Նախորդ դիտարկման շարունակություն...
Այն, ինչ այսօր կատարվում է, մեր ինքնության բյուրեղացման գործընթաց է, մեր այն ինքնության, որ ավելի շատ ձևավորվել է անպատասխան հարցերի, անորոշ թեզերի ու երբեմն էլ հակատրամաբանության վրա։ Այսօր եկել է մեկը ու բացել է այդ հարցերի զամբյուղը։ Ու միգուցե նաև իր կամքից անկախ՝ այդ հարցերը դուրս են հորդում։
Այդ հարցերը, որ, ոչ ավել, ոչ պակաս, մեր գոյության ու միգուցե նաև զարգացման լեգիտիմացման հարցերն են, որոնց ոչ բոլորի պատասխանները, անգամ եթե ցանկանանք, կարող ենք ունենալ...
Ինքնաճանաչման այս թեստը, որ մենք անցնում ենք, կարող է տալ մեզ համար իրական/մտացածին արժեքների ու հարցադրումների պատասխան կամ ջնջել առկա ենթադրությունները։ Այդ հարցադրումների մեջ մի քանիսը կարելի է առանձնացնել՝ ո՞րն է հայրենիքը, ու ունի՞ արդյոք այն մեզ համար կարևորություն, ո՞վ է քաղաքացին, ի՞նչ են կրոնն ու եկեղեցին մեզ համար, ո՞րն է մեր հավատը, ու մենք՝ որպես ազգ, ո՞վ ենք, իրականում ինչի՞ ենք հասել, արդյո՞ք մենք կայացել ենք որպես հանրություն, ի՞նչ է մեզ համար 1915 ցեղասպանությունը, ո՞րն է շահի մեր ընկալումը, և ի՞նչ է մեզ համար պետականությունը, ո՞վ է մեր թշնամին, ի՞նչ է ավանդական ընտանիքը մեզ համար, ու ի՞նչ արժեք ունի այն մեզ համար, որտե՞ղ է վերջանում պետությունը, և սկսվում մեր ազատության տարածությունը, արդյո՞ք մեզ իրապես պետք են հավասար իրավունքներ ու պարտավորություններ, ի՞նչ է բանակը մեզ համար, ի՞նչ իրական արժեք ունի մեզ համար Արցախը, ո՞րն է մեր ժառանգությունը, և ի՞նչ հերոսներ ունենք մենք...
Այս ու էլի մի շարք հարցերի պատասխանները, եթե դրանց պատասխանելու կամք ունենանք, կարող են բավական բարդ ու ոչ միանշանակ «բացահայտումների» հանգեցնել: Այսօր երկրում ձևավորվում են նոր օրակարգ ու խաղի նոր կանոններ, ու դրանք հին կարծրատիպերի ու բարդույթների կոտրմամբ պետք է իրողություն դառնան. այլ ուղի չկա... Այնպես որ, դեռ շատ ոչ «ընկալելի» ձևակերպումներ կլինեն:
Այստեղ միայն պետք է հասկանալ այն շեմը, որը հատելիս մենք՝ որպես ազգ և պետություն, կանցնենք անդառնալիության գիծը՝ հարցականի տակ դնելով մեր քաղաքական «ես»-ի ապագան...
Էքսպերիմենտը, որ սկսվել է, անխուսափելիորեն պետք է սկսվեր՝ անկախ 2018-ի դեպքերից: Այստեղ հիմնական հարցն այլ է՝ որքանո՞վ են նորերն ունակ անդառնալիության շեմը չանցնելու...
ՀԳ. Ավելի շատ ժամանակ անցկացնենք մեզ հարազատ մարդկանց հետ։