Գլոբալ տաքացում, օդի աղտոտում, բնական պաշարների պակաս. տարեցտարի մեծանում է էկոլոգիական խնդիրները լուծելու անհրաժեշտությունը։ Ամբողջ աշխարհի գիտնականները և արտադրողները ձգտում են նոր միջոցներ հայտնաբերել, որոնք կօգնեն փրկել մոլորակը։

Ձեզ ենք ներկայացնում մի քանի նախագիծ, որոնք կարող են կանխարգելել էկոլոգիական աղետները։

Ուտելի պլաստմասսա

Պլաստմասսան համարվում է մի շարք էկոլոգիական խնդիրների աղբյուր։ Այն վնասում է Համաշխարհային օվկիանոսին, կենդանիներին և մեզ՝ մարդկանց։ Վերջերս իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ սննդարար ծովային աղի 90%-ն իր բաղադրության մեջ միկրոպլաստմասսայի տարրեր է պարունակում, ինչը նշանակում է, որ մարդն ամեն օր՝ սնվելու ժամանակ, պլաստմասսա է ուտում։

Հավանական հիվանդությունները և շրջակա միջավայրի հետագա աղտոտվածությունը կանխարգելելու համար գիտնականներն առաջարկում են անցում կատարել ուտելի պլաստմասսայի արտադրության։ Այն անվտանգ է ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար։ Արտադրությամբ զբաղվում են ինդոնեզական միանգամից երկու կազմակերպություն։

Լուսավորություն երկրագնդի ամենահեռավոր անկյունների համար

Եվս մեկ լավ գաղափար․ հասանելի փողոցային լուսավորվածություն այնտեղ, որտեղ չկան էլեկտրամատակարարման համար նախատեսված համակարգեր։ Litter of Light լապտերները պատրաստվում են օգտագործված պլաստմասե շշերից, որոնց մեջ տեղադրվում են փոքր արևային վահանակներ և լուսային դիոդներ։ Այս լապտերներն արդեն օգտագործվում են Բանգլադեշում, Չինաստանում, Դոմինիկյան Հանրապետությունում և մի շարք այլ երկրներում։

Առանց փաթեթավորման շամպուն և ատամի մածուկ

Պլաստմասսա կարելի է գտնել ամենուր, այդ թվում՝ նաև լոգարանում։ Խնամքի բոլոր միջոցները փաթեթավորված են պլաստմասսայի մեջ։ Սակայն հիմա առաջարկվում է նոր և էկոլոգիապես մաքուր մեթոդ. օրինակ՝ շամպուններ առանց պլաստմասսե փաթեթների։ 5 սմ երկարություն ունեցող մեկ կապսուլան թույլ է տալիս լվանալ ցանկացած երկարության մազ։

Ներկայումս հնարավոր է գնել նաև ատամի մածուկ հաբեր։ Հաշվարկների համաձայն՝ ԱՄՆ-ում տարեկան 1 միլիարդ ատամի մածուկի տուփ է դեն նետվում։

Սարք, որն օրգանական թափոններից բիոգազ է ստանում

Եվս մեկ նորություն այն մարդկանց համար, ովքեր ինքնաբավ բնակարանների գաղափարի կողմնակից են։ Ստեղծվել է շարժական սարք, որը կարող է տեղադրվել այգում և օրգանական թափոններից բնական գազ ստանալ։ Այնուհետև խողովակի միջոցով այդ գազը հայտնվում է վառարանի մեջ, որի վրա հնարավոր է որևէ բան պատրաստել։ Մեկ օրվա ընթացքում սարքն այնքան գազ է արտադրում, որը թույլ է տալիս երկու ժամ անդադար սնունդ պատրաստել։

Անծուխ վառարաններ

Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալների համաձայն՝ տարեկան մոտ 4 միլիոն մարդու մահվան պատճառ են դառնում ծխի պատճառով առաջացած հիվանդությունները։ Այս խնդիրն արդեն կարելի է լուծել նոր փայտե վառարաների շնորհիվ, որոնք զգալիորեն կրճատում են ծխի արտանետման քանակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել