Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր տրված հարցին ժամանակին հանգամանալից պատասխանել եմ նաև ես՝ ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիայի Ապրիլյան պատերազմին նվիրված April War 2016 կայք-հանրագիտարանի «հաճախ տրվող հարցեր» բաժնում․
- Արդյոք կա՞ր պայմանավորվածություն մեր կողմից տարածքների զիջման, և միայն շարքային զինվորների անձնազոհությունը խափանեց դա։
– Ո՛չ, ճիշտ չէ։ Չկա որևէ բանավոր, բայց, ինչն առավել կարևոր է, գրավոր և հավաստի ապացույց՝ վկայություններ, հուշագրություններ, վավերագրական կադրեր, վկայակոչելի փաստաթղթեր, որոնք կհաստատեն այս պնդումը։ Ավելին՝ հետապրիլյան և հետհուլիսյան շրջանում հայաստանյան ներքաղաքական անցքերի տրամաբանությունը հուշում է, որ երկրի ներսում զանազան սուբյեկտների ու խմբավորումների կողմից այս տեսակ թեզերի ստեղծումն ու շրջանառումը հետապնդում էին բացառապես ներքաղաքական շահ և պայմանավորված էին ոչ թե ապրիլյան պատերազմի բացթողումների վերհանման ու շտկման ցանկությամբ, այլ 2017 թ․ ԱԺ ընտրություններից առաջ տարատեսակ դիվիդենդներ գոյացնելու ակնկալիքով։
Ինչ վերաբերում է «դավաճան ղեկավարություն և անձնազոհ զինվոր» քարոզչական թեզին, ապա ամենևին չնվազեցնելով ՀՀ ԶՈՒ յուրաքանչյուր զինծառայողի անձնական մասնակցությունն ու նվիրումը Հայաստանի պաշտպանության գործում պետք է հիշել, որ բանակի՝ որպես կազմակերպչականության բարդ մակարդակով օժտված հիերարխիկ կառույցի գործունեության սկզբունքները հուշում են, որ առանց արդյունավետ հրամանատարական հրահանգավորման սերժանտական և շարքային անձնակազմի օգտակարությունը մարտադաշտում կտրուկ նվազում է, ասել է, թե՝ առանց հրամանատարության զինվորը չի կարող բեկել ծավալուն մարտական գործողության ընթացքը։
* * *
Սերժ Սարգսյանի պատասխանը․ «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ» (հղումն՝ այստեղ)։