168.am-ը գրում է.

«Նորագավիթի մաքսատանը դրոշը ոտքերի տակ չէր գցված, անկյունում դրված էր։ Միգուցե դա կարող էր վարչապետին վրդովեցնել, սակայն դա չի նշանակում, որ դրոշը ոտքերի տակ էր գցված։ Իհարկե, անխնամ էր վերաբերմունքը դրոշի նկատմամբ, բայց այդպիսի վարքագծի դրսևորումն իր կողմից խոսում է առկա մի քանի խնդիրների մասին՝ կապված վարչապետի հետագա պաշտոնավարման հետ»,- «Հայելի» ակումբում այսօր այսպես իր ասուլիսը սկսեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

Ըստ նրա՝ առաջինը, որ անհանգստացնում է, այն է, որ վարչապետը չի տիրապետում ինքն իրեն, և նրա վարքագիծը հոգեբանների կողմից կարող է բնորոշվել՝ որպես տագնապալի, որովհետև այդպիսի զայրույթը չզսպելը և նույնիսկ պաշտոնական դիրքի չարաշահմամբ կարգադրություններ արձակելը խոսում են այն մասին, որ նրա հոգեկան վիճակի հետ կապված խնդիրներ կան։

«Հաջորդն այն է, որ նա չգիտի օրենքը, օրենք, որը սահմանում է խորհրդանիշի օգտագործման պայմանները, կարգը, և, եթե այդ խորհրդանիշն անարգում են, ապա դրա հետևանքով ինչպիսի իրավական հետևանքներ կարող են առաջ գալ։ Այս մասով էլ ես ամիսներ առաջ դիմել էի իրավապահ մարմիններին և հայտնել էի, որ այսպիսի օղի է վաճառվում (Նիկոլ Փաշինյանի նկարով «Վարչապետ» օղին,- Ա.Վ.) Երևանի խանութներում, և այստեղ օգտագործվում է մեր պետական խորհրդանիշը՝ դրոշը, և այս հիմքով ես հաղորդում էի ներկայացրել հանցագործության մասին, որովհետև մեր խորհրդանիշերը մենք կարող ենք օգտագործել հատուկ պայմաններում և հատուկ մարմինների կողմից, և ցանկը սպառիչ է։

Ինձ պատասխանեցին, որ այստեղ առերևույթ հանցակազմ չկա, և այդ հիմքով մերժեցին, մինչդեռ այդ մերժողը նշանակված է հենց Նիկոլ Փաշինյանի կողմից»,- ասաց Զարուհի Փոստանջյանը՝ տարակուսելով, թե դրոշի նկատմամբ նախանձախնդիր Նիկոլ Փաշինյանն ո՞ւր է և ինչո՞ւ չի արձագանքում, քանի որ ամիսներ շարունակ կոպտորեն խախտվում է օրենքը։

Նա կարծում է, որ սա քրեորեն պատժելի արարք է, իսկ Նիկոլ Փաշինյանի կողմից տեղի է ունեցել պաշտոնական դիրքի չարաշահում։

Ըստ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավարի՝ իր մոտ այն տպավորությունն է, որ այս մեկ տարում Նիկոլ Փաշինյանն ասես խնջույքի է մասնակցում, և ինքն էլ թամադան է։ Մարդու արժանապատվությունը ոչ մի դեպքում չի կարելի նվաստացնել, իսկ մենք ականատեսը եղանք, թե ինչպես է վարչապետը նվաստացնում մարդու արժանապատվությունը։

Ինչ վերաբերում է Ազգային ժողովում տրանսգենդերի ելույթին, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ դա կազմակերպված բան էր, արվել էր հատուկ նպատակով, և դա միտված է ազգային պառակտում մտցնելուն ու ամենուր ատելություն տարածելուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել