Ընտրակական օրենսգրքում փոփոխություններ չեղավ։ Բայց նորից եմ կրկնում՝ խնդիրն այստեղ այդ մանր խոստումները չեն, այլ ամենակարևորը՝ երկիրը չեն դարձրել ուրույն վեկտոր ունեցող, բարեփոխված, ներկայիս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին համարժեք պետություն»,- շեշտեց Արմեն Բադալյանը։

Հարցին՝ այս մեկ տարին բավարա՞ր էր այդ խոստումներից որևէ մեկը կատարելու համար, քաղտեխնոլոգը պատասխանեց.

«Եթե կա ցանկություն որևէ գործողություն կատարելու համար, ապա մեկ ամիսն էլ ամբողջովին բավարար է։ Հարցն այն չէ, որ իմ թվարկած բոլոր ոլորտների վերաբերյալ պետք է այս մեկ տարվա ընթացքում բարեփոխումներ լինեին, այլ, որ այս մեկ տարվա ընթացքում գոնե պետք է ցույց տային այդ բարեփոխումների ու երկրի զարգացման տեսլականը։ Այս մեկ տարին բավարար էր այդ տեսլականը տալու համար, բայց այն չի տրվել, քանի որ նման նպատակ չի էլ եղել»,- ընդգծեց Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգը միաժամանակ չհերքեց, որ որոշակի հաջողություններ նոր կառավարությունը գրանցել է: Օրինակ, ըստ նրա՝ իշխանափոխությունից «5 րոպե անց» ներկրման մենաշնորհը վերացվել է, բայց դրանից հետո երկրի տնտեսության մեջ արմատական փոփոխություններ չեն կատարվել։

«Իշխանափոխությունից 5 րոպե անց վերացվել է նաև կոռուպցիան, սակայն դրանից հետո ինստիտուցիոնալ հայեցակարգի, ինստիտուտների ստեղծման գործընթաց չի եղել, որպեսզի հեռագայում կոռուպցիան կրկին չզարգանա: Այսինքն՝ մեկ տարին ամբողջովին բավարար էր, որպեսզի ցույց տրվեր երկրի զարգացման տեսլականը՝ իր բոլոր ոլորտներով հանդերձ։ Եթե մեկ տարվա ընթացքում չի եղել, հավանաբար չի էլ  լինելու»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել