Եթե մարդն ապրում է ավելի քան 90 տարի, ապա նա համարվում է երկարակյաց, սակայն կենդանիների աշխարհում 90 տարին դեռևս մանկահասակության տարիքն է: Առաջարկում ենք միասին ուսումնասիրել որոշ արարածների, որոնք մարդկանցից մի քանի անգամ ավելի երկար են ապրում:

Հատերիա, շուրջ 110 տարի

Հատերիաները փոքրիկ սողուններ են, որոնք ապրում են Նոր Զելանդիայում: Դրանք նման են մողեսների, սակայն իրականում կնճիթագլուխների կարգի միակ պահպանված ներկայացուցիչներն են: «Արմատներով» նրանք կապվում են դինոզավրերին, որոնք Երկրի վրա բնակվել են ավելի քան 200 միլիոն տարի առաջ: Չնայած այն հանգամանքին, որ այս սողուններն այսօր վտանգված տեսակ են համարվում, դրանք չափազանց երկար կյանք ունեն՝ 110 տարու հասնող:

 

Ատլանտյան մեծագլուխ, շուրջ 149 տարի

Ձկան այս տեսակը՝ նարնջագույն ատլանտյան մեծագլուխը, դանդաղ մեծացող և երկար կյանք ունեցող կենդանի է: Նրա կյանքի առավելագույն տևողությունը հասնում է 149 տարու, չնայած որ այս ձկները ևս վտանգված են համարվում մեր օրերում:

Գրենլանդական կետ, շուրջ 211 տարի

Չնայած որ գրենլանդական կետն այնքան հայտնի չէ, որքան կապույտ կետը, միևնույն է, այն ունի յուրահատուկ առանձնահատկություններ: Նախ՝ այն բոլոր կենդանիների մեջ ամենամեծ բերան ունեցողն է, ապա՝ այն ապրում է շուրջ 200 տարի, ինչի շնորհիվ էլ համարվում է ամենաերկարակյաց ծովային կաթնասունը: Ամենաերկարակյաց կետը, որը հանդիպել է բնության մեջ, ապրել է 211 տարի:

 

Կոյի ձկներ, շուրջ 226 տարի

Որպես կանոն, ձկներն ապրում են մինչև 50 տարի, սակայն գոյություն է ունեցել կոյի ձուկ՝ Հանակո անունով, որը սատկել է 226 տարեկանում, և մինչ օրս նրա երկարակեցությունը գիտության համար խորհրդավոր գաղտնիք է: Մարդկանց մեծ մասը կարծում է, որ դա այն բանի արդյունքում էր, որ ձուկը պարզապես սիրել է իր կյանքը, սեր ու հոգատարություն է ստացել և հնարավորություն է ունեցել Ճապոնիայի լեռների մաքուր ջրերում լողալու:

 

Լամելիբրակիա որդեր, շուրջ 250 տարի

Այս տեսակի որդերը, որոնք ապրում են Մեքսիկայում, ապրում են մինչև 250 տարի: Նրանք դանդաղ են աճում, սակայն ունակ են հասնելու 3 մ երկարության: Հազարավոր որդեր անգամ կարողանում են միանալ իրար և մեծ «հանրագումար» ստեղծել:

 

Ալդաբրա հսկա կրիա, շուրջ 255 տարի

Այս հսկայական կրիաները հայտնի են իրենց երկարակեցությամբ: Հետաքրքիր է, որ Ադվաիտա անունով ալդաբրա մի կրիա սատկել է 255 տարեկանում: Գիտնականներից շատերը համարում են այս կրիային երբևէ գոյություն ունեցած ամենաերկարակյաց երկկենցաղը:

 

Մարգարտի ոստրե, շուրջ 280 տարի

Մարգարտի ոստրեները չափազանց դանդաղ են մեծանում, այդ իսկ պատճառով նրանց կյանքի միջին տևողությունը տատանվում է 86-102 տարի, որը կախված է այնպիսի բնակլիմայական ու միջավայրային պայմաններից, ինչիսին է, օրինակ, ջրի որակը: Ամենաերկարակյաց մարգարտի ոստրեն 280 տարեկան էր:

 

Գրենլանդական շնաձուկ, շուրջ 400 տարի

Սարսափելի հայացքը միակ բանը չէ, որով գրենլանդական շնաձուկները զարմացնում են մարդկանց: Նրանք հայտնի են նաև որպես աշխարհում ամենաերկարակյաց կենդանիներից մեկը: Նրանք սեռական հասունացման են հասնում միայն մոտ 150 տարեկանում և, որպես կանոն, ապրում են մինչև 400 տարի:

 

Անտարկտիկական սպունգ, շուրջ 1550 տարի

Գիտնականների մեծ մասը կարծում է, որ անտարկտիկական սպունգն ունակ է ապրելու դարեր շարունակ՝ շնորհիվ անտարկտիկական օվկիանոսի ծայրահեղ ցածր ջերմաստիճանի և դանդաղ աճի: Ամենաերկարակյաց անտարկտիկական սպունգը հասել է 1550 տարեկանի:

 

Անմահ մեդուզա

«Անմահ» մեդուզաներն ունակ են ճգնաժամի ժամանակ վերականգնվելու: Աշխարհի մնացած կենդանիների նման մահանալու փոխարեն Տուրիտոփսիսներն իրենց չափահաս բջիջները փոխարինում են ավելի երիտասարդներով: Սակայն սա դեռ չի նշանակում, որ նրանք չեն կարող մահանալ: Օվկիանոսը լի է քաղցած կենդանատեսակներով, որոնք սնվում են նաև մեդուզաներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել