Վերահսկիչ պալատի հաշվետվությունը այսօր քննարկում ենք կառավարության կողմից հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում: Սա խոսում է այն մասին, որ կառավարությունը չունի թաքցնելու ոչինչ, կառավարությունը պատրաստ է բաց քննարկման և չի թողնում, որպեսզի դա հասնի աշուն, այլ ցանկանում է պատասխանել հարցադրումներին: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի հունիսի 18-ի նիստում՝ ՎՊ 2012թ.-ի հաշվետվության քննարկման ժամանակ, հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
«Երկրորդ՝ նմանատիպ զեկույցները գալիս են կոտրելու այն մտածողությունը, որ երկրում գերկենտրոնացած իշխանություն գոյություն ունի, և, ինչպես երեկ էին նշում, ամեն ինչ պլանավորված է, ամեն ինչ բեմականացված է: Նման երկրներում նման զեկույցներ ու նման քննարկումներ չեն լինում: Սա խոսում է այն մասին, որ քաղաքացիական հասարակության էլեմենտները մեր երկրում կայանում են: Երրորդ՝ Վերահսկիչ պալատը` որպես վերահսկիչ գործիք, մեր ամբողջ պետական կառավարման մարմինների համակարգում խիստ անհրաժեշտություն է»,- նշեց նախարարը:
Նախարարն ընդգծեց, որ ՎՊ-ն ոչ մի պարագայում չի կարող փոխարինել ոստիկանությանը, դատախազությանը, և այն այդ մարմինների համակարգում հերթական մի մաս է, որ գալիս է այդ ամբողջին լրացնելու: «ՎՊ-ն կառավարության գլխավոր դաշնակիցն է՝ այս քանի օրվա ընթացքում վերհանված խնդիրների լուծման առումով»,- վստահեցրեց Հ. Թովմասյանը:
Նա նշեց նաև, որ ոլորտում առկա են խնդիրներ, որոնց «շուտափույթ չլուծումը չարորակ ուռուցքի պես կարող է վտանգել մեր ողջ պետական համակարգը»:
Արդարադատության նախարարի համոզմամբ` լուծումներն այդքան պարզ չեն: Անհրաժեշտ են ոչ միայն օրենսդրական լուծումներ, այլև անհրաժեշտ է մտածողության փոփոխություն:
Անդրադառնալով բուն զեկույցին՝ նախարարը, մասնավորապես, նկատեց. «Ցավոք սրտի, ՎՊ-ի հաշվետվության մեջ, բացի փաստերից, կային գնահատականներ, որոնք եզրային էին, քրեադատավարական եզրահանգումներ և գնատականներ կային, որոնք մեր երկրում անելու լիազորությունը վերապահված է դատախազությանը, ոստիկանությանը, իսկ հաջորդ քայլում՝ դատարանին, - հարց ուղղելով,- եթե այստեղ այդ գնահատականները տրվում են, հետո ի՞նչ վիճակում է հայտնվելու Վերահսկիչ պալատը, եթե հետագայում դրանք չհաստատվեն»:
Հ.Թովմասյանի համոզմամբ` օրենսդրական փոփոխություններ կատարելու դեպքում, ՎՊ-ն պետք է զերծ մնա գնահատականներ տալուց և միայն արձանագրի փաստերը: