Հասարակությունը, որտեղ մշակույթի մարդը դադարել է դաստիարակելուց և միայն զվարճացնում ու դրանով փող է աշխատում, բժիշկը, հիվանդին ոչ թե դարմանում, այլ բժշկելով փող է ուզում աշխատել, կառավարողը, ոչ թե առաջնորդում, այլ ղեկավարելով ցանկանում է հարստանալ, ուսուցիչն ու հարկահավաքը, վարորդն ու շինարարը, մտավորականն ու քաղաքական գործիչը, ԲՈԼՈՐԸ, ոչ թե գործում են հանուն ինչ-որ ընդհանուր գաղափարի, համընդհանուր բարօրության, այլ աշխատում են փողի համար կամ, որ նույնն է, միայն հարստանալու մասին են երազում, ապագա ունենալ չի կարող:
Հասարակությունը, որտեղ մարդկանց մոտ առաջնայնացված է պետությունից կլինի, կյանքից թե բնությունից իր հասանելիքից շատ ավելին վերցնելու, ինչ գնով ուզում է լինի, իր համար ինչ-որ բան պոկելու, քան տալու հոգեբանությունը, ծանր հիվանդ է…
Այսպիսի հասարակություններում մարդկանց մոտ գերակշռում է սպառողական մտածողությունը, որը մարդկանց միմյանցից հեռացնող, նրանց իրարից վանող, թշնամացնող, ազգը բզկտող, հասարակությունն ատոմացնող, սերն ու հանդուրժողականությունը մերժող մտածողություն է, և այսպիսի հասարակությունները, եթե կան էլ, գոյատևում են նախկիններից ժառանգած հոգևոր-բարոյական կուտակումների հաշվին, իներցիայով ապրում են և, վերջին հաշվով, իրենք իրենց սպառելով վերջանալու-գնալու են:
Ահա այսպիսի, ըստ իս, բարոյական անկումի, արժեհամակարգային կրախի վիճակում ենք մենք գտնվում այսօր, որը չի տեսնում կամ համառորեն չտեսնելու է տալիս մեր Նիկոլ Փաշինյանը, և ասել, թե երկրում տիրում է սիրո, հանդուրժողականության մթնոլորտ, նույնն է, թե հալվա-հալվա ասելով մտածել, որ բերանդ քաղցրացել է…