2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հազարավոր կամավորներ հանպատրաստի ցանկություն հայտնեցին և մեկնեցին սահմանագիծ և տևական ժամանակ իրականացրին, ըստ էության, մարտական հերթապահություն:
Հայաստանի և Արցախի համար ստեղծված այդ ծանր իրավիճակում հազարավոր հայրենակիցներ՝ Արցախից, ՀՀ-ից և Սփյուռքից, ինքնաբուխ կերպով, հայրենասիրական մղումներից դրդված, այցելում էին հայ զինվորներին՝ իրենց հետ տանելով առաջին անհրաժեշտության տարբեր տեսակի ապրանքներ՝ սնունդ, հագուստեղեն և կենցաղային պարագաներ, պատրաստակամություն հայտնում իրենց հնարավորությունների չափով աջակցելու և օգնություն ցուցաբերելու Արցախին:
Չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում, երբ երկիրը հայտնվում է ռազմական ագրեսիայի թիրախում, պատկերավոր ասված՝ «հասարակ մարդկանցից կազմված բանակը» կարող է բեկել ռազմաճակատի դրությունը և բեկում մտցնել պատերազմի ելքում՝ հօգուտ երկրի ու ժողովրդի:
Բայց այս ամենի հետ մեկտեղ, անհրաժեշտ է գիտակցել, որ արդի ժամանակաշրջանում բացառապես անսալ ու ապավինել հախուռն, երբեմն անկազմակերպ, ինքնաբուխ կամավորականության՝ թեկուզև իրապես հարգանքի արժանի մտայնությանը, չի կարելի, քանի որ որևէ զինված ուժերում ուղղակիորեն հակացուցված է անկազմակերպվածությունը, ռեսուրսների սխալ բաշխումը, լոկալ ստորաբաժանումների ինքնաբուխ ղեկավարումը, ինչը կարող է հանգեցնել ընդհանրապես պաշտպանական համակարգի ամբողջական փլուզմանը:
Ակնհայտ է, որ անհրաժեշտ է այս ամենը կազմակերպել ինստիտուցիոնալ հիմքի վրա, ստեղծել գործող ու գործունակ համակարգ՝ հիմնված բացառապես իրավական հիմքերի վրա, ասել է, թե՝ անհրաժեշտ է ձեռնարկել գործուն միջոցներ՝ պահեստազորային բանակը «կենսունակ» և մշտապես մարտունակ պահելու համար…
Իսկ ավելի պարզ ասած՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց բնույթն ու ծավալը փոխվել են արմատապես և որևէ աղերս չունեն 90-ականների մարտահրավերների հետ, ուստի մեր բանակը պետք է հզորացնենք և զուգահեռ կայացնենք պահեստազորային բանակը՝ բացառապես պետության հովանու ու ենթակայության ներքո…