168.am-ը գրում է.

Երկրի բնակչության թվաքանակը 2019 թվականին կազմել է 7,7 միլիարդ, իսկ մինչեւ 2050 թվականը կհասնի 9,7 միլիարդի: Այդ մասին հաղորդվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցում:

Բնակչության թվաքանակի աճն ուղեկցվում է նրա ծերացմամբ, ծնելիության մակարդակի նվազմամբ, ինչպես նաեւ սրընթաց ուրբանիզացիայով, նշվում է զեկույցում, որը ներկայացվել է Ազգաբնակչության եւ զարգացման հանձնաժողովի քննարկմանը, որի 51-րդ նստաշրջանը նախօրյակին մեկնարկել է ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում:

Այժմ աշխարհում ծնելիույթան միջին մակարդակը մեկ կնոջ հաշվով 2,5 երեխա է, իսկ 2030 թվականին այն կկազմի 2,4 ծնունդ: Ըստ կանխատեսումների, 2050 թվականին աշխարհի բնակչության ավելի քան 70 տոկոսը կապրի այնպիսի երկրներում, որտեղ ծնելիության ընդհանուր ցուցանիշը ցածր կլինի բնաչկության վերարտադրման համար անհրաժեշտ մակարդակից:

Ինչ վերաբերում է 65 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց, ապա բնակչության ընդհանուր թվաքանակում նրանց բաժինը կաճի: Այժմ նրանք 19 տոկոս են կազմում Եվրոպայում եւ 16 տոկոս՝ Հյուսիսային Ամերիկայում, իսկ 2050 թվականին այդ ցուցանիշները կավելանան մինչեւ 28 տոկոս եւ 23 տոկոս՝ համապատասխանաբար: Սպասվում է, որ այդ ժամանակաշրջանում Ասիայում, Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանում տարեց մարդկանց բաժինը ներկայիս 8 տոկոսից կավելանա մինչեւ 18 տոկոս: Աֆրիկայում, որտեղ այսօրվա դրությամբ ամենաերիտասարդ բնակչությունն է, 2050 թվականին տարեցների բաժինը կկազմի 9 տոկոս:

Ընդսմին, ինչպես նշվում է, արդեն այսօր աշխարհում տարեց մարդկանց գրեթե կեսը թոշակ չի ստանում: Ներկայում աշխարհի բնակչության մոտավորապես 56 տոկոսն ապրում է քաղաքներում, ասված է զեկույցում, որից տվյալներ են բերված ՄԱԿ-ի կայքում: Ապագայում, բնակչության գրեթե ողջ աճը տեղի կունենա քաղաքային բնակիչների թվի ավելանալու հաշվին, որոնց, կանխատեսումների համաձայն, 2030 թվականին բաժին կընկնի աշխարհի երկրների բնակչության 60 տոկոսը, իսկ 2050 թվականին՝ մոտավորապես 68 տոկոսը:

ՄԱԿ-ում նշում են, որ վերջին 25 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում զգալիորեն բարձրացել է բնակչության բարեկեցության մակարդակը: Զգալիորեն կրճատվել Է այն մարդկանց թիվը, որոնք ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում, 40 տոկոսով նվազել են մայրական մահացության մասշտաբները, էականորեն ավելացել է կյանքի տեւողությունը: 1994-ից մինչեւ 2019 թվականն ընկած ժամանակաշրջանում մինչեւ 5 տարեկան երեխաների մահացության մակարդակը կրճատվել է 54 տոկոսով:

Կյանքի սպասվող տեւողությունն ամբողջ աշխարհում 1994 թվականի 64,9 տարվանից 2019 թվականին ավելացել Է մինչեւ 72,3 տարի, իսկ 2030 թվականին կավելանա եւս մոտավորապես երկու տարով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել