ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է: Այս մասին լրագրողների հետ կարճ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Այդ ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ, հայտարարված է հետախուզում»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

13.04.2019 թ. ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:  

Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով նշանակվել են ֆինանսատնտեսական ստուգումներ և փորձաքննություններ` հնարավոր այլ չարաշահումները բացահայտելու ուղղությամբ:

Tert.am-ին ՀՔԾ-ից հայտնել են, որ դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանին կալանավորելու միջնորդությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել