՛
Ավանումները
«New Age» (Նյու-Էյջ) թարգմանաբար հնչում է որպես «Նոր դար», «Նոր դարաշրջան» (այսուհետև՝ ՆԴ) կամ «Նոր ժամանակաշրջան»: Օգտագործվում են նաև «Ջրհոսի դարաշրջանի» շարժում, «Ջրհոսի դարաշրջանի» խմբեր անվանումները:
Տարբեր երկրներում գոյություն ունեն «հոլիստիկ կենտրոններ», ինչպես օրինակ` «Նոր եկեղեցի», Շոտլանդիայում` Findhorn, Կանադայում` Holly hock, Շվեցարիայում` Waxthuset և այլն, որոնք յոգայի, մեդիտացիայի, հոգեբանական պարապմունքների միջոցով, իբրև թե օգնում են մարդկանց հասնելու «ներքին ներդաշնակության և կատարելության»:
Ի՞նչ է «Նոր դարաշրջանը»:
«Նոր դարը» Հյուսիսային Ամերիկայում նորաթուխ և զարգացող հավատալիքների համակարգ է, որը կազմված է հազարավոր ինքնուրույն (և հաճախ հակասական) հավատքներից, կազմակերպություններից և իրադարձություններից: Այն կարելի է համարել բոլոր աղանդների դաշնություն:
Հիմնականում «Նոր դարը» իր աստվածաբանությունը փոխառել է Արևելյան պանթեիստական կրոններից, իսկ իր պրակտիկան 19-րդ դարի Արևմտյան օկուլտիզմից: «Նոր դար» եզրն օգտագործվում է որպես մի ընդհանուր տանիք, որով բնութագրվում են բոլոր կազմակերպությունները, որոնցից յուրաքանչյուրն ունի հետևյալ հավատալիքներից մեկը կամ մի քանիսը.
1) Ամեն ինչ մի է, բոլոր իրողությունները ամբողջի մասն են կազմում,
2) Ամեն ինչ Աստված է, և Աստված ամեն ինչն է,
3) Մարդը Աստված է կամ՝ Աստծո մասը,
4) Մարդը երբեք չի մահանում, այլ շարունակում է ապրել վերամարմնավորման միջոցով,
5) Մարդը կարող է՝ մտածողության վերափոխման կամ մտածողության վիճակի փոփոխման միջոցով ստեղծել իր սեփական իրականությունը և/կամ արժեքները:
Խոշոր, խիստ կազմակերպական կառույց ունեցող աղանդների անդամները (օրինակ՝ մունականները և սայենթոլոգները), որոնք անկասկած պատկանում են այս շարժման գաղափարական դաշտին, երբեք չեն հայտարարի, որ պատկանում են վերջինիս: Լավագույն դեպքում նրանք կարող են ասել, որ ՆԴ շարժումը համաշխարհային ներդաշնակության հասնելու, հասարակության բարելավման, մարդկային երջանկության, ինքնաիրացման հասնելու և ներքին խաղաղության ձեռքբերման հսկայական պոտենցիալ ունի:
ՆԴ-ի հիմնական գաղափարը
«Նոր դարաշրջան» շարժումը հավատում է առ այն, որ ժամանակակից մարդկությունն ապրում է երկրագնդի նոր դարաշրջան մտնելու անցումային փուլը, սկսվում է Ջրհոսի դարաշրջանը: Մինչև օրս ապրել ենք Ձկան դարաշրջանը՝ Ձկան աստղաբանական նշանի ներքո: Ձուկը, ըստ նրանց, քրիստոնեության նշանն է, սակայն այժմ ձկան տիրապետությունն իր ավարտին է հասնում, և սկիզբ է առնում Ջրհոսի դարաշրջանը, որտեղ ամեն բան պետք է նորանա և փոխվի: Ուստի, պահանջվում են նոր գաղափարներ և նոր մարդիկ, ովքեր չեն ճանաչում և ոչ մի հեղինակություն, լոյալ են վերաբերվում բոլոր կրոններին, այդ թվում նաև՝ քրիստոնեությանը: Ըստ որում նրանք Քրիստոսին համարում են ոչ թե Աստված, այլ մեծ ուսուցիչներից մեկը: Առաջարկվում է էկոլոգիական վերաբերմունք ունենալ մարմնի, բնության նկատմամբ: ՆԴ-ի մյուս անվանումն է «Հոլիստիկ» կամ «Ամբողջականության» շարժում, քանզի նրա կարգախոսն է հոգու, ոգու և մարմնի ամբողջականությունը:
ՆԴ-ի գաղափարական ակունքները
Շարժումն աշխարհում հայտնի դարձավ 20-րդ դարի 70-ականներին: Սակայն որոշակի զանգվածային բնույթ այն սկսել էր ստանալ դարասկզբից: 20-րդ դարասկզբին այն ոտքի կանգնեց Ելենա Բլավացկայայի (նրա ամուսինը XX դարի սկզբին եղել է Երևանի նահանգապետը) «Թեոսոֆիական ընկերության» ջանքերով: Այլ հետազոտողներ համարում են, որ դրա հիմքերը գալիս են Ռալֆ Ուոլդա Էմերսոնի տրանսցենդենտալիզմից, այլոք համարում են, որ այն գալիս է միջնադարյան հերետիկոսություններից: Մեկ բան հստակ է, որ շարժման էությունը տխրահռչակ գնոստիկական հերետիկոսությունն է:
Շարժման պատմությունը սկսում է Եվրոպայում օկուլտային և սինկրետիկ ուսմունքների լայն տարածման շրջանից: Օկուլտային գիտակցության ներդրումը հասարակության բոլոր շերտերում սկիզբ առավ Ֆոքս քույրերից, որոնք 19-րդ դարի կեսերին Նյու-Յորք նահանգում ստեղծեցին «սպիրիտուալիզմի» շարժումը: Ներկայումս այդ շարժման բազայի վրա գոյություն ունեն բազմաթիվ «սպիրիտուալ եկեղեցիներ»: ԱՄՆ-ում դրանք մոտ 200-ն են, Մեծ Բրիտանիայում` ավելի քան 500-ը, իսկ «Միջազգային գլխավոր ասամբլեայում»` 80-ը:
Սանտա Բարբարայի կալիֆորնիական համալսարանին կից ամերիկյան կրոնների ուսումնասիրման ինստիտուտի հիմնադիր և պրոֆեսոր դոկտոր Ջ. Գորդոն Մելթոնը այսպես է բնութագրում «Նոր դար»-ի պատմությունը.
««Նոր դար» շարժման պատմությունը ճիշտ կլինի հաշվել մոտավորապես 1971 թվականից: Այդ ժամանակ ժողովրդականություն վայելեցին արևելյան կրոնները և հոգեբանությունը, որոնք խաղարկում են անհատի փոփոխությունների հարցերը` «Նոր դարի» սինթեզման նոր առանցքային տարրերը, և առաջնորդ-մետաֆիզիկներն արդեն կարող էին ձեռնարկել «Նոր դարի» հայացքների ձևավորմանը»:
«Արևելաարևմտյան» ամսագիրը առաջին պարբերական հրատարակությունն է, որ արտահայտեց նոր շարժման խնդիրները: Առաջին ազգային տեղեկագրերն ու ձեռնարկները հրատարակվեցին 1972թ.:
«Նոր դարի» բազմաթիվ ուսմունքների ծագման համար հիմք հանդիսացան մեր ժամանակներում հասարակության մեջ հինդուիզմի ուղեկիցները հանդիսացող Բլավացկայայի թեոսոֆիան և Ռերիխների ագնի-յոգան: Այն իր մեջ միաձուլել է քրիստոնեությանն ու Աստվածաշնչին խորթ մի քանի հավատալիքներ, որոնց թվում նաև օկուլտիզմը, արևելյան գուռուների ուսմունքները և կարմայի օրենքներն ու վերամարմնավորումը: Հատկանշական է հին հավատալիքների տերմինների (տերմինների) նորակերպար, նորահունչ կիրարկումը:
Վերջին տասնամյակներում առաջ եկած մարդկային ընդունակություններն ի հայտ բերելու տեխնիկաների, ինքնուսուցույցների, ամսագրերի և դասընթացների առատությունը, որոնք օգտագործվում են միավորումների, դպրոցների և առանձին անձանց կողմից, իրականում աշխարհով մեկ տարածված «Նոր դար» շարժման մասն է հանդիսանում:
ՆԴ-ի ուսմունքի արմատներից է սպիրիտիզմը, որը գոյություն ունի հնագույն ժամանակներից և հատկանշական է ամենապարզունակ կրոններին: Սպիրիտիզմը հավատ է առա այն, որ մարդը կարող է կապ հաստատել հանդերձյալ աշխարհի ոգիների հետ և ինչ-որ կերպ հարկադրել նրանց հարաբերվել իր հետ: Այսօր էլ այն շատ տարածված է. մարդիկ պտտում են ափսեները, սեղանները, լսում են տարբեր ձայներ: Սրանով տարվել և տարվում են նաև «բարձր հասարակության» անդամները:
ՆԴ-ի երկրորդ արմատը թեոսոֆիան է, որի հիմնադիրն է Ելենա Բլավացկայան: Այն առավել լայն երևույթ է և իրենում միավորում է սպիրիտիզմի, հիպնոտիզմի, գնոստիցիզմի, արևելյան ու եգիպտական անթրոպոլոգիայի, ինչպես նաև արևելյան կրոնների հատվածներ: Բլավացկայայի ուսմունքում «նոր դարաշրջանը» կապվում էր վեցերորդ ռասսայի (մենք, իբր, հինգերորդ՝ արիացիների ռասսան ենք) ծննդյան հետ, որը պետք է օժտված լիներ սուր օկուլտային գիտակցությամբ: Նրա հաշվարկներով «նոր դարաշրջանը» սպասվում է 25 հազար տարի հետո, սակայն Բլավացկայա-Օկոլտ զույգին փոխարինելու եկած Անի Բեզանտ-Չարլզ Լեդիբերը (Անի Բեզանտի պլատոնական ընկերը, նախկին անգլիկան քահանա, որը հայտնի էր իր ֆանատիկ համասեռամոլությամբ) շուտով այդ ժամկետը նշանակալիորեն կրճատեցին: Համարելով, որ աշխարհն արդեն բավականաչափ հասունացել է «նոր դարաշրջանի համար», մշակեցին «Փրկչի» հայտնության իրենց հայեցակարգը՝ բուդդայականների կողմից սպասվող Բուդդա-Մայտրեյայի և Քրիստոսի երկրորդ գալստյան միաձուլումը: Իսկ իրենց խնամքի տակ վերցրած Կրիշնամուրտի անունով հնդիկ մի պատանու հայտարարեցին որպես իրենց քարոզած մեսիա կամ ապագա Մայտրեա: Բայց երբ պատանին հասակ առավ, հրաժարվեց իր դերից և հետագայում ստեղծեց իր էզոթերիկ դպրոցը: 1919թ. մասոնականության հեղինակավոր ղեկավարներից մեկը, թեոսոֆիական խմբերից մեկը ղեկավար, «Նոր դար» սատանայական շարժման առաջնորդ Ալիսա Բեյլին հայտարարել էր, որ Տիեզերական եկեղեցին՝ օկուլտիզմի, մասոնականության և քրիստոնեության միությունը «կհայտնվի այս (XXդ.) դարի վերջին»: Բլավացկայայի «Գաղտնի դոկտրինայի» շնորհիվ լայնորեն տարածվեց մահաթմաների՝ բարձրագույն ոգիների հիերարխիայի, գոյության առասպելը, որոնք գաղտնի կերպով ուղղորդում են մարդկության պատմությանը: Հետագայում այս գաղափարը տեղ է գտնում նաև տարբեր այլ օկուլտային ընկերություններում՝ սկսած Ռերիխների հետևորդներից և վերջացրած սատանայական խմբերը (օրինակ, մահաթմայի սայնեթոլոգիական տարբերակն է ԳՏ-ն՝ «Գործող տետանը»): Նիկոլայ և Ելենա Ռերիխներին նույնպես խորթ չէին «նոր դարաշրջանի» գաղափարները և նրանք իրենց հերթին ավելի մոտեցրին ժամանակները, ըստ որի «նոր դարաշրջանը» սկիզբ է առնելու 1936թ.:
Այս շարժումն ԱՄՆ-ում ձևավորեցին հիպպիները, որոնք մերժում էին նյութական արժեքները, արդի քաղաքակրթության տեխնոգեն բնույթը: Հետագայում, հասունանալով, դարձան «հասարակության պատվավոր անդամներ»՝ յապիներ, որոնք մտահոգվեցին այն հարցով, թե ինչպես պահպանեն իրենց մարմինը և հոգ տանեն մարմնի համար: 60-ականների թմրադեղային երիտասարդական հակամշակույթը և հաշիշի, խհԺ-ի (որի միջոցով իրականացվում է հոգեկան հիվանդների «բժշկումը»), մեսկալինայի և հալյուցինոգեն սնկերի ձեռնարկած «գիտակցության ընդլայնման» զանազան փորձերը ՆԴ կարևոր տարրերից են: Նման փորձերը ԱՄՆ-ի ամենահեղինակավոր համալսարաններում իրականացվել են երիտասարդների այնպիսի կուռքերի կողմից, ինչպիսիք են Ռիչարդ Ապպերտը, Թիմոթի Լիրին, Օլդոս Հակսլին, Ջոն Լիլլին և այլոք: Փորձարկումներ անելով պսիխոդելիկների հետ, Թ. Լիրին պարզել էր, որ դրանք արթնացնում են հոգեկան աշխարհի գաղտնի խորհրդաբանական ուժերը: Նրա մտերմագույն գործընկեր Ռ. Ալպերտը՝ Հնդկաստան կատարած ուխտագնացությունից հետո, ձեռնարկեց մեդիտացիայի արևելյան տեխնիկայի լայն քարոզը:
Դ գիտակցությունն առաջարկում է «լուսավորության» մի շարք պարզունակացված մեթոդներ: Այսպես օրինակ, սահաջա-յոգային նվիրված գովազդային գրքույկը խոստանում է, որ թաքնված ուժերն արթնացնելուն «այստեղ հասնում են առանց ջանքերի, առանց զղջման ու պահքի… Այժմ արդեն կարիք չկա խորամուխ լինել գրքերի մեջ, քարոզներ սերտել, ողորմություն տալ, ցուցաբերել նախաձեռնություններ, քանի որ եկել է վայելքի ժամանակը»: Այս հեշտացված սպառողական մեթոդիկան պատահական այցելուներին հնարավորություն է տալիս դյուրությամբ անցնել մի հակումից մյուսին (սկսած ձեն-բուդդիզմից այկի-դո, այնուհետև բուրգաբանություն, հոլոտրոպ շնչառություն ևն), իհարկե՝ քանի դեռ մարդը չի ընկել «Նոր դարաշրջանի» առևտրային դաշտում գործող որևէ տոտալիտար աղանդի ձեռքը: Սակայն գլխավորը կիսաթմրադեղային վիճակի որոնումն է, որին հասնում են, օրինակ, խորը հոլոտրոպ շնչառության միջոցով: Թոքերի հիպերվենտիլյացիայի հետևանքով մարդն ընկնում է մի հատուկ վիճակի մեջ, սկսում են հալյուցինացիաները, սատանայական խենթությունները: Դրան կարելի է հասնել նաև դինամիկ մեդիտացիաների միջոցով:
Այսպիսով, թեոսոֆիան մերօրյա ՆԴ շարժման նախատիպն է, իսկ Բլավացկայան ՆԴ սյուներից մեկն է, նրա անառարկելի հեղինակությունն ու ուսուցիչը: Ռուսաստանում ՆԴ ուսմունքի լրացուցիչ մասն է կազմում նաև Ռերիխների «կենդանի վարքականոնը» (”ՋՌՉՈ նՑՌՍՈ”) և Ագնի-Յոգան:
Օկուլտային իմացությունները մարդուն նրանով են գրավում, որ խոստանում են բարձրացնել նրան մինչև Աստծո վիճակի: ՆԴ ամենահայտնի «մարգարեներից» Դևիդ Սպենգլերը գրում է. «Եթե քրիստոնյաները պահանջում են զղջում, տառապանք, ինքնամերժում, ապա «Նոր դարաշրջանի» հետևորդները պահանջում են առատություն, սեր, անհատական և կոլեկտիվ բարեկեցության բարձրացում»1: Ազատագրելով սեփական հոգեկան ուժերը, մարդը բարձրացնում է իրեն: Գիտակցության առավել բարձր մակարդակներ բարձրանալուն համեմատ արմատապես փոխվում է նրա զարգացման ծրագիրը. նա անանձնական «տիեզերական գիտակցության» հետ միաձուլվելու ապրումներ է ունենաում, որտեղ անհետանում է սեփական «ես»-ի սահմանների զգացողությունը: Խորհրդաբանական պայծառեցումը՝ շնորհիվ իր ինտենսիվության և խորության, անհատականությունից հրաժարվելը դարձնում է ցանկալի և դյուրին: Այդ պահից ի վեր մարդն իր սեփական «էգոն» սկսում է դիտել որպես աղավաղում, խոչընդոտ, որ դժվարացնում է անանձնական տիեզերական գիտակցության հետ միաձուլմանը: Այդ պատճառով, «տիեզերական գիտակցության» վիճակից վերադառնալուց հետո մարդը, սովորաբար, իր «ես»-ը փքում-հասցնում է տիեզերական մասշտաբների: Հաճախ այս ինքնագնահատումը վերաճում է հիվանդագին վեհության մոլուցքի: Այսպես կիևցի Դ.Վ. Կանդիբան՝ խորը տրանսի վիճակ ապրելով, այդ իրադարձությունը դիտում է որպես մոլորակի պատմության մեծագույն հայտնությունը: Նրա կարծիքով Հիսուսի, Բուդդայի, Կրիշնայի, Զրադաշտի հոգևոր վիճակները, ըստ էության, ավելին չեն, քան Կանդիբայի միասնական և մեծ գիտակցության մասնավոր դեպքեր:
Ուսմունքը
Նորդարականների սոցիալական ֆանտաստիկ ուսմունքում կարելի է բազմաթիվ զուգահեռներ գտնել կոմունիստական ուտոպիայի հետ: Մեթյու Ֆոքսի «Գլոբալ քաղաքակրթության մանիֆեստը» ակամայից ասոցացվում է «Կոմունիստական կուսակցության մանիֆեստի» հետ: Նորդարականները՝ մարքսիստների (ինչպես նաև եհովականների) նմանությամբ, մոլորակը դրախտի վերածելը կապում են հեղափոխության հետ, միայն թե այս դեպքում՝ ոգեղեն ոլորտում, որը նրանք հասկանում են որպես անհրաժեշտությունների թագավորությունից պոկվելն ու ազատության թագավորություն թռիչք կատարելը: Եթե մարքսիստները պատմական միավոր էին դիտում հասարակական-տնտեսական ֆորմացիան, ապա նորդարականները այդպիսին են դիտում դարաշրջանը, աստղաբանական ժամանակաշրջանը: Եթե մարքսիստների համար ֆորմացիաների փոփոխությունը պայմանավորված են պատմության օրենքներով, ապա այս դեպքում դարաշրջանը փոփոխվում է աստղաբանական անխուսափելի փուլերով, իսկ տվյալ դեպքում նաև մարդկության վերջնական վիճակով՝ բացարձակ երջանկության թագավորություն, որտեղ նյութական և հոգևոր բոլոր խնդիրները լիովին կլուծվեն: Մարքսիստների նման նորդարականները ևս պատրաստ են քանդել «հին աշխարհի» մնացորդները: Բոլորովին պատահական չէ և այն, որ շատ օկուլտիստներ, որոնք եղել են ՆԴ-ի նախակարապետներն ու գաղափարախոսները, իրենց ժամանակին ուրախությամբ ողջունել են Ռուսաստանում բոլշևիկների իշխանության գալը:
Այսպես «Ագնի յոգա» կրոնաքաղաքական աղանդի հիմնադիր օկուլտիստ Ն. Ռերիխը Լենինին ուղղված իր ողջույնի նամակում գրել է. «Հիմալայներում մենք տեղեկացանք Ձեր գործերի մասին: … Դուք վերացրեցիք եկեղեցին, որը դարձել էր ստի և նախապաշարումների սերմանող: … Դուք ընդունեցիք մասնավոր սեփականության ոչնչությունը: Դուք կանխատեսեցիք համայնքի էվուլյուցիան…»: Իր «Ալթայ-Հիմալայներ» գրքում անդրադառնալով Լենկ Թեմուրին, նրան դիտում է որպես առաջադիմության գործիք. «Միթե Լենկ Թեմուրը մեծ դեզինֆեկտոր չէր: Նա շատ քաղաքներ քանդեց: Մենք գիտենք, թե ի՞նչ է նշանակում կավե քաղաքիկներ քանդելը, որոնք լի էին տարատեսակ վարակներով: Ահա մենք անցել ենք տասներկու քաղաքներով: Ի՞նչ կարելի է անել դրանց հետ: Ժողովրդի շահերից է բխում դրանք այրելը և դրանց կողքը նոր բնակավայրեր ստեղծելը: Քանի դեռ հները շարունակում են փտել, դժվար է մարդկանց հարկադրել նոր վայրեր տեղափոխվել»: Իսկ նրա աշակերտ Ա. Կլիզովսկին գրել է. «Իհարկե նման փոփոխությունները առանց ցավերի չեն անցնում և ուղեկցվում են մարդկային տառապանքներով, սակայն տառապանքի գլխավոր պատճառը ոչ թե ինքը փոփոխությունն է, որն անխուսափելի է, այլ էվոլյուցիայի օրենքների չիմացությունը»:
Ասվածը հաստատում են նաև «գլոբալ մաքրագործումների» մասին բազմակարծության ու հանդուրժողականության կողմնակից նորդարականների ծրագրերը, որոնք պետք է ուղեկցեն «նոր դարաշրջանի» հաստատմանը: Այս մաքրագործումների ընթացքում կկործանվեն ոչ միայն նոր ռեժիմի գիտակից հակառակորդները, այլ բոլոր նրանք, ովքեր հեռու են ՆԴ գիտակցությունից: Այսպես, ոգիների հետ հաղորդակցվող (կոնտակտյոր) Ալլա Տեր-Հակոբյանը գրում է. «Քաղցկեղային մարդաբջիջները… տիեզերական աղբը, իրենց զարգացման մեջ փակուղու հասած և իրենց ներքին հնարավորությունները չիրացրած հոգիները ոչնչացվելու են»3:
Խոսելով «Մայր-Երկրի մաքրման» մասին, ՆԴ «մարգարեները» հանգստացնում են իրենց ունկնդիրներին ու ընթերցողներին նրանով, որ «մահ, փաստորեն, գոյություն չունի», ուստիև «նոր դարաշրջանի» հաստատման ժամանակ սպանվածները՝ համաձայն հոգիների տեղափոխման օրենքի, կրկին կվերադառնան երկիր: Այսպես են արադարացվում ապագա սպանությունները՝ մաքրագործումները: Ավելին, նրանք արդարացնում են արդեն այսօր կատարվող սպանությունները: Օրինակ, «տիեզերական ոգիներից» մեկը հաղորդում է, որ եթե ծնողները զբաղված են իրենց հոգևոր աճով, ապա աբորտները միանգամայն թույլատրելի են:
ԱՄՆ Կոլորադոյի նահանգի Դենվերի բողոքական սեմինարիայի աստվածաբանության և փիլիսոփայության պրոֆեսոր Գորդոն Լյուիսը` խոսելով մեր ժամանակներում պանթեիզմը տիրապետող աշխարհայացք դառնալուն խոչընդոտելու անհրաժեշտության մասին, Հնդկաստանում ունեցած իր փորձից ելնելով, գրում է. «Տեսա, թե որքան դժվար է Ավետարան քարոզել պանթեիստներին, ովքեր համոզված են, որ իրենք արդեն աստվածային են, օժտված են ինքնակատարելագործման անսահման մեծ պոտենցիալով, անմեղ են ծնունդից ի վերև կարիքը չունեն հանուն ամբողջ մարդկության Քրիստոսի քավիչ զոհաբերության»:
Նյուէյջերականների կողմից Արևմուտքում գործածվող պանթեիստական մոնիզմի արմատները հարկ է փնտրել հպարտության մեղքով պատված մարդկային հոգու խորքերում:
Եդեմի պարտեզում մեկ անգամ տրվելով հայտնի «բարեգործի» մոլորությանը, որ խոստացավ, թե «կլինեք ինչպես աստվածներ…» (Ծննդոց 3:5), մարդը մինչև օրս չի հրաժարվում աստվածանալու մտադրությունից: Սրանից ելնելով, ոմանք ջանում են աստվածացնել բնությունը և որպես բնության մաս նաև` մարդուն` փորձելով վերջնականապես հրաժարվել Աստծո գոյությունից և միարժեքորեն ինքնագլուխ դառնալ: Այս գործին են ծառայել բազմաթիվ ուսմունքներ` թե հեթանոսական շրջանում և թե ներկայում: Շարունակ տրոհվող բողոքականությունն իր աստվածաբանությամբ ի վերջո ծնեց Նոր կրոնական շարժումներին, որոնց թվին է պատկանում դարնց բոլորից առաջ անցած «Նոր դար» շարժումը:
Մուտքը աղանդ, կամ ի՞նչ են ուսուցանում ՆԴ սեմինարների ժամանակ
Սեմինարին մասնակցելիս պահանջում են հոգեկան առողջության մասին տեղեկանք, ստորագրել մի փաստաթուղթ, ըստ որի «Նոր դար» կենտրոնը պատասխանատվություն չի կրում այն բանի համար, ինչ կարող է պատահել մարդու հետ հետագայում: Եվ սա ավելորդ զգուշավորություն չէ, քանի որ այնտեղ գոյություն ունի մարդուն վճռականություն ներարկելու մեթոդիկա: Սկսվում է այսպես. պետք է մոտենալ և ինչ-որ բան խնդրել: Հետո՝ ավելին… Գոյություն ունեն սուֆիական պարերի, տանտրաների, ապագան գուշակելու, կորած իրերը գտնելու, «մտքի ուժով» առարկաներ շարժելու ուսուցման սեմինարներ:
Մանրամասնորեն ուսումնասիրում են, թե ինչն է խանգարում ցանկալի արդյունքին հասնել: Ալեքսանդր Էվերեստը ստեղծել է մարդու կարողությունները զարգացնելու, հոգևոր պոտենցիալը բացահայտելու մի շարք մեծ դպրոցներ: Դրանց ուղղություններից մեկն էլ նվիրված է բիզնեսին: Հավաքվող մեծ լսարանից յուրաքանչյուր անձ վճարում է 300-500 դոլար: Տրվում են հասարակ հարցեր. լա՞վ է հարուստ լինելը: Պատասխանում են. հարստությունը, երջանկությունը, առողջությունը նորմեր են: Դրանք հնարավորություն են տալիս քեզ ճանապարհորդել, նվերներ տալ, ապրել լիարժեք կյանքով: Դու ցանկանո՞ւմ ես աննորմալ լինել: Ոչ: Գրպանից հանում է փողի հաստլիկ կապոցը և առաջարկում լսարանին՝ եկեք, վերցրեք: Մարդիկ հապաղում են, հետո ինչ-որ մեկը վերցնում է: Նրան հարցնում են, թե ինչ զգացողություն ունեցավ փողը վերցնելիս: Վախ: Էվերեստը սկսում է վերլուծել այդ խնդիրը՝ վախ փողերի առջև և այլն: Ցույց է տալիս, թե ինչպես են փողերն աշխարհով մեկ պտտվում, պարզաբանում է փողի նկատմամբ վերաբերմունքի փիլիսոփայությունը: Ի պատասխան այն բանին, որ կան բաներ, որոնք չի կարելի փողով գնել, օրինակ՝ սերը, ասվում է. «Նա, ով կարծում է, թե իբր սերը չի կարելի փողով գնել, նա պարզապես ինձ հետ մեկտեղ չի գնում խանութ»: Պնդում է, որ կա այնպիսի «խանութ», որտեղ գնվում է սերը: Նկատի է առնվում, որ կարելի է, օրինակ, սիրո արժանանալ շռայլությամբ և այլն, որ փողը մեզ ազատություն է տալիս: Ապացուցում է, որ հարուստը նա է, ով Աստծո հետ է, իսկ աղքատը նա է, ով թշվառության, փորձանքի հետ է: Ուստի, եթե դու աղքատ ես, ապա քեզ հարկ է փոխել կյանքի նկատմամբ վերաբերմունքը: Էգոիզմն այստեղ ակնհայտորեն հանդես է գալիս որպես անկյունաքար: Ընդ որում Նոր դարը հսկայական արագությամբ զարգացնում է կրքերի բոլոր տեսակները: Մարդուն ասում են. դու ամեն բան կարող ես: Եթե մասնակցես սեմինարին, կդառնաս հարուստ, կատարյալ, սակայն… հրաժարվիր Աստծուց: Իհարկե, դա այդպես ուղղակի չեն անում՝ դա արվում է այլ կերպ. «Հին դոգմաներից, ուսուցիչներից մի կախվի՛ր: Աստված քո սրտո՛ւմ է: Նա ամպերի մեջ շրջող պապիկ չէ: Դու՝ ինքդ Աստծո որդին ես»: Քեզ չեն սովորեցնում չարիք գործել, գողանալ: Հակառակը, հարցնում են. ցանկանո՞ւմ ես բարիք գործել: Եվ ինչ-որ կերպ այդ բարի գործը ամեն անգամ տարբերվում է Քրիստոսի ուսմունքից: Բոլոր գայթակղությունները, որոնց Տերը հաղթեց անապատում, Նոր դարում ունեն իրենց հիմնավորում-արդարացումները:
Այլ կրոնների նկատմամբ, սովորաբար, չկա ագրեսիվության դրսևորում. ներարկվում է բոլոր կրոնների նկատմամբ հանդուրժողականությունը: Եվ կարելի է օգտագործել դրանցից յուրաքանչյուրը, բայց ոչ թե որպես նպատակ, այլ՝ որպես միջոց: Սակայն կան այնպիսի հոսանքներ, օրինակ Տանտրա-յոգայով աշխատողները, որոնք կարող են ագրեսիվ լինել: Խիստ վտանգավոր է մանավանդ մարդկանց ներգրավումը Նոր դարի մեջ հեթանոսության, էզոթերիկ պրակտիկաների միջոցով: Դրանցից են ռուսական բարկաշովականները և ֆաշիստական այլ կազմակերպություններ:
Այստեղ Հակաքրիստոսին համարում են որպես համաշխարհային կրոններից մեկում գործածվող վախի համակարգ, սակայն առջևում լուսապայծառ ապագան է:
Օկուլտիզմը, չգիտակցված սատանիզմը ներծծված է Նոր դարի բոլոր պրակտիկաների մեջ:
Աղանդի խայծը: Մարդիկ տեսնում են, որ իրենք նման են միմյանց և ունեն միևնույն ցանկությունը՝ երջանկություն, ընտանեկան լավ հարաբերություններ, փող: Իսկ աղանդը նրանց հարցնում է. դուք ցանկանո՞ւմ եք այս ամենը արագ և երաշխավորված կերպով ունենալ: Բանն այն չէ, թե կկատարեն արդյոք այս խոստումը, այլ այն, թե ինչ կուզեն դրա փոխարեն: Նրանք խոստանում են ներդաշնակություն, հանգիստ, սեր և հաջողում են միլիոնավոր մարդկանց բերել այդ վիճակի. ոչ թե հոգու փրկության, որին ձգտում են ուղղափառները, այլ՝ հոգևոր հարմարավետության և դրամական բարեկեցության: Այստեղ առկա է նաև մի խորոմանկ հնարք՝ եթե ցանկանում ես որևէ բան ստանալ, նախ սովորիր տալ: Բացի այդ, ինչ էլ ասելու լինեն, իրականում ամեն բան պտտվում է փողի շուրջ:
Կրոնի և եկեղեցու հետ չառնչված մարդուն ասում են, որ եթե Աստված բարի է, ապա ուրեմն բարին Աստված է: Իսկ ի՞նչ է բարին. դա այն է ինչը մեզ համար օգտակար է, հաճելի…
Գիտակցության մանիպուլյացիա
Աղանդի հետևորդի զենքը ատրճանակը չէ, այլ իր վրա ազդելու և շրջապատողներին կառավարելու կարողությունը: Մեթոդները բազմաթիվ են՝ սկսած պարզագույնից (Կարնեգիի ոգով) մինչև նյարդալեզվաբանական (նեյրոլինգվիստական) ծրագրավորումը (ՆԼԾ): Համաձայն ՆԼԾ-ի մոտեցման, համակարգչի նմանությամբ կարելի է մարդուն ծրագրավորել և վերածրագրավորել՝ օգտագործելով խոսքը:
Կենտրոնները: ԱՄՆ-ում գործող կենտրոնները՝ Օպեն-կենտրոն, Օմեգա-ինստիտուտ, Նարոպա-ինստիտուտ… Օպեն-կենտրոնում տարեկան անց է կացվում 900 սեմինար:
Հետևորդների թիվը
Համաձայն ամենահամեստ հաշվարկների, ԱՄՆ-ում Նոր դարով տարվածները կազմում են բնակչության մեկ երրորդը: Այնտեղ գրեթե բոլոր գյուղերում գոյություն ունեն աղանդի կենտրոններ, և նախագահի թեկնածուներն աշխատում են այդ լսարանի հետ, տալիս խոստումներ…
Բնութագիրը
«Նոր Դար»՝ Նոր կրոնական շարժման հոսանքից է (կարելի է ասել` այդ հոսանքն ամբողջությամբ ներկայացնող)՝ տոտալիտար աղանդ: Ուսմունքը պանթեիստական մոնիզմին հենվող սինկրետիզմն է, որի հետևանքով էլ այն իր մեջ է ներառում բազմաթիվ աղանդներ ու կազմակերպություններ: Նոր դարը կենտրոնացված կառույց չէ, և չունի միասեռ ուսմունք: Միաժամանակ, շարժման բոլոր խմբերն ունեն մի շարք դոկտրինալ ընդհանրություններ, ինչպիսիք են արևելյան փիլիսոփայության պանթեիզմն ու մոնիզմը, գաղտնի օկուլտային ուսմունքները և քրիստոնեական Աստծո կատաղի մերժումը: Կառուցվածքով ամորֆ, օկուլտային նեոհեթանոսական շարժում է:
Տոտալիտար աղանդների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանց բոլորի ուսմունքներում առկա են ինչպես օկուլտային տարրերը, այնպես էլ նոր ժամանակաշրջանի սպասումը: Օրինակ, մորմոնների աղանդի հիմնադիր Ջոզեֆ Սմիթը, որը խորապես տարված էր սպիրիտիզմով և հաճախ էր հաղորդակցվում ինչ-ինչ ոգեղեն էակների հետ (որը հատկանշական է ՆԴ համար), հայտարարել է «նոր հայտնության» դարաշրջանի սկզբի մասին: «Աստծո զավակներ» (կամ «Ընտանիք») աղանդի հետևորդներն խոսում են, այն մասին, որ շուտով կգա նոր դարաշրջանը, մունականները խոսում են մարդու վերափոխման և այն մասին, որ կգա Աստծո թագավոությունը երկրի վրա և կհայտնվի նոր մարդը, կրիշնայականները ճանապարհորդում են տարբեր մոլորակներով մեկ, իսկ սայնեթոլոգները երազում են նոր, «մաքրագործված» մարդկության մասին և սպասում են «մաքրազերծված» մոլորակի վրա նոր դարաշրջանի հաստատմանը:
Հարկ է նկատել, որ շեղումը դեպի օկուլտիզմ վաղուց արդեն նախապատրաստվել է աթեիզմի կողմից, քանի որ երբ մարդիկ դադարում են հավատալ Աստծուն, նրանք սկսում են հավատալ մնացյալ ամեն ինչին: Սրա վկայությունն է նաև յուրահատուկ ժարգոնի և դրա տերմինների առկայությունը:
Թեև ՆԴ-ն բազմաթիվ ինքնուրույն աղանդավորական խմբերի հավաքականություն է, սակայն այստեղ նկատվում է նրանց ապշեցուցիչ միասնականությունը, շարժման մեջ առկա է բավական խիստ միասնական կմախք: Այս միասնականությունը ապահովվում է ոչ այնքան հայացքների ընդհանրությամբ, որքան կյանքի նկատմամբ հատուկ խորհրդաբանական վերաբերմունքով, որը սնվում է գերբնական աշխարհի հետ հաղորդակցությամբ:
«Նոր դարն» այլ բան չէ, քան կվազիկրոնական (կեղծկրոնական) աշխարհայացքային համակարգ: Այստեղ գոյություն չունի որևէ սկզբունային նորույթ. այն լոկ վերաիմաստավորել է արևելյան ավանդական փիլիսոփայության հասկացությունները` քիչ թե շատ ներդաշնակ դարձնելով այն քրիստոնեությանը հենվող արևմտյան աշխարհայացքին: Ինչևէ, անհաշտ ուսմունքները հաշտեցնելու բոլոր փորձերը անխուսափելիորեն վերածվել են տերմինաբանության վերաիմաստավորման խաղերի:
«Նոր դար» շարժումը տիրապետում է մարդկային գիտակցության և աշխարհայացքի փոփոխության տարատեսակ հնարքների: Այն ձգտում է տրանսֆորմացիայի ենթարկել իր հետևորդների անհատականությունը` կյանքի և հավատքի համակարգի նկատմամբ նրանց հայացքները: Այդ նպատակով նրանք օգտագործում են օկուլտային ամենատարբեր մեթոդները: Դրանց մի մասը, ինչպես օրինակ` մեդիտացիան, «լուռ աղոթքը» և սպիրիտիզմը մատչելի են միայն նվիրաբերյալներին: Այլոք, որոնք կապված են նյուէյջերական շրջանականերում հանրահայտ մոգության տեսակների հետ, կարող են գործածվել նաև չնվիրաբերվածների կողմից: Այդ մեթոդներից են բյուրեղների, հանքաքարերի, տարբեր չափի բուրգերի, թանկարժեք քարերի, կրոնական առարկաների, հոմեոպատիկ միջոցների և այլ իրերի օգտագործումը, որոնք իբրև թե «բնական ուժ» ունեն:
Նորդարականների տարատեսակ խորհրդանշանները ամենուրեք գործածվում են երիտասարդության կողմից, որոնք հաճախ չեն էլ կասկածում դրանց նշանակության մասին: Առավել հաճախ հանդիպող նման խորհրդանշաններից են ծիածանը, բուրգը, եռանկյունին, եռանկյան մեջ պարփակված աչքը, միեղջյուրը, տայցզիի նշանը (ին-յան` շրջանակի մեջ պարփակված երկու ֆիգուրաներ, որոնք նման են ստորակետների) և այլք:
Ինչ ձև էլ, որ ընդունի «Նոր դարի» քարոզչությունը, այն միշտ էլ հստակ հակաքրիստոնեական ուղղություն ունի: Քրիստոնյաները մեղադրվում են մարդկության բոլոր դժբախտությունների մեջ: Ընդ որում, «Նոր դարը» լայնորեն հիմնվում է «աշխարհիկ հումանիստների» շարքի իր գաղափարակիցներին: Այնպիսի հռչակագրերը, ինչպիսիք են 1933թ. «Հումանիստական մանիֆեստը» և 1973թ. «Երկրորդ հումանիստական մանիֆեստը» վճռականորեն հանդես են գալիս հենց քրիստոնեության դեմ` առանց շոշափելու հեթանոսական և ամենատարբեր կեղծկրոնական հավատալիքները: Օրինակ, «Երկրորդ հումանիստական մանիֆեստում» ասվում է. «Մենք հավատում ենք … որ ավանդական դոգմատիկ աստվածաբանությունը, կամ ավտորիտար կրոնները, որոնք Հայտնությունը, Աստված, ծեսը և հավատքի խորհրդանիշը ավելի բարձր են դասում մարդկային կարիքներից ու փորձից, վնաս են հասցնում մարդկությանը: … Մենք գերբնական Աստծուն հավատալու բավարար հիմքեր չենք տեսնում»: Ակնհայտ է, որ դատապարտվում է ոչ թե կրոնն ընդհանրապես, այլ կոնկրետ քրիստոնեությունը: Աշխարհիկ հումանիստները և Եկեղեցու այլ թշնամիները աշխարհով մեկ միավորվում են միություններում` նպատակ ունենալով պայքարել քրիստոնեական հավատքի դեմ: Միայն ԱՄՆ-ում գոյություն ունեն տասնյակ այդպիսի կազմակերպություններ. «Ամերիկյան քաղաքացիական ազատականների միություն», «Ամերիյան աթեիստների ասոցիացիա», «Հանուն եկեղեցին պետությունից անջատելու պայքարի ամերիկյան միություն» և այլք:
Հինդուիստական և թեոսոֆիական ուսմունքների հանրամատչելիության աճին նպաստտում են նրանց մասին լայնորեն տարածված այն կարծիքը, թե իբր նրանք ամենահաշտարար բնույթ ունեն: Բացի այդ, մեր ժամանակներում մեծ նշանակություն է ձեռք բերել համաշխարհային կրոնների սինթեզման անհրաժեշտությունը:
Կարելի է առանձնացնել «Նոր ժամանակաշրջանի» մտածելակերպի լայն տարածման պատճառը բացատրող չորս առանցքային գործոններ.
1. 19-րդ դարում տրանսցենդենտալիզմի և գիտամետաֆիզիկական մտածելակերպի ծագումը,
2. Օկուլտիզմի հանրամատչելիությունը,
3. Արևելյան փիլիսոփայությունների նկատմամբ աճող հետաքրքրությունը,
4. Քրիստոնեության քննադատման լայն տարածումը:
Նոր կրոնական և կեղծկրոնական շարժումների հանրահայտ փորձագետ Ուոլթեր Մարտինը մշակել է չափանիշների մի ցանկ, որի միջոցով կարելի է՝ առանց գաղտնի տեսությունների և մեղքի մասին անսահման դատողություններին անդրադառնալու, որոշել խմբի պատկանելությունը «Նոր դար» պաշտամունքին.
Չնայած յուրաքանչյուր խմբի կողմից իր անհատական տրանսֆորմացիայի համար գործածվող հնարանքների տարբերությանը, խմբերի նպատակը մշտապես մեկն է. փոխակերպել անհատականությունը, իսկ հետո՝ փոխակերպել աշխարհը: Երկու հիմնական պոստուլատներից մեկը նորդարյան (կամ պանթեիստական) մոնիզմն է. հավատն առ այն, որ ամեն ինչ միասնական է: Այսինքն, առանձին էակների (Արմենի և Սուրենի, Սուրենի և ծառի, Աստծո և Սուրենի) միջև եղած տարբերությունները միայն թվացյալ են, իրականում դրանք չկան: Նորդարականների համար այս ուսմունքի կարևորությունն ընդգծում է Ջոնաթան Սթոունը, որը դա համարում է նոր աշխարհակարգի անհրաժեշտ բաղկացուցիչը: Մոնիզմի այս հայեցակարգում անհատականության համար տեղ չկա: Նրանք հավատում են, որ մարդուց դուրս գոյություն չունի Աստված, քանի որ մարդն ինքն է Աստված: Սա էլ երկրորդ պոստուլատն է:
«Նոր ժամանակաշրջանի» կազմակերպված խմբերը կարելի է պայմանականորեն դասակարգել չորս կատեգորիաների. կրոնական խմբեր, քաղաքական խմբեր, սոցիալապես ակտիվ խմբեր, «Նոր ժամանակաշրջանի» երևելի ներկայացուցիչներ: «Նոր ժամանակաշրջանը» փոքր խմբերի միջազգային ցանց է, որոնք գործում են հանուն ընդհանուր նպատակի:
Ներկայումս գոյություն ունեն «Նոր ժամանակաշրջանի» ավելի քան 5 000 կրոնական խմբեր: Նրանք ներկայացնում են ուսմունքների մի ամբողջ սպեկտոր: Սրանց մեջ կան միանգամայն տարբեր խմբեր՝ սկսած հինդուիզմ ուսումնասիրող անվնաս խմբակներից մինչև անհատի ու հասարակաության համար վնասակար քայքայիչ կրոնական կազմակերպությունները, որոնք արևմտյան փորձագետների կողմից դասվում են օկուլտային կամ սատանայամետ ուղղվածության «ֆրենոդասական աղանդների» («ուղեղները խոցող-քայքայող») կարգին: «Նոր դարի» ամենագլխավոր ձգտումն է տիրանալ երիտասարդների հոգիներին: ՌԴ ողջ տարածքում ֆիզկուլտուրայի ժամերին յոգա պարապելու և մեդիտացիա անելու ճանապարհով Նոր դարը» թափանցել է դպրոցներ: Արևելյան մենամարտի ակումբներից շատերը, սովորաբար, նորդարյան ազդեցության տարածողներն են: Նման ակումբներումավելի շատ խոսվում է ոչ թե մարտարվեստի, այլ դրանց «գաղափարական հիմքի»` «համաշխարհային կարգի», «դաո»-ի և այլնի մասին:
ՌԴ Առողջապահության և բժշկական արդյունաբերության նախարարության 1996թ. տեղեկատվական փաստաթղթում «Նոր ժամանակաշրջանի» որոշ խմբեր որակավորվել են որպես քայքայիչ կրոնական կազմակերպություններ (տոտալիտար աղանդներ, քայքայիչ պաշտամունքներ):
«Նորդարական օկուլտիզմով միանգամայն տոգորված է էկոլոգիական ամբողջ շարժումը»,- գրում է Ալ. Դվորկինը: Իր գաղափարները քարոզելու նպատակով նորդարականները ակտիվորեն օգտագործում են ՄԱԿ-ի կառույցները, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՈ-ն: 1991թ. ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից հայտարարվել էր Բլավացկայայի տարի: ՄԱԿ-ի բազմաթիվ տարատեսակ փաստաթղթերում, մասնավորապես մարդկային զարգացման և էկոլոգիային վերաբերող, հաճախ արծարծվող «նոր մտածելակերպ», «նոր պարադիգմա» տերմինը հաջողությամբ իրականության է վերածում հենց «Նոր դար» շարժումը, որի կարևոր դրսևորումներից է լեզվամտածողության փոփոխությունը (տես «Բիթլզի» հետ ասպարեզ եկած ժարգոնի մասին, «Կոմիտե-300»): Հանրահայտ նորդարական հեղինակներից և աստղերից են. Ռիչարդ Բախը («Ջոնաթան Լինգվիսթոն անունով ճայը»), Բարբարա Մարքս-Հաբարդ, գրող և հոլիվուդյան դերասանուհի Շիրլի Մաք Լեյնը, Բեթթի Գալիեան, ռեժիսոր Ջորջ Լուկասը, նորդարականների ԱՄՆ-ի գլխավոր հովանավոր Ալբերտ Գորը` ԱՄՆ նախկին պետքարտուղար:
Գրանցված չէ ՀՀ Կրոնի գործերի պետական խորհրդում: ՀՀ տարբեր գրախանութներում տևականորեն վաճառվել են «Նոր դար (“New Agw”)» հրատարակչության կողմից հրատարակված բազմատեսակ գրքեր, ինչից կարելի է ենթադրել, որ դրա կողմնակիցների թիվն աճել է:
Հետևանքները: Շատ աշակերտներ ինքնասպան են եղել, դարձել թմրամոլներ, կորցրել մտավոր հավասարակշռությունը, կորցրել ընտանիքը: Մարդիկ ձեռք են բերում մի ուրախություն, որի մեջ կյանք չկա: Ամեն բան լավ է, սակայն հոգումդ մի ծանրություն կա, որը գնալով խորանում է:
Գաղափարախոսության հայտանիշները
Ամենաբնութագրական հայտանիշներից է channeling-ն է, որը թարգմանվում է որպես կապավորություն, հաղորդակցում, այսինքն՝ մեկը, որ կարող է կապվել ոգեղեն ուժերի հետ, որոնք մտնում են նրա մեջ և նրա մջջոցով խոսում, այսինքն նա ոգեղեն էակներին անց է կացնում իր մջջով՝ ինչպես ալիքը: Հաճախ օգտագործվում է ռուսերեն տարբերակը՝ «կոնտակտյոր»: Չենելինգը սպիրիտիզմի տարատեսակներից մեկն է, թեև սպիրիտիզմում ոգիների հետ հաղորդակցումը տեղի է ունենում, երբ ոգին իր մասին իմացնում է նյութական առարկաների շարժման միջոցով: Այս առումով չենելինգն ավելի մոտ է ոգեհարցության երևույթին, երբ ոգին հաղորդակցվում է իֆչ-որ մեկի միջոցով:
Կրոնների միասնականության ցնդաբանությունը
«Նոր դար» շարժումը մշտապես փորձում է ապացուցել իր ունիվերսալությունը, պնդում է թե իբր ինքն իր մեջ հաշտեցնում է ներկայումս գոյություն ունեցող բոլոր կրոնական ուսմունքները: Շարժման կողմնակիցներն ասում են, թե բոլոր կրոններն ու աղանդները, ըստ էության, խոսում են միևնույն բանի մասին, և նրանց միջև առկա բոլոր տեսանելի տարբերությունները լոկ պատրանք են: Բոլոր կրոնների անխուսափելի ճակատագիրը հաշտվելն` լուծվելով «Նոր դար»-ի գաղափարախոսության մեջ:
Այն կրոնների միավորման Բլավացկայայի վտանգավոր նախաձեռնության արդի դրսևորւոմն է: «Նոր դարաշրջանի» գիտակցության հիմքում ընկած գաղափարները միանգամայն առանձնացնում են նրան քրիստոնեությունից, բայց միաժամանակ հարմար պայման են ստեղծում բոլոր այլ կրոնների միավորման համար: Եթե անձնավորված Աստված կարող է լինել միայն մի որոշակի կրոնական ուսմունքի աղբյուր, ապա անանձնական խորհրդավոր ոգին ունակ է մարմնավորվել ցանկացած տեսքով: Անանձնական աստվածության գաղափարը թույլ է տալիս տարբեր կրոնները դիտարկել որպես դեպի միևնույն խորհրդավոր ճշմարտությանը տանող տարբեր ճանապարհներ: Ահա թե ինչ է գրում ամերիկյան քրիստոնյա մտածող Սվիհարթը. «Մենք տեսնում ենք, թե ինչպես է պատկերվում իր բնությամբ օկո