Իրաքի կենտրոնական իշխանությունը և Իրաքյան Քրդստանի կառավարությունը կրկին կանգնած են հարաբերությունների վատթարացման վտանգի առջև: Ըստ Իրաքի Սահմանադրության և 2018-ին երկու կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ Իրաքի կենտրոնական կառավարությունը պատրավորվում է վճարել «Փեշմերգա»-ի աշխատավարձը, որը ամսական կազմում է շուրջ 57 մլն դոլար, սակայն վերջին երեք ամսում Իրաքի կենտրոնական իշխանությունը գումար չի փոխանցել: Իրաքյան Քրդստանի կառավարությունը բազմաթիվ անգամ նամակ է ուղարկել Իրաքի կենտորնական իշխանությանը, որը մնացել է անպատասխան: 

Բաղդադը, ըստ էության, պատասխանել է Էրբիլին, սակայն հայտարարության տեսքով: Բաղդադը բազմիցս հանդես է եկել հայտարարությամբ, որ աշխատավարձի ցուցակը ուռճացված է, և որ իրենք իրականացնում են լրացուցիչ ստուգողական աշխատանքներ, որն էլ պատճառ է հանդիսանում աշխատավարձի ուշացման:

Պետք է ասեմ, որ 2019 թ.-ի Իրաքի բյուջեով թերևս առաջին անգամ ամրագրվեց ծախսերի հենց այն տողը, որով հստակ նշվում է, որ Իրաքը վճարում է «Փեշմերգա»-ի աշխատավարձը: Մի նրբություն էլ կա չվճարման պատճառ հանդիսացող, որը ոչ պակաս կարևոր է: Բանն այն է, որ Իրաքը դեռ չունի պաշտպանության նախարար սուննիների վեճի պատճառով, իսկ «Փեշմերգան»-ն վճարվում է Իրաքի պաշտպանության նախարարության անունից: Որոշ աղբյուրներ հայտնում են, որ նախարարի պաշտոնակատարը միտումնավոր չի հաստատում աշխատավարձերի հատկացումը՝ այդպիսով փորձելով բյուրոկրատական քաշքշուքի մեջ գցել քրդերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել