Armenpress.am-ը գրում է․

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի առողջապահության նախարար, դոկտոր Ալաա ալ-Ալուանին (Dr. Alaa Al Alwan)։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջապահության բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Դեսպանն անդրադարձել է 2012թ. Հայաստանի և Իրաքի միջև առողջապահության ոլորտում ստորագրված Փոխըմբռնման հուշագրի վերանայման անհրաժեշտությանը, բժշկության բնագավառում վերապատրաստման կուրսերի կազմակերպմանը, բժշկական զբոսաշրջության զարգացմանը, հայ բժիշկների Իրաքում մասնագիտական օգնություն ցուցաբերելու և Հայաստանում դեղարտադրող ընկերությունների՝ Իրաքում ներկայանալու հետ կապված խնդիրներին։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել  վերոհիշյալ և այլ հարցերի քննարկման նպատակով կազմակերպել մասնագիտական պատվիրակությունների փոխայցելություններ։

Նախարար ալ-Ալուանը մեծ գոհունակությամբ ընդունել է ՀՀ դեսպանի կողմից առաջարկված գործիքակազմի շուրջ համագործակցության խորացումը, և հավելել  հետագա փոխգործակցության շուրջ իրաքյան կողմի պատրաստակամության մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել