Մի՝ բավականին անսպասելի ձևաչափի մասին
Տարվա սկզբից սկսած քննարկումներից հետո պատմաբան Սամվել Ֆարմանյանի հետ որոշեցինք հանդես գալ համատեղ հեռուստանախաձեռնությամբ՝ սկսել զրույցների շարք, որը նվիրված կլինի բոլորիս հուզող քաղաքական խնդիրների դիտարկմանը լայն պատմական համատեքստում:
Փորձելու ենք պատմական զուգահեռներ անցկացնելով՝ ավելի մեծ սահմանների մեջ տեղադրել մեր ներկան և փորձել հասկանալ, թե որքանով ենք մենք, որպես պետություն ու ժողովուրդ, դասեր քաղել հայոց և ընդհանուր պատմությունից։
Նպատակներից հաջորդը մեր ցանկությունն է՝ փաստել այն ճշմարտությունը, որ քաղաքականությունն, այդուհանդերձ, ինտելեկտուալ զբաղմունք է, որտեղ քաղաքական գործիչներից ու կուսակցություններից առաջ, երբեմն տեսանելի, երբեմն էլ աննկատ՝ հաղթում կամ պարտվում են մտքերն ու գաղափարները, երկրներն ու ժողովուրդները։
Մեր ծրագիրը նպատակ չունի «բացահայտելու միակ ճշմարտությունը» քննարկվող այս կամ այն խնդրի շուրջ կամ քննության առնելու այդ խնդրի ողջ պատմական համատեքստը, ինչն անհնար է և վեր է մեր ուժերից ու կարողություններից։
Ունենալով տարբեր քաղաքական կենասգրություններ և տարբեր դիտակետեր քաղաքական պրոցեսների այլաևայլ փուլերում՝ ցանկանում ենք նաև ցույց տալ, որ կուսակցական և քաղաքական կարևոր ու անկարևոր տարաձայնություններից անդին կա քաղաքական խնդիրների ընկալման ու քննարկման մի մակարդակ, որը վեր է օրվա բաժանումներից, պահանջում է համատեղ ջանք՝ լինի դա քաղաքակիրթ բանավեճի, թե փոխհամաձայնության ձևաչափերով: Քաղաքականության այս վերկուսակացական, պետական ընկալումը պակասում է այսօր Հայաստանում։ Այն որոշակի ճգնաժամ է ապրում նաև աշխարհում:
Այս զրույցները եթեր կհեռարձակվեն կիրակի օրերին, ժ․ 12.00-ին, «Քառյակ մեդիա» ընկերությանը պատկանող լրատվամիջոցներով՝ «ArmNews» հեռուստատեսությամբ և «ArmNews» ռադիոյով, կտեղադրվեն www.tert.amկայքում, և բնականաբար, տարածում կունենան նաև սոցիալական ցանցերում։