Մեր հասարակությունը կարծես նորից կտրվել է իրականությունից: Եթե իշխանությունների առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լիներ ժողովրդին պահել քաղաքական և հասարակական գործընթացների զարկերակի վրա, ինչպես իշխանափոխության օրերին էին հավաստիացնում, ապա դա նրանց մոտ այսօր, մեղմ ասած, լավ չի ստացվում, եթե, իհարկե, իրականում այդ ցանկությունը կա:
Հայաստանում առկա ամենատարբեր խնդիրների վերաբերյալ քննարկումները կորչում են ամենօրյա կեղծ օրակարգերի միջոցով: Հասարակության աչքի դիմաց կորում են այնպիսի ինֆորմացիաներ, որոնք լայն քննարկման պետք է արժանանան: Արտաքին վտանգների վերաբերյալ մի շարք փորձագետների, պրոֆեսիոնալ մասնագետների կարծիքներն ու հայտարարություններն ուղղակի անհետանում են «գուլպաների գույների քննարկման», «ալենական ֆեյսբուքյան գրառումների» ալիքի հորձանուտում: «Հալալ ա մեր վարչապետին, տեսար՝ ինչ ասեց, տեսար՝ ինչ արեց»,- նման վանկարկումներն ու ոգևորությունն է տիրում հասարակության մեջ, իսկ իրական խնդիրների քննարկման տեսանկյունից գտնվում է անտեղյակության թմբիրում: