Ավտոմեքենաների մաքսազերծման՝ Նորագավիթում գտնվող կետում իր աշխատանքից հեռացվեց Հայկ Մարտիրոսյանը, ով թափթփված կեցվածքով էր դիմավորել երկրի վարչապետին: Անկեղծ ասած՝ առաջին տպավորությունս այդ դրվագից այն էր, որ իրոք այս ծառայողը չի համապատասխանում իր զբաղեցրած դիրքին եւ կարող է եւ հեռացվել (այլ բան է, թե ում կողմից եւ ինչ ընթացակարգով): Դրոշի հետ կապված դրվագը եկավ ընդամենը ամրապնդելու այդ՝ արդեն ձեւավորված կարծիքս:
Սակայն այսօր իմացա մի բան, որը, եթե ճիշտ է (իսկ աղբյուրս, չեմ կարծում, պատճառ ունի ինձ սխալ տեղեկություն տալու), արմատապես փոխում է իրավիճակը եւ կարող է հիմք դառնալ այդ հեռացման որոշման վերանայման համար, եթե անգամ այն եղել է «սեփական դիմումի համաձայն»:
Ինձ հայտնեցին, որ Ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսա-հաշվային ֆակուլտետի (որտեղ նա սովորում էր) մի նեղ շրջանա տեղյակ է եղել, որ Հայկ Մարտիրոսյանն առնվազն այդ տարիներին ողնաշարի խնդիր է ունեցել, որի արդյունքում մի ուսը մյուսից ցածր է եղել, եւ նա ստիպված է եղել դասերի հաճախել ռետինե հատուկ ամրակներով՝ ուսին եւ ողնաշարին հագած, որոնք ինչ-որ կերպ թույլ են տվել նրան շատ թե քիչ աշխատունակ կեցվածք պահպանել:
Չգիտեմ՝ որքանով եմ ճիշտ վարվում, որ հրապարակում եմ Հայկ Մարտիրոսյանի առողջությանը վերաբերող մի տեղեկատվություն, որն ինքը չի ուզել հրապարակել անգամ աշխատանքը կորցնելու վտանգի ներքո՝ արդարանալու համար: Հեռակա ներողությունում եմ խնդրում Հայկից դրա համար: Համենայն դեպս, իմ աղբյուրը չի կարողացել կապ հաստատել իր հետ, քանի որ նա անջատել է հեռախոսը եւ չի պատասխանում լրագրողների, իրավապաշտպանների եւ որեւէ մեկի հարցերին: Սակայն սա մի բան է, որի չհրապարակելն էլ կնշանակեր ոտնահարված արդարություն եւ չիրացված արդարադատություն: Այսպիսով՝ սա կարեւոր է իմանալ նախեւառաջ Նիկոլ Փաշինյանին՝ որպես իր որոշումը վերանայելու հիմք:
Ի դեպ, այն, որ Հայկը չի բարձրաձայնում այս հանգամանքը, միայն դրական է խոսում նրա մարդկային արժանիքների մասին: