Shamshyan.com-ը գրում է.

Կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ հանձնարարականներ էր տվել, որպեսզի հանրապետությունում բացառվի ծառերի սպանդը ու այդ հանձնարարությունից հետո իրավասու մարմինները, այդ թվում՝ ոստիկանությունը, դատախազությունը, Ազգային անվտանգության ծառայությունը ակտիվ պայքար սկսեցին ապօրինի ծառահատումներ կատարողների դեմ, ինչը իր դրական արդյունքը տվեց:

Մինչդեռ հանրապետությունում կան անհատներ, ովքեր միևնույն է՝ եթե իրենց մտքին դրել են, որ պետք է կատարեն ծառերի սպանդ, ապա կատարում են:

Երեկվանից SHAMSHYAN.com-ը Աբովյան քաղաքի բնակիչներից բազմաթիվ ահազանգեր է ստանում, ովքեր իրենց վրդովմունքն են հայտնում, թե ինչպես են 1-2 օրվա ընթացքում Աբովյան քաղաքում բնից հատվել 80-ից ավելի եղևնիներ:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հատվածը Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի տարածքում է և այն համարվում է անհատական սեփականություն և տերն էլ, հաշվի չառնելով տեղական իշխանությունների ու համաքաղաքացիների շրջանում արդարացի դժգոհությունները, ծառերի սպանդ է իրականացրել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել Աբովյանի քաղաքապետարանը, իսկ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Այսօր՝ ապրիլի 7-ին, երբ տեսանկարահանում էինք ամբողջովին կտրված ծառերը, մի երիտասարդ Mercedes մակնիշի 39 AՍ 999 համարանիշի ավտոմեքենայով բարեհաճեց դեպքի վայր և ինքնավստահ հայտարարում էր, որ տարածքը իրենն է , ինքը ոչ մի անօրինական գործողություններ չի կատարել և այդ վերացված ծառերի տեղը կառուցելու են պոլիկլինիկա:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որպես սեփականություն տարածքը պատկանում է քաղաքացու, սակայն թե՛ Կոտայքի մարզպետարանը, թե՛ Աբովյանի քաղաքապետարանը նրան ոչ մի շենք-շինություն կառուցելու թույլտվություն չեն տվել:

Հետևաբար, եթե նա թեկուզ ծառերը կտրած լինի ոչ օրինական ճանապարհով, ապա շենք–շինություն կառուցելու իրավունք չունի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել