Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին հանձնարարեց զբաղվել ֆեյսբուքյան ֆեյքերով, քանի որ «դրանք ազգային անվտանգության սպառնալիք են»: Արդեն երկար ժամանակ է՝ մենք ևս զբաղված ենք այդ գործով` բացահայտում ենք կեղծ օգտահաշիվները, որոնք համացանցում մանիպուլյատիվ գրառումներով պրոպագանդում են այս կամ այն քաղաքական ուժին, «ուտում են» վարչապետի սեռական օրգաններն ու այդպես շարունակ: Հիմա քանի որ արդեն ինքը վարչապետն է հրապարակային հանձնարարում զբաղվել այդ ֆեյքերով, ես պատրաստ եմ օժանդակել այդ հանրօգուտ գործին: 

Ուստի, պարոն Վանեցյան, տեղադրում եմ երկու տարբեր հրապարակումներ (հղումներն այստեղ և այստեղ), որտեղ մշակված են ֆեյք օգտահաշիվների ցուցակներ (մեկում` 625, մյուսում` 116 օգտահաշիվ), որոնց իսկությունը պարզելը բավականին մեծ օժանդակություն կլինի ՍՏԻ և ԿԵՂԾԻՔԻ դեմ պայքարում: Այսօրվա ընթացքում antifake.am կայքում կհրապարակենք նաև ավելի մանրամասն մշակած 142 կեղծ օգտահաշիվների ցուցակ: Հուսով եմ՝ մեր կատարած աշխատանքը կօգնի Ձեզ հնարավորինս կարճ ժամկետներում և արդյունավետ իրականացնել վարչապետի հանձնարարականը:

ՀԳ. Ի դեպ, պարոն Վանեցյան, ըստ օդում կախված լուրերի՝ վարչապետի ասած ֆեյքերի ֆաբրիկաները կառավարվում են Օրբելի փողոցում գտնվող հայտնի ՊՈԱԿ-ից, իսկ այդ ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը վերջերս անզգուշորեն բացահայտվեց «Մաեստրո» անունով կեղծ օգտահաշիվն օգտագործելիս: Հուսով եմ՝ այդ ՊՈԱԿ-ում ևս համապատասխան ստուգումներ կիրականացնեք, և վստահ եմ` կգտնեք վարչապետի մատնանշած կեղծ օգտահաշիվներն օգտագործողներին:

Հարգանքով` ՀՀ քաղաքացի Նարեկ Սամսոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել