21-րդ դարում շատերն այլևս չեն հավատում մեռյալների հոգիներին գոյությանը, սակայն 19-20-րդ հարյուրամյակներում, երբ ակտիվորեն զարգանում էր գիտությունը, ցածր ու միջին խավերի մարդկանց ամենասիրելի զբաղմունքներից մեկը հոգևոր սեանսներ անցկացնելն էր, որոնք ղեկավարում էին մեդիումները՝ կենդանիների ու հանգուցյալների միջնորդները: Երեկոյան ինչ-որ մեկի տան պատուհանի կողքով անցնելիս անպայման լսվում էր. «Կանչում եմ ինչ-որ մեկի հոգին: Հոգի՛, նշան տուր, որ ինձ լսում ես»: Խորամանկ խաբեբաները, սենյակային այնպիսի պայմաններ ստեղծելով, որոնք միամիտ մարդուն թույլ կտային այդ տարիներին հավատալ, որ հոգի է այցելել տուն, մեծ գումարներ էին վաստակում:
Մեդիումներին՝ խաբեությամբ հարստացողներին, ոչ միշտ էին կարողանում ջրի երես դուրս բերել, և նրանք գրեթե բոլոր դեպքերում ոչ թե միամիտ հավատացյալներ էին լինում, այլ խաբեբաներ: Կախարդության սեանսները նաև լրագրողների ու թերթերի խմբագրերի սիրելի թեմաներն էին: Սակայն անգամ հազարավոր զգուշացումների արդյունքում մարդիկ չէին հրաժարվում դիմելուց մեդիումներին՝ օգնել իրենց կապվել իրենց ապուպապի հոգու հետ և պարզել, թե որտեղ է նա պահել ընտանեկան գանձերը կամ ճշտել, թե հետագա կյանքում ինչ են դառնալու:
Իսկ ի՞նչ էին անում հոգևոր սեանսների ժամանակ: Համացանցում բազմաթիվ սև ու սպիտակ լուսանկարներ կան, որոնք ուսումնասիրելով՝ հնարավոր է դառնում բացատրել կատարվողը հարաբերականորեն գիտակից տեսանկյունից: Օրինակ՝ 1870 թ. հետևյալ լուսանկարում երևում է, թե ինչպես են Ֆրանսիայում կայացող սեանսի ժամանակ կապված աչքերով տղամարդ մեդիումին հաճախորդները վերցրել ձեռքերի մեջ, որպեսզի նա չկարողանա խաբեությամբ զբաղվել:

Սեանսների ընթացքում խաբեբաները կարողանում էին մարդկանց համոզելու համար տարբեր միջոցներով տարատեսակ առարկաներ օդ բարձրացնել, ինչ չափի էլ որ դրանք լինեին, օրինակ՝ սեղան, լարային երաժշտական գործիք և այլն:
Իսկ այս լուսանկարում, որը թվագրվում է մոտավորապես 1910 թվականին, բախտագուշակ Մարթա Բերոն է, ով առավել հայտնի էր որպես Եվա Կարիեր: Նրա երկրպագուն Քոնան Դոյլն էր: Տիկին Բերոն մասնագիտացել էր սեփական մարմնից՝ ականջներից, բերանից, քթից էկսկրեցիա կատարելու մեջ: Երբ Մարթան սկսում էր իր գուշակության ընթացքը, նրա դիմաց դրված նյութի վրա սկսում էին խորհրդավոր ու հանելուկային դեմքեր երևալ: Քանի որ սեանսն անց էր կացվում մթության մեջ, ներկաները չէին նկատում, որ կախարդական նյութն իրականում նուրբ կտորից է՝ շիֆոնից, գազից կամ մուսլինից: Մեկ այլ էքստրասենս՝ Մինա Քրենդոնը, նման էկտոպլազմա ստեղծելու համար օգտագործում էր գառան թոքեր, որի հետ խառնում էր թուղթ, օճառ և ձվի սպիտակուց:

Մարթա Բերոյի կարիերայի պիկը եղել է 1912-ին, երբ նա սովորեց խաղալ լուսային էֆեկտների հետ: Իսկ տասը տարի անց գիտնականների մի խումբ մասնակցեց կնոջ սեանսին և ենթարկվեց նրա խաբկանքներին:
Մեդիումներին ատում էր մեծ ու հայտնի աճպարար Հարրի Հուդինին: Նա անանուն կերպով մասնակցում էր սեանսներին և փորձում էր հասկանալ, թե ինչ հնարքներ են օգտագործում էքստրասենսները, ապա նույն հնարքներն իր ելույթների ժամանակ ցուցադրում էր հանրությանը: Մեդիումների վարքագծից լավ էր գլուխ հանում նաև Հարրիի կինը: 1924 թ. Հարրին ընդգրկվեց մի կոմիսիայի կազմում, որն ուսումնասիրում էր պայծառատես Մինա Քրենդոնին:

Ֆիզիկական մեդիումիզմն անկում ապրեց 1930-ականների սկզբին, երբ սկսեց զարգացում ապրել գիտությունը: Մարդիկ արդեն հույսը դնում էին միայն հոգեբանական շփումների վրա: Ներքոբերյալ լուսանկարում մեդիում Մոյրիկ Մորիսն է, ով 1931 թ. Լոնդոնի բեմերից մեկում ուրվականի հետ հոգևոր շփման սեանս է անցկացնում:
Ամենը, ինչին մարդիկ հավատում էին նախկինում, շարունակում է շատերին ղեկավարել անգամ առ այսօր: Մարդիկ շփվում են հոգիների հետ թմրամիջոցների, էլեկտրոնային սարքավորումների կամ երաժշտական տրանսի միջոցով: Մեթոդները փոփոխվում են, սակայն իմաստը մնում է նույնը:



