1961 թվականի ապրիլի 12-ին Յուրի Ալեքսեյի Գագարինն աշխարհում առաջինը «Վոստոկ-1» տիեզերանավ-արբանյակով թռավ և 1 ժամ 48 րոպե պտտվեց երկրագնդին մոտ տիեզերական տարածությունում:
Այդ թռիչքը կայացավ մոսկովյան ժամանակով առավոտյան ժամը 09:07-ին Բայկոնուրից: Հրթիռի արձակման հրամանը ստանալուն պես նա արտաբերեց հետագայում արդեն հայտնի դարձած արտահայտությունը. «Поехали!»:
Տիեզերքում նա կատարեց մի քանի պարզագույն փորձեր՝ ուտել, խմել մատիտով գրել: Վերջինս դնելով իր մոտակայքում` մի որոշ ժամանակ անց նա տեսավ, թե ինչպես է մատիտն օդում լողում, ինչից հետո կատարեց կարևոր մի եզրակացություն, որ մատիտը և այլ պարագաներ անպայման պետք է ամրացված լինեն:
Այն ժամանակ եղած տեխնիկական հնարավորությունները թույլ չէին տալիս տիեզերանավին վայրէջք կատարել Երկրի վրա, այդ պատճառով Գագարինը 7 կիլոմետր բարձրության վրա կատապուլտով անջատվեց տիեզերանավից և իջավ գետնին։ Այս փաստը երկար ժամանակ թաքցվում էր համաշխարհային հասարակությունից։
Ակադեմիայում սովորելու տարիներին Գագարինը երկար ժամանակ չէր կարողանում յուրացնել վայրէջքի տեխնիկան, ինչի պատճառով էլ կուրսանտի ապագան կասկածի տակ դրվեց։ Նրան փրկեց հրահանգիչ Անատոլի Կոլոսովը: Գագարինը միջին հասակի (ընդամենը 165 սմ) երիտասարդ էր, ուսուցիչները որոշեցին կուրսանտի տակ բարձ դնել, ու հենց այդ բարձն էլ օգնեց հաղթահարել թռիչքը: Արդյունքում Գագարինը գերազանց ավարտեց ուսումնարանը: Կարելի է ասել, որ Գագարինին նաև օգնեց իր հասակը, քանի որ այն ժամանակ 170 սմ-ից բարձր տղամարդկանց թռիչքի չէին վերցնում:
Գագարինի սաղավարտի «СССР» գրառումն էլ քննարկման թեմա դարձավ, քանի որ այդ հապավումը շատ հաճախ անհետանում էր տիեզերագնացի լուսանկարներից։ Մինչ այսօր անհասկանալի ու պարզ չէ, թե ինչպես է այդ հապավումն ընդհանրապես հայտնվել սաղավարտի վրա: Խորհրդային Միության հերոս, փորձարկու-օդաչու Մարկ Գալայը, ով մարզել է առաջին տիեզերագնացներին և ներկա է եղել գագարինյան մեկնարկին, իր գրքում պատմում է, որ գրառումը հայտնվել է ամենավերջին պահին: Նրա խոսքով` Գագարինի թռիչքից 20 րոպե առաջ հիշել են ամերիկացի Պաուերսի լրտեսական թռիչքի մասին ու որոշել են սաղավարտի վրա ավելացնել «СССР» հապավումը, որպեսզի տիեզերագնացին չշփոթեն դիվերսանտի հետ: Տառերը նկարել են առանց սաղավարտը Գագարինի գլխից հանելու:
Միաժամանակ տիեզերագնացների համար սաղավարտներ արտադրող «Զվեզդա» գործարանի վետերանները պնդում են, որ հապավումը գրվել է թռիչքից շատ առաջ, նրանք նույնիսկ նշում են, թե ով է գրել հապավումը` ոմն Դավիդյանց:
ՀԳ․ Գագարինը տիեզերք թռավ նաև իր ճշմարտախոսության հաշվին․ կա մի հայտնի պատմություն, երբ թռիչքից մի քանի օր առաջ հերթական պարապմունքն են անցկացնելիս լինում, բժիշկները տիեզերք մեկնելու ռեալ հավակնություն ունեցող երկու օդաչուներին տալիս են դեղահաբեր՝ իբր հանգստացնող, սակայն իրականում դրանք առաջացնելիս են եղել բավականին ուժեղ գլխացավ։ Երբ Բայկանուրի ղեկավարությունը հարցնում է, թե ինչպես է տիեզերագնացների զգացողությունը, առաջին օդաչուն ասում է, որ ամեն ինչ նորմալ է, ոչ մի արտառոց վիճակ, իսկ Յուրան դժգոհում է անհասկանալի գլխացավից։ Ընտրության համար երկար մտածելու կարիք չկար։