Ռալֆ Լիֆշիթցը ծնվել է 1939 թվականին Նյու Յորքում, Ֆրանկ Լիֆշիթցայի ու Ֆրեյլդ Կոթլյարի ընտանիքում, ովքեր 1920-ականներին ԱՄՆ են տեղափոխվել Բելառուսից: Ֆրանկը ձգտել է զբաղվել արվեստով, աշխատանքից զատ զբաղվել է երաժշտությամբ, սակայն նա ստիպված էր աշխատել, քանի որ ողջ ընտանիքն իր հույսին էր:

6 հոգուց բաղկացած ընտանիքը տեղավորվում էր Բրոնքսի մի փոքրիկ տանը: Ռալֆին դեռ մանկուց գերել են արվեստը, գեղեցիկ հագուստը, հոլիվուդյան աստղերը և սպորտսմենները: Հաճախ նա իրեն պատկերացրել է Ջեյմս Սթյուարտի կամ էլ Քերի Գրանտի տեղը, իրեն ոգեշնչել են դերասանների արտաքինն ու վարվելաձևը:

Օրերից մի օր Ռալֆն իր ընկերներից մեկի տանը տեսել է մեծ, հարուստ զգեստապահարան: Իրեն զարմացրել ու ապշեցրել է հագուստի գեղեցիկ ու հավասար դասավորվածությունը: Այսպիսի բան Ռալֆի ընտանիքն իրեն թույլ տար չէր կարող, քանի որ իրենց տանը միայն մեկ պահարան կար, և դա բոլորի համար էր: Այդ պահին Ռալֆը որոշեց, որ չի կրկնելու իր ծնողների ճակատագիրը և ինքը կունենա իր անձնական հագուստի պահարանը:

Նրա համար հարստությունն ու հաջողությունն առաջնային էին: 20 տարեկանում նա արդեն բավական գումար էր հավաքել, որպեսզի կարողանա իր համար կոստյում գնել: 

16 տարեկանում Ռալֆը փոխում է իր ազգանունը՝ օգտագործելով հայտնի կինոաստղ Լոուրեն Բեկոլի անունը։ Պատճառն այն էր, որ նրան դուր չէր գալիս հայրական ազգանվան մեջ պարունակվող «shit» բառը (կղանք), որն իրեն ծաղրի առարկա էր դարձնում ընկերների մոտ։

1957 թվականին Լոուրենն ավարտում է DeWitt Clinton ավագ դպրոցը և ընդունվում է Baruch քոլեջի տնտեսագիտության ու բիզնեսի ֆակուլտետը, իսկ ազատ ժամանակ աշխատում է որպես վաճառող։

Բանակից ապագա դիզայները վերադառնում է 1964 թվականին և Brooks Brothers խանութում սկսում է աշխատել որպես վաճառող-խորհրդատու: Խանութում աշխատելու ընքացքում նա փորձել է իրականացնել իր վաղեմի երազանքները: Նա սկսեց կարել իր սեփական փողկապները և դրանք վաճառել մասնավոր խանութներում: Որոշ ժամանակ անց Ռալֆին սկսեցին նկատել:

1967 թվականին Նորման Հիլթոնը սկսնակ դիզայներին 50 հազար դոլար տրամադրեց: Այս գումարով Լոուրենը բացեց իր Polo Fashion խանութը, որտեղ վաճառում էին Հիլթոնի և իր փողկապները «Polo Ralph Lauren» անվանումով: Որպես ընկերության խորհրդանիշ՝ Լոուրենն ընտրել էր սպորտաձևի այն անվանումը, որը հասկանալի էր միայն արիստոկրատ, հարուստ մարդկանց, սակայն անվանումը պետք է ասոցացվեր ոճի ու նրբագեղության հետ:

Ոգեշնչման հիմնական աղբյուր Լոուրենի համար հանդիսանում էին բրիտանական ոճի էլեմենտներն ու ամերիկյան արիստոկրատները: Ռալֆն ընտրում էր այնպիսի դետալներ, որոնք հնացել էին, սակայն դրանք միախառնելով նա ստանում էր մոռացված հնի նոր տարբերակը: Նրան հաջողվում էր ներկայացնել հինը, ինչի համար նրան այդքան քննադատում էին:

2016-ին Forbes-ը նրա կարողությունը գնահատեց 5,8 միլիարդ դոլար, ինչն ավելի քիչ էր մնացած տարիների համեմատ: 2015-ին Ralph Lauren Corporation-ի գլխավոր տնօրենի տեղը զբաղեցրեց Սթեֆան Լարսոնը, քանի որ մինչ այս նա իրեն լավ ներկայացրել էր H&M-ում և Old Navy-ում: Ռալֆ Լոուրենը ստանձնեց ստեղծագործ տնօրենի և տնօրենների խորհրդի պաշտոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել